«Գտնված» էլեկտորատ Մուտքը Խարբերդի ամառանոցային տնակների տարածք՝ սկսվում է գյուղը ամառանոցներին միացնող կիսաքանդ կամրջից, որի ողջ պերճանքն ու թշվառությունն առավել ընդգծում են շրջապատի խայտաբղետ ու հոտավետ աղբակույտերը։ Այդ տնակներում բնակվող մոտ 5 հազար բնակիչներին «վերեւները» հիշում են միայն ընտրությունից ընտրություն, այն էլ նրանց «մարդ հաշվելը» սահմանափակվում է միայն այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկելով։ «Նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, օրինակ,- պատմում են բնակիչները,- ովքեր գրանցված են եղել ինչ-որ տեղերում, «Օրինաց երկրից» մեքենաներով եկել-տարել են եւ մենք էլ Արթուր Բաղդասարյանի օգտին քվեարկեցինք, բայց ի՞նչ»։ Իսկ որեւէ տեղ գրանցում չունեցողները պատմում են. «Ինչ-որ ցուցակներ բերեցին, ասացին անուն-ազգանուններն ասեք, ստորագրեք, որ ընտրության եք մասնակցել»։ Թե այդ ցուցակներն ինչ ուղղությամբ են գնացել՝ ոչ ոք չգիտի։ Ի դեպ, այստեղ բնակվողների կեսից ավելին, ինչպես իրենք են ասում, «օդի մեջ են». մարդիկ որեւէ տեղ գրանցված կամ հաշվառված չեն։ Իսկ բնակվում են այդտեղ՝ տարբեր պատճառներով. ոմանք (մեծ մասը) քաղաքում բնակարանը վաճառել եւ տեղափոխվել են ամառանոցում բնակվելու, ոմանք իրենց գրպանին հարմար տուն (2000-2500 դոլարով 500 քմ հողամաս եւ տնակ) այդտեղ են գնել, ոմանք փախստական են եւ հեռու-մոտիկ ազգականներին պատկանող այդ տնակներում են ապաստան գտել եւ այլն։ Ինչեւէ, արդեն տարիներ շարունակ մարդիկ այդ վայրում են բնակվում՝ ամուսնանում, ծնվում, մահանում են գրանցված կամ հաշվառված չլինելով՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ «Օձերի եւ կարիճների բուն» այդ տարածքը 1967 թվականից է մարդաբնակ։ Այդ տարիներին, Լենինյան շրջանի գործարաններում աշխատողներին 500-ական քառակուսի մետր հողատարածություն բաժանվեց՝ որպես ամառանոցներ։ Ժամանակի ընթացքում եւ տարբեր սոցիալական երեւույթների արդյունքում, այսօր այդ տարածքը պարզապես քաղաքամերձ բնակավայր է։ Տարածքը, ի դեպ, այժմ Շենգավիթի համայնքին է պատկանում։ Եվ չնայած բնակիչների անընդհատ բողոքներին, ո՛չ համայնքապետարանը, ո՛չ քաղաքապետարանը մինչեւ օրս որեւէ կերպ չեն փորձել անգամ գոյություն ունեցող խնդիրները թեկուզ մասամբ լուծել։ Իսկ դրանք շատ են։ Դպրոց եւ բուժսպասարկման կայան չկա։ Երեխաները ամեն առավոտ ստիպված են 2-3 կմ քայլել, որպեսզի գնան Խարբերդի դպրոց։ Եվ համապատասխանաբար նույնքան ճանապարհ էլ վերադարձին են կտրում-անցնում։ Այդ բնակավայրը սպասարկող միակ երթուղային տաքսու վարորդները հրաժարվում են երեխաներին անվճար տեղափոխել, իսկ վճարելը ընտանիքներին թանկ է նստում։ Ինչպես ամենուր, խմելու եւ ոռոգման ջրի խնդիրն այստեղ էլ կա։ Քանզի խողովակները փտած են, խմելու եւ ոռոգման ջրերը խառնվում են։ Դա էլ իր հերթին համեմվում է Արտաշատի ջրանցքի աղբով, որից հետո մարդիկ ստիպված են օգտագործել այդ ջուրը։ Ու նորից այս սոցիալական խնդիրների ֆոնի վրա մարդիկ անհանգստանում են իրենց իրավական կացության համար։ «Երեխաները դպրոցն ավարտում, բանակի տարիքի են հասնում, բայց անձնագիր չեն կարողանում ստանալ, որովհետեւ ոչ մի տեղ գրանցված չեն»,- ասում է «Կաբելագործ-այգեգործ» սպառողական կոոպերատիվի նախագահ Գեւորգ Սմբատյանը։ Նրան կադաստրում ասում են. «Սեփականաշնորհեք, դրա հիման վրա գրանցենք»։ «Կադաստրը փող աշխատելու համար է»,- համոզված է պրն Սմբատյանը, քանզի 1991 թ.-ին ՀՀ ԳԽ համապատասխան որոշմամբ, այդ ամառանոցներն անհատույց սեփականաշնորհված են տերերին։ Իսկ թե, Աստված մի արասցե, մեկը մահանա, գեղովի կրակն են ընկնում։ Օրինակ, ժամանակին ժամացույցի եւ հացի գործարաններում աշխատած Գոհար Հովհաննիսյանի մայրը մահացել է եւ դիակը 3 օր պահելուց հետո ու հարեւանների համատեղ ըմբոստության արդյունքում՝ «Խարբերդում մի տեղ տվեցին»։ «Ես էլ հիվանդ եմ, պիտի հիվանդության թոշակի անցնեմ, ասում են՝ փող բեր՝ գործերդ անենք… ուտելու հաց չունեմ, որտեղի՞ց փող տամ»,- հուսահատ հարցնում է Գ. Հովհաննիսյանը։ Իսկ թե երբ եւ ինչպես պետք է այս մարդկանց ճակատագիրը որոշվի, միայն Աստծուն է հայտնի, համենայնդեպս, IFES-ի հայաստանյան գրասենյակը եւ «Չքավորներին պաշտպանություն եւ աջակցություն» հասարակական կազմակերպությունը լծվել են այդ գործին։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ