Հոսանքազրկված է ողջ գյուղը Բաց նամակ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին Հրազդանի Լեռնանիստ գյուղը արդեն մի քանի օր է, ինչ ամբողջապես հոսանքազրկված է։ Լեռնանիստը Հրազդանի ամենամեծ գյուղերից է, գտնվում է ծովի մակերեւույթից 2000 մետրից ավելի բարձրության վրա եւ, ըստ կատեգորիայի, բարձրլեռնային գյուղ է։ Այն անտառազուրկ եւ ջրասակավ մի վայր է, որի բնակչության հիմնական մասը զբաղված է անասնապահությամբ եւ հացահատիկային կուլտուրաների մշակմամբ։ Գյուղը կազմված է մանր գյուղացիական տնտեսություններից եւ ունի ընդամենը մեկ ոչ այնքան խոշոր ֆերմերային տնտեսություն։ Ոչ գյուղատնտեսական սեզոնը ավելի երկար է՝ մոտ 7 ամիս եւ, փաստորեն, այդ ժամանակահատվածում գյուղում առկա է համատարած գործազրկություն։ Գյուղացին վարում է բնատնտեսություն եւ իր արտադրանքի ոչ այնքան մեծ ավելցուկով հոգում է ամենօրյա ապրուստի կարիքները։ Գյուղում չկա ոչ մի մասնագիտացված արտադրություն։ Չկա գյուղատնտեսական հումքի վերամշակման ոչ մի ձեռնարկություն։ Գյուղի հոսանքի միջին ամսական պարտքը կազմում է 1 մլն 200 հազար դրամ։ Ամսական միջինը հավաքվում է 4-5 հարյուր հազար դրամ հոսանքի վճար կամ ընդհանուր պարտքի 20-25%-ը։ Չնայած հոսանքի դիմաց կայուն վճարողների հաստատուն թվին՝ գյուղն ամբողջապես օրերով հոսանքազրկվում է, այդ թվում միջնակարգ դպրոցն ու մանկապարտեզը։ Խնդրում ենք տալ պարզաբանում Հրազդանի էլցանցի նմանատիպ գործողության իրավական-օրինական հիմքերի վերաբերյալ։ Միեւնույն ժամանակ, պարոն նախարար, գիտակցելով, որ Ձեր իրավասության շրջանակներից դուրս է, ցանկանում ենք, այնուամենայնիվ, համապատասխան պետական այրերի ուշադրությունը հրավիրել էլեկտրաէներգիայի միասնական սակագին սահմանելու հարցում բարձրլեռնային եւ սահմանամերձ գյուղերի առանձնահատկությունների եւ այստեղ ապրող անհամեմատ ավելի լայն շերտ կազմող սոցիալապես անապահով մարդկանց վրա։ Մեր կարծիքով, չպետք է որոշումներ կայացնել միայն հետեւանքների վրա ծանրանալով. թույլ վճարումները սոսկ հետեւանք են, իսկ եթե Լեռնանիստում անհամեմատ ցածր են հոսանքի դիմաց կատարվող վճարումները, ապա այդտեղ նմանատիպ հետեւանքներ ծնող հիմնախնդիրներն ավելի խորն են եւ համակարգային։ Լեռնանիստ գյուղի մի խումբ բնակիչներ «Առավոտն» ամենեւին էլ հակված չէ այն մտքին, թե փող չունենալու դեպքում կարելի է եւ չվճարել գնած ապրանքի կամ ստացած ծառայության դիմաց։ Բայց կարծում ենք, որ կարգապահ վճարողն էլ չպիտի տուժի՝ նույնիսկ բաշխիչ ցանցերը «Միդլենդ Ռիսորսիզին» վաճառելու պարագայում։ Ակնկալելով կարգապահ վճարողներին էլեկտրաէներգիայի մատակարարման շուտափույթ վերականգնումը, միեւնույն ժամանակ հարկ ենք համարում գումար ստեղծելու՝ գյուղացիների ունեցած խնդրի մասին տեղյակ պահել երկրի ղեկավարությանը, որ մի քանի աշխատատեղ էլ Լեռնանիստում ստեղծեն։