Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՌԱՋԱԴՐՎԵՐ

Նոյեմբեր 27,2002 00:00

ԵԹԵ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՌԱՋԱԴՐՎԵՐ Ճիշտն ասած, ես միշտ էլ վստահ էի, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրի իր թեկնածությունն այս նախագահական ընտրություններում: Հիմա դա վերջնականապես պարզ է: Բայց եթե հանկարծ ես սխալվեի, ապա… Ողջ նախընտրական արշավի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները 1990-1997 թվականները կներկայացնեին միայն որպես «մթի, ցրտի, սովի ՀՀՇ-ական թալանի, էներգատեռորի ու լափված մազութի» տարիներ: Անվճար օգնության կարգով գործող նախագահի PR-ն իրականացնողներին կարելի էր առաջարկել գովազդի (հակագովազդի) հետեւյալ սցենարը: Կադրում՝ վառարանի կողքին հավաքված երեխաներ, ցախ շալակած ծերունիներ, ավերված հաստոցներ: Կադրից դուրս՝ թավ, սպառնալից ձայնը հարցնում է՝ «Ուզում եք, այդ ամենը կրկնվի՞: Ուրեմն, ընտրեք Տեր-Պետրոսյանին»: Իհարկե, հիմա էլ, երբ հայտնի է, որ Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի, նույն բանը կարելի է «կպցնել», ասենք, Ստեփան Դեմիրճյանին կամ Արտաշես Գեղամյանին (իբր՝ մենք գիտենք, որ նրանց մեջքին կանգնած է նախկին նախագահը): Բայց 98-ի ընտրություններին այդ հնարքն արդեն կիրառվել է Կարեն Դեմիրճյանի պարագայում, իսկ գետը միշտ չէ, որ գերան է բերում: Իրենց հերթին Տեր-Պետրոսյանի կողմնակիցները չէին ցանկանա այդ նույն 1990-1998 թթ. ժամանակահատվածում որեւէ բացասական երանգ տեսնել եւ կխոսեին միայն պետականության կայացման, բանակի ստեղծման եւ արցախյան հաղթանակների մասին: Նրանք համառորեն չեն ընդունում իրենց որեւէ սխալն ու բացթողումը: Այդ թիմի ներկայացուցիչները, բնականաբար, չեն համաձայնում նաեւ այն ակնհայտ փաստի հետ, որ վերջին 5 տարում տնտեսական որոշ ցուցանիշներում առաջընթաց է արձանագրվել: Մի խոսքով, կողմերը մերժելու էին դիմացինի արժանիքները եւ համապատասխան ժամանակաշրջանների դրական դրսեւորումները: Իսկ ի՞նչ է լինելու հիմա: Արդար ընտրությունների դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանն, իմ կարծիքով, լավ շանսեր ունի դուրս գալու երկրորդ փուլ, ընդ որում՝ գուցե ավելի բարձր տոկոսներով, քան ընդդիմությունը ներկայացնող իր մրցակիցը՝ ով էլ վերջինս լինի: Բայց քանի որ արդար ընտրություններ չեն լինելու, պրն Քոչարյանի համար միանգամից «կնկարեն» 65-70 տոկոս, որպեսզի ամեն ինչ ավարտվի մեկ փուլով: Գավառական ծագում ունեցող մարդիկ սովորաբար ագահ են եւ անհամբեր: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել