Լրահոս
Օրվա լրահոսը

Գոռի մեկ րոպեն

Նոյեմբեր 27,2002 00:00

Գոռի մեկ րոպեն Տարիներ առաջ 5-ամյա ճապոնուհի մի աղջնակ ամենակարճ բանաստեղծության համար նվաճեց աշխարհը։ Այդ տողը՝ «Ես ամեն օր փակում եմ աշխարհն իմ կոպերի տակ», ուղեկցում էր ինձ Գոռ Բաղդասարյանի հետ հանդիպելուց առաջ։ Գոռը «Մանանա» մանկապատանեկան-կրթամշակութային կենտրոնի սան է, սովորում է Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի 8-րդ դասարանում։ Նրա մեկ րոպեանոց «Երեխաները պետք է ապրեն առանց պատերազմի» կինոնկարը հաղթող ճանաչվեց Ամստերդամում կայացած կինոփառատոնի պատանեկան նոմինացիայում, որը կազմակերպել էին Ամստերդամի Սանդբերգ ինստիտուտը, Եվրոպական մշակույթի հիմնադրամը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։ Առանց այլեւայլության էլ սկսվում է Գոռի հետ իմ զրույցը. – Գոռ, ես տեսա ֆիլմդ։ Երեխաներ են, որոնք մանկական ատրճանակներով «կռիվ- կռիվ» են խաղում։ Եվ հետո այդ խաղալիքները՝ «զենքերը», այրում են, որովհետեւ, այնուամենայնիվ, նրանցից մեկը չի խաղում եւ չի հասկանում, թե ինչ է իր շուրջը կատարվում։ Ինչո՞ւ «կռիվ-կռիվը» ընտրեցիր։ – Ես փոքր էի, երբ պատերազմը կար։ Ինձ նման շատ երեխաներ ծնվել են պատերազմի տարիներին։ Եվ չէին ուզում, որ պատերազմ լինի։ – Ինչպե՞ս ընտրեցիր «դերասաններին»։ – Նրանք իմ ընկերների եղբայրներն ու քույրերն էին։ 10 հոգի։ Դժվար էր շատ, որովհետեւ երկուսը լաց եղան (մինչեւ 6 տարեկան երեխաներ են) եւ չուզեցին «խաղալ» ֆիլմում։ – Պատճառը ո՞րն էր։ – Նոր էին գնել ատրճանակներ եւ ափսոսում էին… գցել դրանք։ – Որպես «ռեժիսոր» շա՞տ էիր խիստ… – Աշխատում էի ինձ հանգիստ պահել։ Եղբորս՝ Հովնանի վրա էի ձայնս բարձրացնում, որովհետեւ նա ինձնից չէր նեղանա։ – Իսկ գո՞հ ես դերերից։ – Չեմ կարող ասել, թե ինչ էին զգում։ Կասկածանքով նայում էին տեսախցիկին, հետո, երբ տեսան, որ տեսախցիկը քթի տակ է, վախեցան «կեղծ» խաղից։ – Իսկ նկարահանման ժամանակ ինչ-որ արտակարգ դեպքեր չեղա՞ն։ – Արտակարգը ծնողների ռեակցիան էր։ Երբ երեխաները խաղից հոգնած՝ տեսախցիկից հեռու էին հայտնվում, հատկապես տատիկները վազում էին թոռնիկների ետեւից, բերում-կանգնեցնում էին տեսախցիկի դիմաց։ Կամ մաքրում էին… շորերը փոշուց։ – Երբ օսկարակիր ռեժիսոր Քարիմ Թրայդիան (ժյուրիի նախագահը) քեզ բեմահարթակ կանչեց՝ գլխապտույտ չունեցա՞ր… – Մինչեւ վերջին պահը չէի կարծում, որ հաղթողը ես եմ լինելու։ Ք. Թրայդիան մինչ ինձ մրցանակը կհանձներ, խոսեց Լիլիթ Հովհաննիսյանի (132 դպրոցի աշակերտուհի, «Մանանա» կենտրոնից) «Երեխան կրթության իրավունք ունի», Պավել Պատաշովի «Մեկ օր, մեկ ճակատագիր» եւ Եվա Արոնի «Խաղահրապարակ» ֆիլմերից։ Հանկարծ ասաց, որ լավ սցենարի, գեղարվեստական հետաքրքիր լուծումների (սիմվոլների եւ խոր բովանդակության) եւ երաժշտական ձեւավորման համար շահել է իմ ֆիլմը, հուզվեցի («դրա համար եմ գլուխս անընդհատ շարժում», արդարանում է Գոռը, ցույց տալով արարողությունը)։ Գոռը հրաշալի գրում է։ Նրա «Մանկյակը» պատմվածքը՝ տպագրված «Խաբարբզիկ» ամսագրում (ուր խմբագիր է արդեն 7 տարի), մի անմիջական ավարտ ունի. «Լավ է, մայրիկը ժամանակին եկավ, թե չէ հիմա այս տողերը գրող չէր լինի։ Ինչ մեծ երջանկություն, մենք գնում ենք մեր տուն, մեր տուն»։ Պատկերացնում եմ, թե ինչպես է Գոռը մեկ րոպեն գրկած վերադարձել տուն։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել