Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍՆ ԷԼ ԽՈՐՏԱԿՎԵՑ

Նոյեմբեր 27,2002 00:00

ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍՆ ԷԼ ԽՈՐՏԱԿՎԵՑ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում երեկ ավարտվեց ծանրամարտի աշխարհի տղամարդկանց 72-րդ եւ կանանց 15-րդ առաջնությունը։ Այդ ընթացքում մենք օպերատիվ լուսաբանել ենք միայն տղամարդկանց մրցաշարը, քանի որ «թույլ սեռի» ներկայացուցիչների պայքարում Հայաստանը որեւէ մասնակից չէր հայտավորել։ Ցավոք, Հայաստանի պատվիրակությունը մրցավայրից տուն է վերադառնում ոչ միայն ձեռնունայն, այլեւ՝ գլխիկոր։ Առաջնության վերջին օրը հարաբերությունները պարզեցին գերծանր քաշայինները, նրանք, ում անձնական քաշը բարձր էր 105 կիլոգրամից։ Նախորդ երկու քաշային կարգերում մեր հանրապետության երկու ներկայացուցիչների տապալումից հետո բոլորիս հույսը Եվրոպայի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանն էր, որի հետ, ճշմարիտն ասած, բոլորս էլ մեծ հույսեր էինք կապում։ Հաշվի առնելով, որ դոպինգային սկանդալների հետ կապված, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան վերադաս կազմակերպության կողմից մեկ տարով որակազրկվել ու հեռացվել էր միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող միջոցառումներին մասնակցելուց, մինչ մրցավայր մեկնելը հավաքականի մարզիչներն ու մասնագետները մեծ խոստումներ չէին տալիս։ Նրանք բավարարվում էին միայն մրցանակային եռյակում Աշոտի՝ անպայման տեղ զբաղեցնելու մասին հավաստիացումներով։ Սակայն Վարշավայի մրցահարթակում ծավալված իրադարձությունները լրիվ հակառակը ցույց տվեցին։ Պոկում վարժությունում պայքարն սկսելով 195,0 կգ-ից, հայ ծանրորդը միայն երրորդ մոտեցումով հաղթահարեց այդ քաշը։ Դա այս մրցաձեւում ընդամենը հինգերորդ ցուցանիշն էր, որը գուժում էր, թե առաջատար եռյակում տեղ գրավելու բոլորիս հույսերը խիստ կասկածի տակ են ընկնում։ Իրավիճակը շտկելու համար Ա. Դանիելյանից պահանջվում էր անհամեմատ բարձր արդյունք ցույց տալ հրում վարժությունում՝ զգալի առավելությամբ հաղթելով ահեղ մրցակիցներին։ Իսկ դրա համար նախ եւ առաջ հարկավոր էր հաղթել ինքն իրեն։ Եվ այդ էր պատճառը, որ Աշոտը մրցապայքարի մեջ ներգրավվեց, երբ ծանրաձողի կշիռը արդեն 237,5 կգ էր։ Ծանրաձողը շատ ավելի անհնազանդ գտնվեց, քան սպասվում էր։ Անհաջող փորձից հետո պատվիրվեց հինգ կգ ավելի՝ 242,5 կգ։ Սակայն հաջորդ երկու մոտեցումներն էլ զուր ջանքեր եղան։ Այս մրցաձեւում վաստակելով զրո արդյունք, Աշոտը ոչ միայն տապալեց որեւէ մեդալ նվաճելու բոլոր հույսերը, այլեւ, ըստ էության, դուրս մնաց պայքարից։ Իսկ աշխարհի ամենաուժեղ մարդու կոչումը նվաճեց Սիդնեյի օլիմպիական խաղերի չեմպիոն, իրանցի Հոսեյն Ռեզազադեն՝ երկամարտի 472,5 կգ (210,0+263,0) արդյունքով։ Ընդ որում, նա հրումում սահմանեց աշխարհի նոր ռեկորդ։ Արծաթե մեդալին տիրացավ բուլղարացի Դամյան Դամյանովը՝ 450 կգ (205,0+245,0), իսկ Ուկրաինայի ներկայացուցիչ Արտյոմ Յուդաշկինը բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճանին՝ 440 կգ (200,0+ 240,0)։ Ի դեպ, պայքարն այնքան լարված էր, որ չդիմացան հաղթողի մեկ այլ հավանական հավակնորդ Անդրեյ Չեմերկինի (Ռուսաստան) նյարդերը, ու նա էլ առաջին վարժությունից հետո գործնականում պայքարը ձեւական շարունակեց։ Դժբախտաբար, իրականացան մեր մտավախությունները, որ արտահայտել էինք «Առավոտի» երեկվա համարում։ Իրոք որ, սա հայկական ծանրամարտի, որը տասնամյակներ շարունակ մեր ու աշխարհի առջեւ մեզ պարզերես անող մարզաձեւն է եղել, լիակատար ու աննախադեպ տապալումն է։ Դժվար է աշխարհի առաջնության ավարտից անմիջապես հետո եզրակացություններ անել, տալ վերջնական գնահատականներ։ Բայց որ մեր ծանրամարտում ներկայումս լուրջ խնդիրներ կան, արդեն իսկ կասկածից վեր է։ Այսօր կամ վաղը հավաքականը կվերադառնա Երեւան։ Մասնագետները դեռ կհավաքվեն ու լրջորեն կքննարկեն տեղի ունեցածը։ Տա Աստված, որ բացահայտվեն այս խայտառակության պատճառները, սխալների արմատները։ Բայց մեզ համար մի բան արդեն իսկ պարզ է. մարզաձեւում լուրջ ու կտրուկ քայլեր է հարկավոր անել, ընդհուպ մինչեւ կադրային ու կառուցվածքային փոփոխություններ կատարելը։ Ուզում ենք հավատալ, որ հանրապետության մարզական ղեկավարներն այս պարագայում կլինեն վճռական ու սկզբունքային։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել