Լրահոս
Օրվա լրահոսը

Չհայհոյելու առաջարկ՝ հայհոյելով

Նոյեմբեր 28,2002 00:00

Չհայհոյելու առաջարկ՝ հայհոյելով Նախագահացուի պակաս էս երկիրը չունի։ Ոնց ոտքդ գցում ես, մի նախագահացու է հառնում։ «Ազգային համաձայնություն» կուսակցությունը, դատելով կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի (ԱԻՄ-ից պոկված մի կտոր) վերջին օրերի կրքոտ նախագահամետ ելույթներից, թվում էր, իր 2-րդ արտահերթ համագումարում պարտադիր պետք է սատարեր Ռոբերտ Քոչարյանին։ Բայց, արի ու տես, կուսակցությունը շատ ավելի ինքնասիրահարված է, քան թվում է առաջին հայացքից։ Ումի՞ց են պակաս, ընտրությունների կգնան սեփական թեկնածուով, որն է նույն ինքը՝ Արամ Հարությունյանը. «Կուսակցությունը պետք է սեփական թեկնածուով հանդես գա, միջնորդի դեր խաղալով բեւեռների միջեւ, որովհետեւ այս բախումից ոչ ոք չի կարող շահել»։ «ԱՀ»-ն պատրաստվում է մտնել ինչ-որ պայքարի մեջ. «մտնելու ենք, որպեսզի համաձայնության երանգը չպակասի, որովհետեւ եթե քաղաքացիական պատերազմի պիտի տանեն որոշ ուժեր, ապա մենք պետականության, տվյալ դեպքում՝ նախագահի, կողքին ենք լինելու»։ Թերեւս, նախորդ օրը ԱԱ-ում տեղի ունեցած հավաքից հետո պարզ էր, որ «նախագահի կողքին» այլեւս ասեղ գցելու տեղ չկա, հետեւաբար, «ԱՀ»-ին ոչինչ չէր մնում, «ինքնաառաջադրումից» բացի։ Ընդհանրապես «ԱH» կուսակցության համագումարը նման էր մեկ դերասանի թատրոնի՝ Արամ Հարությունյանը խոսեց, հետո քաղխորհրդի անդամ Վազերի Սարգսյանը նրա թեկնածությունն առաջարկեց, մի կին, որը պրն Հարությունյանին, իր ասելով՝ վաղուց է ճանաչում, գովաբանեց նախագահության թեկնածուին, դահլիճը, այսինքն՝ պրն Հարությունյանի ուսանողները, որոնք կուսակցության իմիտացիա էին ստեղծել, ծափահարեց եւ «միաձայն» «ընտրեց» իր թեկնածուին։ Բայց որոշ բաներ, այնուամենայնիվ, արժե ասել։ Նախ՝ Արամ Հարությունյանը չէր էլ կասկածում, որ համագումարին ներկա լրագրողներից ոմանք «կնախշեն» համագումարը (ինքն ասաց այդ մասին), հետո՝ տպավորությունն այն էր, որ համագումարը հրավիրվել էր ավելի շատ ոչ թե հանուն սեփական թեկնածու առաջադրելու, այլ՝ ուրիշների թեկնածուների, մասնավորապես՝ ՀԺԿ-ի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի հասցեին մի քանի խոսքեր շարունակ կրկնելու նպատակով. «Մի օրում քաղաքական գործիչ չեն դառնում, ում տղան էլ ուզում ես եղիր, ում եղբայրն էլ (այս պահին էլ հռետորը երեւի Արամ Սարգսյանին նկատի ուներ.- Մ. Ե.) ուզում ես եղիր, քաղաքականությունն անընդհատ պրոցես է, դա մի մասնագիտություն է, որը ոչնչով ավելի քիչ դեր չունի, ինչպես բժշկինը»։ Շարունակությունը բավականին անորոշ էր, վերջը՝ սա. «չի կարելի մեր չորս կամ հինգ տարվա երկիրը (որպես հիշեցում՝ մե՛ր երկիրը 10 տարեկանից էլ մեծ է.- Մ. Ե.) վստահել այն մարդկանց, որոնք մասնագետ չեն»։ Հետո էլ ինչ-որ խառնիխուռն բաներ ասվեցին՝ մոտավորապես այսպիսի՝ «մենք այսօր էլ մեր ձայնը կտայինք Պարույր Հայրիկյանին (…), այսօր էլ կտայինք Վազգեն Մանուկյանին, իհարկե, մինչեւ, ավելի ճիշտ, 20 րոպե առաջ (պառլամենտ մտնելուց առաջ), ա՛յդ Վազգեն Մանուկյանին։ Մենք 98 թվականին ձայն ենք տվել Ռ. Քոչարյանին եւ Դեմիրճյանին, մենք այսօր էլ ձայն կտանք, եթե դրված լինի Ռ. Քոչարյան եւ Կարեն Դեմիրճյան։ Տղան թե հայրը՝ կարեւոր չէ։ Այդ իմաստով՝ կուսակցությունն ունի պատմություն եւ կուսակցությունն այդ ճանապարհն անցել է»։ Չկարծեք խոսքը միտումնավոր «խմբագրված» է, ամենեւին՝ մեջբերումն արված է «ամենակուսական» վիճակում։ Ամենավտանգավորն այս ամենից այն էր, որ հնչում էր նաեւ «հոկտեմբերի 27» բառակապակցությունը, սակայն ահա թե ինչպես. «նրանք, ովքեր ուզում են շահարկել «Հոկտեմբերի 27»-ը եւ իշխանության գալ, նրանք, ըստ էության, շարունակում են… (ոճրագործի.- Մ. Ե.) գործը»։ Հռետորը դասը վատ սերտած աշակերտի պես էլի մի երկու կցկտուր բաներ ասաց, որոնք պարզապես, ստիպված ենք լուսաբանել։ Ուրիշ անուններ եւս հնչեցին, մասնավորապես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին ապաշխարելու առաջարկ արվեց, Աշոտ Մանուչարյանին առաջարկվեց հեռանալ երկրից, իսկ Ռոբերտ Քոչարյանը հիշատակվեց որպես «մարդ, որը Ղարաբաղը կայունացնողներից, ազատագրական պայքարի մասնակիցներից եւ կրողներից մեկն է»։ Բանավոր ելույթի մեխերից էր նաեւ հետեւյալը՝ եթե Վանո Սիրադեղյանի համար կա անմեղության կանխավարկած, ապա «Քոչարյանի համար, «Հոկտեմբերի 27»-ի համար հաստատ կա անմեղության կանխավարկած»։ Մեզ այլ բան չի մնում, քան կրկնել Վազգեն Սարգսյանի հայտնի միտքը՝ «Դո՛ւ ասացիր»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել