ԿԱՆԽԱԿԱԼ ՄԻՏՈՒՄ ՉԻ՞ ԵՂԵԼ Մինչ «Նոյյան Տապան» եւ «Ա1+» ընկերությունների սպառողներն արդեն քանի ամիս համերաշխորեն բախում են հայաստանյան դատական համակարգի դռներն ու փորձում վերականգնել հիշյալ ընկերությունների ու դրանց սպառողների ոտնահարված իրավունքները, ընկերություններն իրենք դանդաղ, բայց հաստատակամ քայլերով գնում են առճակատման: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ նոյեմբերի 8-ին ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը մերժեց ընդունել «Նոյյան Տապանի» դիմումը դեցիմետրային 5 հաճախությունների մրցույթին մասնակցելու համար: Դրան հետեւել էր այն, որ գործակալությունը դիմել էր դատարան՝ պահանջելով արգելել ՀՌԱՀ-ին մրցույթ անցկացնել, քանի դեռ վիճարկվում է իր դիմումը չընդունելու օրինականությունը: Դատարանը բավարարել էր այդ պահանջը: «Ա1+»-ն իր գործընկերոջ այդ պահանջը գնահատել էր իբրեւ իր դեմ կազմակերպված դավադրություն: Երեկ վերջինս իր սայթում հանդես է եկել պարզաբանումներով, ուր մասնավորապես ասված է, թե «Նոյյան Տապան» գործակալության վերջին գործողությունները սկզբում «անակնկալ էին ՀՌԱՀ-ի համար, որը սիրով ընդունեց խաղի կանոնները եւ հենց սկզբից ամեն ինչ արեց խաղն իր օգտին տանելու համար: Ամալյանն ընդհանրապես գլխի չէր ընկել, որ «Նոյյան Տապանի» դիմումը չընդունելով կհասնի նրան, որ վերջինիս տնօրեն Տիգրան Հարությունյանը դատարանի միջոցով կդադարեցնի հաճախականությունների մրցույթը: Հրաշալի տարբերակ «Ա1+»-ի քիթը տրորելու համար: Ամալյանը, հավանաբար, տեղյակ չէր, որ «Նոյյան Տապանը» 18-ժամյա եթեր ապահովելու համար չունի տեխնիկական ոչ մի հնարավորություն»: Ըստ «Ա1+»-ի, «Նոյյան Տապանը» նույնիսկ հաճախականություն ունենալու դեպքում՝ դրա «տակից դուրս չէր գա», ուստի «նրան ոչ թե ինքնուրույն տնօրինման հաճախականություն էր պետք, այլ գտնել մեկին, ում հետ «կիսովի» կպայքարի նույն հաճախականության համար» ու այդպիսի գործընկեր է տեսել ի դեմս «Ա1+»-ի: «Ա1+» ընկերության գնահատմամբ, դատարան դիմելով եւ մրցույթը հետաձգելով՝ «Նոյյան Տապանը» «Ա1+»-ին իրենից կախման մեջ է դրել. «Հիմա «Ա1+»-ին պետք է համոզեն «կիսովի» մտնել պայքարի մեջ: Իհարկե, «Ա1+»-ին հաճախականություն է պետք, եւ նա չի կարող դրան չհամաձայնել»: Վերջինիս կարծիքով, «Ամալյանն ու Տ.Հարությունյանը մի փլավ են եփել, որն ուզում են մարսել իր օգնությամբ»: «Ա1+»-ը երեկ նաեւ հայտարարել է, որ «այս խոհանոցային ինտրիգներն իրեն չեն վերաբերում, որ ոչ մի առնչություն չունի Ամալյան-«Նոյյան Տապան» սիրախաղի հետ: Մենք ոչ մեկի հետ կռվելու տրամադրություն կամ որեւէ մեկին սիրաշահելու ցանկություն չունենք», ու քանի որ «Ա1+»-ը ոչ մի տեղ չի շտապում՝ համբերությամբ կսպասի ՀՌԱՀ-ի եւ «Նոյյան Տապանի» սիրախաղի վերջաբանին»: Երեկ մենք դիմեցինք հիշյալ երկու ընկերությունների սպառողների շահերը դատական ատյաններում ներկայացնողներից մեկին՝ Արտակ Զեյնալյանին՝ փորձելով ճշտել նրա վերաբերմունքը վերջիններիս միջեւ ծագած տարաձայնությունների առնչությամբ: «Մեր՝ սպառողներիս առջեւ պարտավորություններ ունեն ե՛ւ «Նոյյան Տապանը», ե՛ւ «Ա1+»-ը, եւ այդ պարտավորությունների պարտադրումը դատական ճանապարհով բխում է մեր՝ սպառողներիս եւ այդ ընկերությունների երկուստեք շահերից: Այն ապացույցները, որոնք մենք ենք ներկայացրել դատարաններում, վկայում են, որ ՀՌԱՀ անցկացրած բոլոր մրցույթներն ապօրինի են, այդ թվում՝ այն մրցույթը, որին հայտ են ներկայացրել «Նոյյան Տապան» եւ «Ա1+» ընկերությունները: Բայց նրանք այլ ելք չունեին: Այն, ինչ կատարվել է «Նոյյան Տապանի» հանդեպ նոյեմբերի 8-ին, ավելի քան ապօրինի է: Գործակալությունը քաղաքացիական դատավարության իրավունքով միջնորդել էր դադարեցնել մրցույթը, ինչն օրինական պահանջ է: Կարծում եմ, «Նոյյան Տապանը» չպետք է զոհաբերվի, եւ մենք իրավունք չունենք այդ զոհաբերումն անել: Գուցե պետք է մտածեինք, որ երկու ընկերություններից գոնե մեկը մասնակցեր մրցույթին, բայց այդ զոհաբերման հարց լուծողը մենք չէ, որ պետք է լինենք: Իր իրավունքներից հրաժարվելը «Նոյյան Տապանի» իրավունքն է միայն, եւ մենք նրան մեղադրելու իրավունք չունենք: «Նոյյան Տապանի» գործողություններում իշխանությունների խաղը խաղալու միտում ինքս չեմ տեսնում: Ստեղծված իրավիճակը ՀՌԱՀ հանցավոր գործունեության արդյունք է: Իսկ դատարանը պարզապես օգտվել է ընձեռված առիթից ու արագացված դատաքննություն անելու փոխարեն, հետաձգել է դատը: Կազմակերպված, փոխադարձ համաձայնեցված գործողությունը հենց ՀՌԱՀ-ի եւ դատարանի միջեւ է եղել, ինչպես էր նախկինում»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ