Օրհնվի էն սհաթը Բարձրագույն ուսումնական հաստատություններից ոչ մեկը չի կարող պարծենալ հոգաբարձուների այնպիսի ներկայացուցչական կազմով, ինչպիսին կարող է իրեն թույլ տալ Ռուս-հայկական համալսարանը։ Հոգաբարձուների խորհրդի համանախագահներից մեկը (ռուսական կողմից) ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալ Գեորգի Բոոսն է, կազմում ընդգրկված են ՀՀ եւ ՌԴ կրթության եւ գիտության նախարարները, ՌԴ մշակույթի նախարարը (մերը՝ ոչ), ՀՀ եւ ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանները, ՌԴ նահանգապետեր, Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, Մոսկվայի կառավարության նախագահի առաջին տեղակալը՝ էլ չշարունակենք։ Եվ բոլոր թվարկված բարձրաստիճան պաշտոնյաները նոյեմբերի 23-ին ժամանել էին Երեւան՝ մասնակցելու հոգաբարձուների խորհրդի երկրորդ նիստին (առաջինը կայացել է Մոսկվայում)։ Քննարկման ընթացքում պարզվեց, որ հյուրերը դժգոհ չեն համալսարանի գործերի ընթացքից եւ եկող տարի ռուսական կառավարությունը կհատկացնի եւս 40 մլն ռուբլի՝ կրթօջախի շինարարությունն ավարտին հասցնելու համար։ Նրանց տեսանկյունից համալսարանը դիտվում է որպես ռուս-հայկական բարեկամության ու համագործակցության կենտրոն, եւ խնայողություններն այս գործում արդարացված չեն լինի, քանի որ «մենք պետք է լրացնենք նախորդ 10 տարիների բաց թողածը», ինչպես ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովը։ Իսկ անցած տասնամյակում ռուս-հայկական հարաբերություններում բաց թողնվածը լրացնելու համար անհրաժեշտ է, որ ռուս-հայկական համալսարանն ունենա էլեկտրոնային գրադարան, մեծ մարզասրահ, 500 տեղանոց ճաշարան եւ այլ հարմարություններ։ Նշենք, որ միջպետական համաձայնագրով ստեղծված կրթօջախում այսօր 1133 ուսանողից 744-ը սովորում է ՌԴ կողմից ապահովված պետպատվերի շրջանակներում։ Այս առումով (պետպատվերի չափի) նույնպես չի կարող պարծենալ մեր ոչ մի բուհ։ Ավելին, եկող տարի անվճար սովորողների թիվը կավելանա նաեւ մեր կառավարության իջեցրած անվճար տեղերի հաշվին։ Այսպիսով, հայ-սլավոնական համալսարանը կդառնա խորհրդային ժամանակների անվճար ուսուցման թանգարանային նմուշ՝ չնչին բացառությամբ՝ մի քանի վճարովի տեղ, այնուամենայնիվ, կպահպանվի։ «50/50» սկզբունքով ստեղծված ռուս-հայկական համալսարանում առայժմ ծախսերի մեծ մասը բաժին է ընկնում ռուսական կողմին, որին մեկնաբանություն տալ չենք կարող, ենթադրություն անելն էլ ճիշտ չէ։ Նիստի աշխատանքային ծրագրում քննարկվեցին համաձայնագրի որոշ կետեր, որոնք, դատելով ընթացքից, վաղօրոք համաձայնեցված էին երկուստեք։ Ըստ այդմ, ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի անունից համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի առաջարկությամբ դուրս եկավ «սլավոնական» բառը։ Կրթական ծրագրերում եկող տարվանից որոշվեց ներմուծել հայերեն լեզվի ուսուցման դասաժամեր բոլոր նրանց համար, ովքեր ուսումնառության ավարտից հետո մտադիր են աշխատել Հայաստանում։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ