Կրկին ու կրկին օգնության ճիչ Երրորդ անգամն եմ գրիչ վերցնում։ Կրկին ու կրկին ինձ հուզում է Էդմոն Գեղամի Ավետյանի առողջական ծանր վիճակը։ Նրան, փաստ է, ցույց է տրվել օգնություն, ցավոք, այն նրան չի ազատել մարմնական տառապանքներից։ Առավել քան հինգ ամիս Այրվածքների կենտրոնի եւ Կարմիր խաչի հիվանդանոցներում բուժվելուց հետո դուրս են գրել։ Արդ նա պառկած է իր տանը է՛լ ավելի ծանր վիճակով՝ պառկելախոցով։ Էդմոն Ավետյանի մարմինը ծվատում է «պառկելախոց» կոչված հիվանդությունը եւ նա տառապում է ճիշտ այնպես, ինչպես լեգենդար Պրոմեթեւսը։ Պրոմեթեւսի մարմինը ծվատում էր արծիվը՝ ուղարկված մեծն Զեւսի կողմից, իսկ Է. Ավետյանի մարմինը՝ պառկելախոց կոչված հիվանդությունը՝ հասցված մեծն ճակատագիր կոչվածի կողմից։ Պրոմեթեւսը հանուն մարդկության բարօրության գամվել էր ժայռին, իսկ Էդմոն Ավետյանը՝ մահճակալին։ Երկուսն էլ դեպի մարդն ունեցած անսահման սիրո ու նվիրվածության պատճառով են արժանացել հիշյալ տառապանքներին։ Կ. Մարքսը Պրոմեթեւսին համարել է՝ «Պրոմեթեւսը փիլիսոփայական օրացույցի ամենաազնիվ սուրբն է եւ նահատակը»։ Նույնը, առանց մեղանչելու իրականության դեմ, կարելի է ասել եւ Էդմոն Ավետյանի մասին։ Մարդ, որն իր հոր՝ Գեղամ Թադեւոսի Ավետյանի ազգանվեր սուրբ օրինակով շարունակել է ազգային ազատագրական պայքարը, եղել արցախյան շարժման ամենաակնառու գործիչներից մեկը, եթե չասենք՝ առաջինը։ Էդմոն Ավետյանը (բնակարանը եւ ինքը հրդեհի ենթարկվելուց հետո) ստացել է օգնություն մեր հանրապետության ղեկավար այրերից («Առավոտի» հրապարակումից հետո նաեւ)։ (Բնակարանն են վերանորոգել եւ հոգացել հիվանդանոցային ծախսերը)։ Բայցեւայնպես, նա շարունակում է ահավոր տառապանքներ կրել եւ կարոտ է նյութական օգնության։ Հարգելի «Առավոտ», թույլ տվեք Ձեր թերթի միջոցով կրկին դիմել Հայաստանի եւ Սփյուռքի գործարար, ձեռներեց մարդկանց եւ խնդրել սատար կանգնել ազգանվեր գործիչ, փիլիսոփայության բնագավառի սիրված մանկավարժ Էդմոն Ավետյանին՝ փրկելու ծանր տառապանքներից։ Տառապանքներ, որի մեջ հայտնվել է նա։ Մեր ազգային ազատագրական պայքարի մեծ գործիչ Գարեգին Նժդեհի խոսքերով ասած՝ «Քաղաքական սրբեր են նրանք, որոնք իրենց ուսերին՝ ի խնդիր իրենց ժողովրդի լավագույն ապագայի, առնում են ծանր բեռ, քան մարդկայնորեն կրել կարելի է։ Նմաններին երիցս փառք»։ Ի դեպ, ս.թ. մարտի 19-ի «Առավոտում» լույս տեսած իմ «Երկու սիրտ, երկու ճակատագիր» հոդվածից հետո եղան արձագանքներ։ Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին։ Հուսով եմ, որ այս անգամ եւս խնդրանքս արձագանք կգտնի գործարար ու ազգանվեր մարդկանց սրտերում, որպեսզի օգնության ձեռք մեկնեն հիվանդության ճիրաններում տառապող մարդուն։ Հուսով եմ եւ շնորհակալ։ ԱՆՅԱ ՉՈԲԱՆՅԱՆ