Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵԾԱՆԻՎ ՔՇԵԼՈՎ ՏՈՒՆ ՉԵՍ ՊԱՀԻ

Նոյեմբեր 27,2002 00:00

ՀԵԾԱՆԻՎ ՔՇԵԼՈՎ ՏՈՒՆ ՉԵՍ ՊԱՀԻ Ձեր 22.11.2002թ. թերթում տպագրված «Գավառամտության հաղթարշավ կամ ես՝ քեզ, դու՝ ինձ» վերնագրով հոդվածի առնչությամբ ցանկանում ենք հայտնել հետեւյալը. Հեծանիվ պետք է քշել ոչ թե Օպերայի գազոններում կամ սրճարաններում, այլ ասֆալտապատ հրապարակում՝ երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ: Օպերայի հրապարակում հեծանիվ չեն քշել նաեւ Ալ. Թամանյանը, Ն. Բունիաթյանը, Մ. Գրիգորյանը, Գ. Աղաբաբյանը, Ս. Սաֆարյանը, Ռ. Իսրայելյանը եւ շատ ուրիշ նշանավոր ճարտարապետներ, ինչը նրանց չի խանգարել կերտել այն քաղաքը, որով այդքան հպարտանում է հոդվածագիրը: Հիշեցնում եմ, որ թե Սայաթ-Նովայի փողոցը, թե թամանյանական Երեւանը կառուցվել են այգիների հատումով, ինչն այսօր նման մտածելակերպի առկայությամբ ուղղակի անհնարին կլիներ: Ցանկացած քաղաքաշինական գործունեության իրականացման մեջ ներգրավված են բազմաթիվ մասնագիտական օղակներ, որոնց մի մասը ինքնուրույն որոշումներ է ընդունում: Այդ ամենի մեջ գլխավոր ճարտարապետի դերը չիմանալը անտեղյակություն է: Գլխավոր ճարտարապետը մասնագիտությամբ ճարտարապետ է, գիտությունների թեկնածու, դոցենտ: Իսկ ով է մասնագիտությամբ հոդվածագիրը: Այն տրամաբանությունը, որն ընկած է նրա դատողությունների հիմքում /ես՝ քեզ, դու՝ ինձ/, ուղղակիորեն հուշում է նրա որոշակի հմտությունը վաճառականության ոլորտում: Ժամանակին «Առավոտի» առաջին էջում տպվեց կացնահար ծառերի մի լուսանկար, որի մակագրությունից պարզվում էր, որ նկարում իբր Նարեկ Սարգսյանի կողմից հատված Անգլիական այգին է պատկերված: Այսօր այդ հատվածով անցնող եւ արդեն իրականություն դարձած նորակառույց Իտալական փողոցի եւ Մյասնիկյանի հրապարակի մասին ոչ մեկը չի գրում: Երեւանի քաղաքապետարան Գլխավոր ճարտարապետի ծառայություն Հարկ ենք համարում հարգարժան գլխավոր ճարտարապետին հիշեցնել, որ ժամանակին «Առավոտը» Անգլիական այգու կացնահարված ծառերի լուսանկարը տպագրելով՝ դրական էր արտահայտվել այսօր արդեն այդ հատվածով անցնող Իտալական փողոցի եւ Մյասնիկյանի հրապարակի վերաբերյալ, ինչը դրսեւորվել էր նաեւ համապատասխան հոդվածում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել