Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՎԵԼԻ ԼԱՎՆ ԵՄ, ՔԱՆ ԿԱՐԾՈՒՄ ԷԻ»

Նոյեմբեր 27,2002 00:00

«ԱՎԵԼԻ ԼԱՎՆ ԵՄ, ՔԱՆ ԿԱՐԾՈՒՄ ԷԻ» Գալիք ընտրությունների համար Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները կարծես նոր կարգախոս են որդեգրել, թե ով չի տեսնում երկրի նախագահի գործունեության հետեւանքով մեր առաջընթացը՝ կույր է: Այս պնդումն անընդհատ կրկնվում է Քոչարյանին պաշտպանողների հավաքներում: Այլեւս ակնհայտ է, որ պաշտպանության նախարարն է ղեկավարելու գործող նախագահի նախընտրական շտաբը, քանզի երեկ Սերժ Սարգսյանն էր վարում 287 հոգիանոց նախաձեռնող խմբի հավաքը: Այն մեղադրանքներից խուսափելու համար, թե այսպիսով բանակը խառնվում է քաղաքականությանը՝ Սերժ Սարգսյանը թերեւս իրոք արձակուրդ վերցնի, թեեւ ակնհայտ է, որ արձակուրդում գտնվելով՝ չի դադարի լինել պաշտպանության նախարար: Երեկ Կենտրոն համայնքի նոտարն անձամբ էր ներկայացել ԳԱԱ դահլիճ՝ Քոչարյանին քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրողների հավաքի արձանագրությունը վավերացնելու համար: Գործող նախագահի թեկնածության պաշտպանությամբ առաջինը հանդես եկավ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, որն 1998-ի ընտրություների ընթացքում էլ էր Քոչարյանի վստահված անձը. «Այս տարիներին ուշադիր հետեւել եմ նրա գործունեությանը: Ես միանգամից ուզում եմ ասել, որ, իմ տպավորությամբ, վիթխարի աճ ունի Քոչարյանն այս տարիների ընթացքում՝ որպես պետական գործիչ»: Մասնավորապես նշեց որոշ հատկություններ, որոնք կվիճարկեին բոլոր նրանք, ովքեր չեն մոռացել նախագահի որակումներն ընդդիմության հասցեին. «Ինձ հիացնում է Քոչարյանի նրբանկատությունը, զսպվածությունը, հավասարակշռվածությունը»: Ե՛վ նա, ե՛ւ այլ հռետորներ հատուկ ընդգծում էին, թե 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո Քոչարյանն իր «սթափության, խելամտության» (ըստ արտգործնախարար Վարդան Օսկանյանի), «իմաստության» (ըստ Սոս Սարգսյանի), «վճռականության եւ քաղաքական կամքի» (ըստ գործարար Հրանտ Վարդանյանի) շնորհիվ կարողացավ երկիրը պահել կայուն եւ հավասարակշիռ վիճակում: Ուշագրավն այն է, որ նման պնդումներ անող գործիչներից ոմանք այլ առիթներով նախորդ նախագահին մեղադրում եւ պատասխանատու են համարում իր օրոք տեղի ունեցած ամեն բացասականի համար: Այս մի նախագահի հանդեպ նրանց վերաբերմունքը տրամագծորեն հակառակն է՝ նրան վերագրվում է երկրում եղած միայն լավը, եւ ոչ մի խոսք այն պատասխանատվության մասին, որ երկրում հնարավոր էր «27»-ի պես ոճիր: «Ղարաբաղի խնդրում, չնայած չարագուշակ կանխատեսումներին, ոչ միայն ետընթաց չկա, այլեւ միջազգային հեղինակավոր կազմակերպություններում չի ընդունվել որեւէ անբարենպաստ որոշում»,- նկատեց ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը, լռությամբ շրջանցելով, որ առաջընթաց էլ չկա, եւ որպես նախագահ պաշտոնավարման իր երկրորդ հայտը Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է՝ չլուծելով այն հիմնահարցը, որը դարձել էր իր առաջին ժամկետի պաշտոնավարման առիթը: Իսկ Վարդան Օսկանյանը, լռության մատնելով ոչ շատ վաղուց Ադրբեջանից հնչող պատերազմի կոչերը, հայտարարեց, թե ամրագրվել ու անշրջելի է դարձել խաղաղությունը: Վարդան Օսկանյանը նաեւ համոզմունք հայտնեց. «Եթե մենք հնարավորություն տանք հանրապետության նախագահին, որ հաջորդ 5 տարին ինքը շարունակի այն գործը, որ սկսել է, հասցնի իր տրամաբանական ավարտին, արդեն մեր ժողովրդի լայն զանգվածներն էական տարբերություն են զգալու իրենց կենսամակարդակի եւ կենցաղի մեջ»: Նկատենք, որ անցած տարի ՄԱԱ-ում հանդիպման ժամանակ արտգործնախարարը վստահեցնում էր, թե այդպիսի՝ վճռական բեկման, տարի է լինելու 2003-ը: Կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը «Հաղթանակի» համագումարում Գյումրիի քաղաքապետի ելույթի հանգույն պնդեց. «Պիտի շատ հեռուն չգնալ՝ կողքերը նայել կամ էլ կույր չլինել ու տեսնել, թե իսկապես ոնց է կառուցվում Երեւանը, աղետի գոտին (…): Եկեք բաց՝ ոչ քոռ աչքերով, նայենք էս ամեն ինչին»: «Ի՜նչ ժառանգություն ստացավ Քոչարյանը»,- հաճախ ասում էին ելույթ ունեցողները: Այս թեման առավել զարգացրեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նշելով, թե ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ, նա հիշեցրեց «ոչ վաղ անցյալում տիրող մթնոլորտը», երբ «մերժվում էր ազգային գաղափարախոսությունը»: Թե ինչ է այդ գաղափարախոսությունը՝ անցած 5 տարում որեւէ մեկն այդպես էլ հստակ չձեւակերպեց ու չշարադրեց, թեեւ անընդհատ կրկնվում է, որ այն կա: «Պատերազմող երկրում ներքին թշնամու չդադարող փնտրտուք էր իրականացվում»,- անցած տարիների մասին նաեւ հիշեց պրն Ռուստամյանը: Այդ փնտրտուքն այժմ էլ չի դադարել. ուղղակի փոխվել են «ներքին թշնամու» հավակնորդները: Սակայն սահմանափակենք Քոչարյանի քարոզիչների այլ փաստարկների թվարկումը: Նշենք, որ այդ ամենը լսելով՝ նախագահի թեկնածուն ասաց. «Անկեղծ ասած, ելույթները լսելուց հետո ես մտածեցի, որ շատ ավելի լավն եմ, քան իմ մասին կարծիք ունեի»: Նա վստահեցրեց, թե իր բոլոր խոստումներին տեր է եղել: Նաեւ հայտնեց, թե անցած 5 տարում իր կատարած աշխատանքների վերաբերյալ հատուկ հաշվետվություն-գրքույկ է ներկայացնելու հանրությանը: Քոչարյանը նույնպես դժգոհեց իր ստացած ծանր ժառանգությունից՝ քայքայված տնտեսություն, ներքաղաքական լարվածություն, միջազգային մեկուսացման որոշ միտումներ. «Ես չեմ ուզում փնտրել մեղավորներին, քանի որ պատճառները ե՛ւ օբյեկտիվ էին, ե՛ւ սուբյեկտիվ: Կարող եմ այս ցանկը շարունակել, բայց երեւի կարիքը չկա: Միայն հիշեցնեմ, որ այս 5 տարվա ընթացքում այդ վիճակի մասին գրեթե երբեք չեմ խոսել (փոխարենն այդ մասին խոսել են նախագահին պաշտպանող գործիչներն ու քարոզչամիջոցները.- Ա. Ի.), թեկուզ քաղաքական ուժերը միշտ ինձ խորհուրդներ էին տալիս ու փորձում համոզել, որ պետք է տալ գնահատականներ, պետք է անընդհատ խոսել դրա մասին: Չէի խոսում 5 տարի, եւ պատճառները երկուսն են: Առաջինը՝ չեմ սիրում բողոքել, պատճառաբանություններ փնտրել, արդարանալ: Եվ երկրորդը՝ չէի կարծում, որ անընդհատ այդ թեմայի շուրջ խոսելը լրացուցիչ լավատեսություն կհաղորդի մեր հասարակությանը»: Իրեն տրված մի խորհրդի մասին էլ վկայեց պրն Քոչարյանը. «Ես դեմ եմ նախընտրական մանր-մունր առեւտուրներին, թեկուզ ինձ եւս խորհուրդ էին տալիս փորձել ընդդիմադիր դաշտից տարբեր քաղաքական գործիչների կամ կազմակերպությունների տարբեր խոստումներով ներքաշել: Իսկապես դեմ եմ, քանի որ երկիրը կարիք ունի նաեւ լուրջ, կազմակերպված ընդդիմության»: Ռոբերտ Քոչարյանը խոստացավ. «Ես վճռականորեն եմ տրամադրված ընտրությունները բաց, թափանցիկ, ազնիվ եւ արդար կազմակերպելու ուղղությամբ», սակայն անմիջապես էլ նշեց, թե նախադրյալներ կան՝ «տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մի թեթեւ փորձարկեցինք»: Հիշեցնենք, որ այդ «մի թեթեւ փորձարկումն» արժանացավ մեր երկրում ԵԱՀԿ-ի, ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների դեսպանների ամենախիստ գնահատականներին: Ուստի կարելի է կանխատեսել, որ նախագահական ընտրություններում սպասվում են երկրի համար ավելի ծանր փորձարկումներ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել