Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԸ ԼՈՒՌ ԷԻՆ

Նոյեմբեր 27,2002 00:00

ԵՐԿՈՒ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԸ ԼՈՒՌ ԷԻՆ Երկու տուժողներից մեկը՝ «լավ վախեցած» N զորամասում շարքային Արտյոմ Սարգսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով դատաքննության ընթացքում տուժողներ Վահագն Առաքելյանը եւ Ռոբերտ Եսոյանը (որոնցից առաջինը ծառայում, իսկ երկրորդը ծառայել է այդ զորամասում) իրենց ցուցմունքներում տեղեկացրին ոչ միայն իրենց ծեծվելու, այլեւ այն մասին, որ Արտյոմ Սարգսյանի ծեծվելու դեպքերին էլ են տեղեկացված եղել՝ ծառայության ընթացքում։ Քանի որ Վ. Առաքելյանը ներկայումս էլ ծառայության մեջ է, ուստի մի փոքր վախվորած էր ցուցմունք տալիս, իսկ Ռոբերտ Եսոյանն ավելի անկաշկանդ էր։ Դատաքննության ընթացքում հրապարակվեցին նաեւ նրանց նախաքննական ցուցմունքները։ Վ. Առաքելյանի նախաքննական ցուցմունքները տարբեր ժամանակներում տարբեր էին եղել։ Դատարանում էլ նա մի երկչոտ փորձ արեց՝ ժխտելու իր նախաքննական այն ցուցմունքները, որոնք վերաբերում էին Արտյոմին ծեծելու դեպքերին։ Ցուցմունքներում փորձ էր արվում ներկայացնել, թե ինքը Արտյոմին ծեծելուն տեղյակ է ուրիշների պատմածով։ Այդ առթիվ իր նախաքննական ցուցմունքներից «գլուխն ազատելու» նպատակով էլ դատարանում հայտարարեց, թե ցուցմունքներ տալու ընթացքում իրեն բռնության են ենթարկել ռազմական ոստիկանությունում։ «Դուք ընդամենը տուժող էիք, ձեզ ծեծելու իմաստը ո՞րն էր»,- զարմացած հարցրեց նախագահող դատավոր Աղասի Մկոյանը։ Մեղադրող Արման Մազմանյանն էլ հարցի ձեւով նկատեց, թե այդ դեպքում ինչո՞ւ նրա ցուցմունքները համընկնում են բոլորի ցուցմունքների հետ։ (Վ. Առաքելյանի «ճարում որ ճար լիներ»՝ թերեւս կասեր «տուժող էլ չեմ», բայց քանի որ տուժող էր, ուստի մի կերպ խոստովանեց, որ գլխավոր ամբաստանյալը՝ Աղաբեկ Թադեւոսյանը իրեն խփել է)։ Տուժող Արտյոմ Սարգսյանի մայրը՝ Կարինե Աղաբալյանը, տեսնելով, որ Վ. Առաքելյանը խուսափում է Արտյոմի ծեծին առնչվող փաստերին անդրադառնալուց եւ հրաժարվում է իր նախաքննական ցուցմունքներից, միջնորդեց քրեական գործ հարուցել Վահագն Առաքելյանի նկատմամբ։ Զորամասի նախկին հրամանատար, ամբաստանյալ Անդրանիկ Սահակյանն էլ պահանջում էր քրեական գործ հարուցել տուժող Ռոբերտ Եսոյանի նկատմամբ, այն առթիվ, որ նա տեղյակ է եղել զորամասում կատարվող ծեծի դեպքերին ու ղեկավարությանը տեղյակ չի պահել։ «Չէ՞ որ Եսոյանը եղել է դասակի հրամանատարի տեղակալ՝ մինչեւ 2002թ. փետրվարի 5-ը»,- նկատեց Անդրանիկ Սահակյանը։ Տուժող Արտյոմ Սարգսյանի հայրը՝ փոխգնդապետ Ռաֆիկ Սարգսյան էլ մեղադրեց Անդրանիկ Սահակյանին. «Էդ ո՞նց ես նորմալ հսկողություն իրականացրել զորամասում, որ էդ ամբողջ ծեծուջարդը չես իմացել»։ Երկու տուժողների՝ Վ. Առաքելյանի եւ Ռ. Եսոյանի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներից, ինչպես նաեւ մեղադրական եզրակացությունից որոշակի կարծիք է կազմվում զորամասում տիրող բարքերի մասին։ Մեղադրական եզրակացության մեջ հաճախ է շեշտվում, որ առանձին արտոնյալներ «չնչին առիթներով վիճաբանել եւ հայհոյել են», «հարվածներ հասցրել», «մարմնական վնասվածքներ պատճառել» զինվորներին, հաճախակի ալկոհոլ են օգտագործել, հաճախակի լքել զորամասը։ Ամենաշատ մեղադրանքները ներկայացված են Աղաբեկ Թադեւոսյանին, որը մեղադրվում է ՀՀ քրօրի 252 գ, 268 ա, 17-250 գ հոդվածներով։ Աղաբեկ Թադեւոսյանը դատարանում հրաժարվեց ցուցմունք տալ, նմանապես ցուցմունք տալուց հրաժարվեց նաեւ նրա հետ միասին կալանքի տակ գտնվող Վարուժան Խաչատրյանը (շարքային), որը մեղադրվում է ծեծկռտուքներին մասնակից լինելու համար, թեպետ մի էպիզոդով էլ որպես տուժող է «անցնում»։ Տարբեր ցուցմունքներում նշվում է, որ նրան ծեծի են ենթարկել զորանոցի սպորտհրապարակում։ Ի դեպ, Ա. Թադեւոսյանը հրաժարվել է նաեւ դատապաշտպան ունենալուց, իսկ Վ. Խաչատրյանի անունից հանդես է գալիս նրա պաշտպանը։ Երկու ամբաստանյալների լռությունից կարելի էր տպավորություն ստանալ, որ նրանք իսկապես մեղավոր են եւ «խոսելու տեղ չունեն», ուստի ամոթից ձայները կտրել են, թեպետ Վ. Խաչատրյանը մի առիթով նշում է, թե «չի վստահում» արդարադատությանը, դրա համար էլ չի խոսում («Նրբացուցիչ դեպք հանցանաց»)։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել