Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆՏՐԵԼԸ՝ ԿԸՆՏՐԵՆՔ, ԲԱՅՑ ՉԹՈՂՆԵՔ ԿԵՂԾԵՆ»

Նոյեմբեր 28,2002 00:00

«ԸՆՏՐԵԼԸ՝ ԿԸՆՏՐԵՆՔ, ԲԱՅՑ ՉԹՈՂՆԵՔ ԿԵՂԾԵՆ» Ստեփան Դեմիրճյանին ասացին աշոցքցիք Ի դեպ, Հայաստանն ունի նաեւ Աշոցքի եւ Ամասիայի շրջաններ, որոնք, ի գիտություն Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանի, գտնվում են Շիրակի մարզում, սակայն բնակիչներն արդեն տարիներ շարունակ ձգտում են հասկանալ՝ ի վերջո, ո՞ր պետության կազմում են իրենք։ Եթե Հայաստանի Հանրապետության, ուրեմն ինչո՞ւ ո՛չ երկրի գերագույն ղեկավարությունը՝ հանձին Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ տեղական ղեկավարությունը՝ հանձին մարզպետի, ոչ մի անգամ չեն այցելել իրենց, քեֆ ու հալ չեն հարցրել, ոչ մի աշխատատեղ չեն բացել եւ աղետից տուժած ոչ մի շենք չեն վերաշինել։ Աշոցքի եւ Ամասիայի բնակիչները հնարավորություն ունեն դիտելու միայն Հանրային հեռուստաընկերության հաղորդումները եւ այդ դիտումներից եկել են այն համոզման, որ նախագահ Քոչարյանի համար աղետի գոտին միայն Գյումրին է, որտեղ հասնում է, ժապավեն կտրում ու վերադառնում։ Աշոցքն ու Ամասիան այն շրջաններից են, որտեղ 1998 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Կարեն Դեմիրճյանը 100 տոկոս ձայն է հավաքել։ Այստեղ սիրում են Կարեն Դեմիրճյանին։ ՀԺԿ նախագահ դառնալուց հետո Ստեփան Դեմիրճյանը երկրորդ անգամն էր այցելում հյուսիսային շրջաններ։ ՀԺԿ տարածքային կազմակերպությունն այստեղ բավականին ակտիվ է, եւ բնակիչները հերթական աշխատանքային այցը նախընտրականի հետ շփոթելով, խոստացան, թե իրենք կրկին Դեմիրճյանին են ընտրելու, բայց զգուշացրին. «ընտրելը՝ մենք կընտրենք, բայց դուք էլ հետեւեք, որ «կալոդներով» բյուլետեններ չլցնեն ուրիշի օգտին, ինչպես եղավ նախորդ ընտրությունների ժամանակ»։ Մեր բյուլետեններին տեր կանգնեք»։ Ստեփան Դեմիրճյանն իր հերթին ասաց, որ նաեւ ժողովուրդը պետք է տեր կանգնի ընտրություններին, եթե ուզում է ունենալ ժողովրդի մասին մտածող, ժողովրդի հոգսը կիսող, այլ ոչ թե ինքն իր մասին մտածող եւ սեփական հարցերը լուծող իշխանություն. «միամտություն կլինի մտածել, թե այս իշխանությունը կապահովի արդար, ազատ ընտրություններ, որովհետեւ որեւէ մեկը չէր խանգարում այս նույն իշխանություններին 98 թվին նորմալ ընտրություններ կազմակերպել։ Դա չարվեց, եւ որեւէ հիմք չկա կարծել, թե հիմա կարվի։ Սակայն անկախ ամեն ինչից, մենք վստահ ենք, որ հաղթելու ենք, որովհետեւ մենք ճիշտ ենք»։ Հանդիպմանը մասնակից աշոցքցիներն իրենց հերթին վստահեցրին, թե Ժողովրդական կուսակցության նախագահի երկրպագուն են։ Աշոցքի սանէպիդկայանի տնօրինուհի Նինա Վարդանյանն էլ այնքան ոգեւորվեց, որ ասաց. «նախագահի տեղը քոնն է, քեզ էլ ընտրելու ենք, բայց մի խնդրանք ունեմ՝ նախագահ որ դառնաս, Անդրանիկ Մարգարյանին կթողնես վարչապետ, որովհետեւ նա բարձրաձայն հայտարարեց, որ մեր երկրում դատավորներն ու դատախազները, պաշտոնյաներն ամենակաշառակերն են, դրա համար էլ հարկավոր է նրանց աշխատավարձը բարձրացնել, որ կաշառք չվերցնեն»։ Մինչ դահլիճը ծափահարում էր, կողքիս կանգնած մի աշոցքցի պարզաբանեց՝ «էդ կնոջ ամուսինը դատախազ է եղել»։ Ուրեմն՝ ինֆորմացիան առաջին աղբյուրից էր։ Ստեփան Դեմիրճյանն էլ իր հերթին կատակեց՝ դե որ այդպես է, եկեք Քոչարյանին էլ թողնենք. «Չէ, էդ մեկը չանես, նախագահի աթոռը քո համար է, դու ես մեր նախագահը»,- բողոքեց ելույթ ունեցող ակտիվիստուհին։ Եվ ամենատարօրինակը՝ տիկինը ներկայացավ որպես «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ։ Աշոցքցիներին չափազանց վիրավորել էր Անդրանիկ Մարգարյանի կառավարության ներկայացրած բյուջեն եւ դրանում՝ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման առաջարկները։ Դպրոցի ուսուցիչներից մեկը պարզապես վրդովված ասաց. «Մենք, մանկավարժներս, եկել ենք այն եզրակացության, որ մենք էլ պետք է կաշառք վերցնենք, որպեսզի մեր աշխատավարձը բարձրացնեն»։ Ժողովուրդն իր սոցիալական հոգսերից էր պատմում եւ վրդովվում իշխանությունների անուշադրությունից եւ անօրինականություններից, մոռանալով, որ իրեն հյուր եկած ՀԺԿ նախագահն առայժմ իշխանություն չէ։ Ստեփան Դեմիրճյանին այլ բան չէր մնում, քան հիշեցնել այդ մասին եւ ասել, որ եթե ժողովուրդը նորմալ իշխանություն է ուզում, պետք է տեր կանգնի իր ընտրելու իրավունքին եւ թույլ չտա, որ իշխանությունները դիմեն անօրինականությունների։ Ամասիայում նույնպես սոցիալական հոգսերից խոսելուն զուգահեռ մարդկանց առաջին հերթին նաեւ քաղաքական հոգսերն էին հուզում։ Ամասիացիներից մեկն իր հարցն այսպես ձեւակերպեց. «ես ո՛չ քաղաքական հարց եմ տալու, ո՛չ էլ՝ սոցիալական։ Միայն մի բան եմ ուզում իմանալ՝ դու էս պետական դրվածքից չես վախենո՞ւմ, որ դնում ես թեկնածությունդ»։ ՀԺԿ նախագահն իր հերթին հավաստեց, որ ՀԺԿ-ի եւ իր համար իշխանության գալը ինքնանպատակ չէ, իրենք ունեն ծրագիր եւ մտադիր են ու կարող են բարեփոխել երկրի զարգացման ընթացքը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել