Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այս ամենն արդեն եղել է

Նոյեմբեր 27,2002 00:00

«Առավոտը», «Օրրանը», «Հայկական ժամանակը», «Ա1+»-ը եւ ընդդիմադիր այլ լրատվամիջոցներ հրավիրված չէին ԳԱԱ-ում քաղաքացիական նախաձեռնությամբ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման նիստին: Ստիպված էինք բանեցնել զանազան հնարամտություններ՝ ներս անցնելու համար:

Այս փաստը ստիպեց հիշել, թե ինչպես էր սկսում Երեւանում իր գործունեությունը Ռոբերտ Քոչարյանը: Որպես վարչապետ նրա առաջին այցը լուսաբանելու համար ներկայացվել էր իշխանությանն ամենաընդդիմադիր լրագրողների ցուցակը (որոնցից մեկն այժմ մահացել է, իսկ մյուս երկուսը, հավատարիմ մնալով լրագրողի կոչմանը, շարունակում են քննադատաբար վերաբերվել իշխանությանը): Քոչարյանն այդ ժամանակ պատրաստակամ էր աշխատել բոլորի հետ, պատասխանել ամենասուր եւ անհաճո հարցադրումներին: Սակայն ժամանակի ընթացքում նա էլ սկսեց նախընտրել լսել միայն բարյացակամ հարցեր:

Մի ուշագրավ հանգամանք էլ կա: Մինչ այժմ կայացած բոլոր համաժողովները բաց են եղել լրատվության բոլոր միջոցների համար: Սահմանափակումներ են եղել միայն այն կազմակերպությունների համաժողովներում, որոնք պաշտպանում են Քոչարյանին: Որեւէ լրատվամիջոցի չէր հրավիրել ՀՅԴ-ն (այստեղ միշտ չէ, որ այդպես է եղել՝ այն Գերագույն ժողովում, որի առաջին նիստն անցկացվեց Ժուռնալիստի տան դահլիճում, լրագրողներին թույլ տվեցին ներկա լինել ՀՅԴ ղեկավարի զեկույց-հաշվետվությանը), միայն յուրային լրատվամիջոցներին էին հրավիրել ՀՌԱԿ-ն ու «Հաղթանակը» (վերջինիս համագումարին մասնակցել էինք ինքնակամ), եւ ահա սահմանափակումներ եղան անգամ քաղաքացիական նախաձեռնության խմբի հավաքին:

Այս ամենի ֆոնի վրա, նաեւ հաշվի առնելով եթերազրկված «Ա1+»-ն ու «Նոյյան Տապանը», մնում էր քմծիծաղ տալ, երբ երեկ Քոչարյանը հայտարարում էր, թե միայն իր պաշտոնավարումից առաջ է Հայաստանն ունեցել ժողովրդավարության եւ խոսքի ազատության խնդիրներ:

Հավաքին ներկաների մասին: Առաջին եւ երկրորդ նախագահներին առաջադրողների տարբերությունը թերեւս միայն այն էր, որ ՀՀՇ-ին փոխարինել էր ՀՅԴ-ն: Իսկ մնացածի վերաբերյալ կարելի է ասել. կարծես օրինաչափություն է, որ գործող նախագահի կողմնակիցն են լինում կառավարության անդամները, ԱԺ ղեկավարները, բուհերի ռեկտորները, թաղապետերը, հիվանդանոցների գլխավոր բժիշկները, մտավորականության առանձին ներկայացուցիչներ եւ այն գործարարները, որոնք տվյալ պահին վայելում են իշխանության հովանավորությունը: Նման հավաքներին անպայման խիստ զգայական ելույթ է ունենում դպրոցի մի ուսուցչուհի եւ ուսանողուհի, գերադասելի է՝ պետհամալսարանից: Եվ ելույթն էլ, որպես կանոն, այդ ուսանողուհին չի գրած լինում՝ ուղղակի ընտրում են սիրունիկի, որն ունի լավ ձայն եւ կարող է հանդես գալ իբրեւ երիտասարդության խորհրդանիշ:

Երեկ քիչ լավ խոսքեր չասվեցին Ռոբերտ Քոչարյանի հասցեին: Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանին էլ պակաս չէին գովերգում: Նախկին նախագահի այցերից միայն մեկն եմ լուսաբանել՝ 1997-ին Իծաքար-Գանձաքար ճանապարհի բացումը: Եվ անգամ այդ շրջանում, երբ իշխանության ճգնաժամ էր, իսկ ժողովուրդն էլ, ըստ պնդումների, 1996-ի ընտրություններից հետո կորցրել էր վստահությունը նրա նկատմամբ, էլի հանդիպող տատիկներն օրհնում եւ համբուրում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին, հռետորները գովերգում էին նրա վարած հմուտ ներքին եւ «հատկապես արտաքին» քաղաքականությունը, հասնելով անգամ քծնանքի, ինչի մասին, ի դեպ, այդ ժամանակ նշեցինք հրապարակման մեջ:

Մնացին թվե՞րը, որոնք երեկ ներկայացվում էին իբրեւ տնտեսական առաջընթացի ապացույց: Իսկ վարչապետ Հրանտ Բագրատյանը պակա՞ս թվեր էր մատուցում: Բացի այդ էլ, պատերազմական գործողություններից 8 տարի անց, երբ այլեւս չի պայթեցվում գազամուղը, դեռ 1995-ից հաղթահարված է էներգետիկ ճգնաժամը, ձեւեր են գտնվել շրջանցելու շրջափակման դժվարությունները եւ հրադադարի շնորհիվ Հայաստանն այլեւս նվազ ռիսկային գոտի է դիտվում արտաքին ներդրումների համար՝ որեւէ առաջընթաց կլիներ անպայման:

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930