Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐ ՈՉ ՄԻ ԲՈՒՌՆԱՇ ՉԿՐԱԿԻ

Նոյեմբեր 28,2002 00:00

ՈՐ ՈՉ ՄԻ ԲՈՒՌՆԱՇ ՉԿՐԱԿԻ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելով՝ պարզ դարձավ, որ առաջիկա նախագահական ընտրարշավում քաղաքական, գաղափարական պայքար չի լինելու: Ընդդիմադիր թեկնածուներից ոչ մեկը չի համարձակվի որեւէ թարմ կոնցեպցիա առաջարկել Ղարաբաղի հարցում (որը եղել եւ մնում է մեր քաղաքականության հարցերի հարցը) եւ կսահմանափակվի ազգային-ազատագրական կարգախոսներով: Սոցիալ-տնտեսական բնագավառում որեւէ ընդդիմադիր թեկնածու չի կարողանա մատչելիորեն բացատրել, թե ինչն է հատկապես վատ այսօրվա վիճակում եւ կշարժվի լոկ սոցիալ-պոպուլիստական կարգախոսներով: Եվ այսպես շարունակ: Թեկնածուների մեջ կան համակրելի մարդիկ, կան պայծառ անձնավորություններ, բայց չկան քաղաքական գործիչներ, որոնք կարող են իրական այլընտրանք առաջարկել ներկա (իմ կարծիքով, սխալ) քաղաքական կուրսին: Հետեւաբար, ինչպես արդեն նշել էինք, Ռոբերտ Քոչարյանը լավ հնարավորություն ունի հաղթելու արդար ընտրություններում, սակայն՝ միայն երկրորդ փուլում: Թե որքան է դա կարեւոր երկրի ներքաղաքական կայունության համար եւ Հայաստանի արտաքին իմիջի տեսակետից, երկար բացատրությունների կարիք չի զգում: Կգնա՞ իշխանությունը նման ընտրությունների, չի՞ գայթակղվի հեշտ եւ արագ հաղթանակի հնարավորությամբ, կախված է նախ եւ առաջ գործող նախագահի քաղաքական կամքից: Այսօր, երբ պարզ է, որ Քոչարյանը լուրջ քաղաքական մրցակիցներ չունի եւ պահպանելու է իր պաշտոնը եւս 5 տարի, նրան «աջակցողների» թիվն աճելու է երկրաչափական առաջատվությամբ: Այդ «աջակցողները», բարձր եւ միջին նոմենկլատուրային շարքերից, իրենց կոտորելու են՝ ցույց տալու համար, որ հենց իրենք են կռել Քոչարյանի հաղթանակը, որպեսզի հետո բարելավեն իրենց պաշտոններն ու նյութական վիճակը: Այդ «կոտորվելու» ընթացքում նրանք անպայման կփորձեն գնալ անօրինական քայլերի: Կկարողանա՞ն նրանց զսպել Քոչարյանն ու նրա նախընտրական շտաբը: Տեսականորեն դա հնարավոր է: Այդ հնարավորությունն իրականացնելու դեպքում շահելու են բոլորը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել