Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ

Նոյեմբեր 28,2002 00:00

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով չի լուծվի»,- ասել են ադրբեջանցի լրագրողները Թբիլիսիում կայացած սեմինարի ժամանակ: Վերջերս Եվրոպական ժուռնալիստիկայի կենտրոնը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպել էր «Աշխատանք թշնամական միջավայրում» թեմայով եռօրյա սեմինար, որը նվիրված էր հակամարտության գոտիներում ժուռնալիստական աշխատանքի կազմակերպմանը: Սեմինարը վարել են երկու բրիտանացի լրագրող՝ Վիլմա Գուդեյփլը՝ «Թայմս»-ից եւ Մայքլ Գրիֆինը (ազատ լրագրող): Սեմինարին մասնակցել են լրագրողներ Հայաստանից (Հետաքննող լրագրողների ընկերակցություն), Ադրբեջանից եւ Վրաստանից: Թեեւ ղարաբաղյան հակամարտության հարցը սեմինարի քննարկման առարկան չէր, բայց հայ եւ ադրբեջանցի լրագրողների շփումների ժամանակ քննարկում է ծավալվել այս խնդրի շուրջ: «Զերկալո» թերթի լրագրող Նամիկ Իբրահիմովը պնդել է, թե Ադրբեջանում ակնհայտ ռազմական տրամադրություններ կան: «Ադրբեջանցիները պատրաստ չեն գնալ ցանկացած փոխզիջման: Նրանք գտնում են, որ հակամարտությունը ավելի շուտ հնարավոր է լուծել ռազմական ճանապարհով: Եթե անգամ վերադարձվեն գրավված հողերը, Ադրբեջանը պատրաստ չէ Ղարաբաղին տալ անկախ պետության կարգավիճակ»,- ասել է նա: Սեմինարի ընթացքում հիմնականում քննարկվել է ռազմական գոտիներում աշխատող լրագրողների կյանքի եւ տեխնիկայի ապահովագրության հարցը: ԱՊՀ երկրներում չկա նման ապահովագրության ավանդույթ, ուստի բրիտանացի լրագրողները կովկասցի գործընկերներին առաջարկել են ռազմական գոտի մեկնելուց առաջ ապահովագրել իրենց կյանքն ու տեխնիկան՝ «Ժուռնալիստներ առանց սահմանների» կազմակերպության միջոցով, որը լրագրողների համար ընդհանուր կարգ է մշակել: «Մեր լրատվամիջոցների ֆինանսական հնարավորությունների պայմաններում դա անհնար է»,- նշել են հայ, ադրբեջանցի եւ վրացի լրագրողները: Սեմինարին մասնակցած հայ լրագրողներին զարմացրել է այն փաստը, որ վերջերս Ադրբեջանում ստեղծվել է պետական գաղտնիքի պահպանության կոմիտե։ «Այդ կոմիտեի գործառույթները հիշեցնում են խորհրդային շրջանի գլավլիտը: Ադրբեջանի լրագրողներն, օրինակ, որեւէ տեղեկություն հրապարակելուց առաջ այն պետք է ուղարկեն վերոնշյալ կոմիտե, որը մեկ շաբաթվա ընթացքում եզրակացություն է տալիս: Եթե հրապարակվելիք տեղեկությունը կոմիտեի կարծիքով պետական գաղտնիք է պարունակում, ապա լրատվամիջոցը չպետք է այն հրապարակի»: ՆՈՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել