Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզչական «տրյուկ»

Նոյեմբեր 27,2002 00:00

Քարոզչական «տրյուկ» Երեկ ԿԸՀ-ն արտահերթ նիստ էր հրավիրել: Օրակարգում քննարկման ենթակա որոշման մեկ նախագիծ կար՝ «Արամ Կարապետյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրող նախաձեռնող խումբը գրանցելու մասին», որի հեղինակը ԿԸՀ անդամ, ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանն էր: Նա առաջարկում էր՝ ղեկավարվելով ՀՀ «Ընտրական օրենսգրքի» հոդված 41-ի 17-րդ կետով եւ հոդված 72-ի 1-ին կետով, որոշում կայացնել՝ գրանցել Ա.Կարապետյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրող նախաձեռնող խումբը եւ այդ խմբի լիազոր երկու ներկայացուցիչներին տալ համապատասխան վկայական: Նախագծով առաջարկվում էր՝ հիմք ընդունելով որոշման առաջին կետը՝ մերժել Ա.Կարապետյանի երկրորդ նախաձեռնող խմբի գրանցումը: Ու թեեւ օրենսդրության տեսանկյունից այս նախագիծն ընդունելու համար որեւէ խոչընդոտ չկար, ավելին՝ այն բխում էր «Ընտրական օրենսգրքի» հոդված 72-ի 1-ին կետից՝ «ՀՀ նախագահի առաջադրած յուրաքանչյուր թեկնածու կարող է գրանցվել մեկ կուսակցության կամ մեկ նախաձեռնող խմբի առաջադրմամբ», այդուհանդերձ, նախագծի շուրջ թեժ բանավեճ ծավալվեց: ԱԺՄ ներկայացուցիչ Պ. Եդիգարյանը պնդում էր, թե ԿԸՀ-ն իրավունք չունի մերժել գրանցել նույն թեկնածուին առաջադրած նախաձեռնող խմբերին կամ կուսակցություններին՝ անկախ նրանից, թե դրանք քանիսն են: Բայց «Ընտրական օրենսգրքից» արված մեջբերումներն այս անգամ Պ. Եդիգարյանի օգտին չէին խոսում: Սա այն դեպքերից մեկն էր, երբ ԿԸՀ անդամների մեծամասնությունը, բացառությամբ՝ Պ. Եդիգարյանի, ճիշտ էր, երբ պնդում էր, թե խնդրո առարկա դարձած հարցն առաջադրված թեկնածուների միջեւ հավասարություն ապահովելու խնդիր է եւ, որ որեւէ թեկնածու կարող է գրանցվել միայն մեկ կազմակերպության կամ նախաձեռնող խմբի առաջադրմամբ: Տպավորությունն այն էր, որ իրականում Ա.Կարապետյանի թեկնածությունն առաջադրող նախընտրական շտաբը որոշել էր խորամանկել: Բանն այն է, որ ՀՀ «ԸՕ» հոդված 69-ի 5-րդ կետով նախատեսված կարգով՝ «Յուրաքանչյուր կուսակցության կամ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչներին տրվում է առաջադրումը պաշտպանելու 80 պաշտոնաթերթիկ», եւ Ա.Կարապետյանին առաջադրողները, թերեւս, հույսեր են փայփայել՝ մի քանի նախաձեռնող խմբեր գրանցելով՝ յուրաքանչյուրի համար ստանալ հիշյալ 80-ական պաշտոնաթերթիկներ. այնպես, հավանաբար՝ ապահովագրության համար: Երեկ ԿԸՀ նիստին ներկա գործընկերներիցս մի քանիսը կարծիք հայտնեցին, թե այդ թեկնածուի նախընտրական շտաբը լավ էլ տեղյակ է ԸՕ հոդված 72-ի 1-ին կետի պահանջին: Նրանք պարզապես մի քայլ են արել, որն, այսպես ասած, բոլոր դեպքերում «հաղթական» տարբերակ է երաշխավորելու. եթե ԿԸՀ-ն հանկարծ չմերժեր գրանցել երկրորդ նախաձեռնող խումբը, կստանար 80 պաշտոնաթերթիկի կրկնապատիկը ու լրացված ստորագրությունների թիվը կօգտագործեր նախընտրական քարոզարշավում՝ իբրեւ լավագույն գովազդներից մեկը, իսկ եթե մերժեր՝ նախընտրական շտաբը կաղաղակեր, թե՝ ԿԸՀ-ն մեր թեկնածուի դեմ է «աշխատում», ինչը եւս ընտրական տեխնոլոգիաների տարբերակներից մեկն է: ԿԸՀ-ն ընդունեց Հ.Աբրահամյանի ներկայացրած որոշումը, եւ արդարացավ «հեռատես» գործընկերներիս կանխագուշակումը: Երեկ եւեթ ՍԻՄ նախընտրական շտաբն ու Ա.Կարապետյանի առաջադրման նախաձեռնող խումբը հայտարարություն են տարածել, որով ապօրինի են համարել ԿԸՀ սույն որոշումը՝ արձանագրելով. «Դա ցույց է տալիս, որ ՀՀ գործող իշխանությունները եւ Ռ. Քոչարյանի ձեւավորած ԿԸՀ172ն իշխանության թեկնածուին նախագահ կարգելու նպատակով դիմում են ցանկացած ապօրինության, իրենց ցանկությամբ օրենքին տալիս են կամայական մեկնաբանություն։ ՍԻՄ նախընտրական շտաբն ու նախաձեռնող խումբը՝ ապօրինի այդ գործողությունները դատապարտելի եւ անընդունելի համարելով, մտադիր են դիմել դատարան»։ Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել