Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻԱԿ ՀՈՒՅՍՆ ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ Է

Նոյեմբեր 26,2002 00:00

ՄԻԱԿ ՀՈՒՅՍՆ ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ Է Լեհաստանի մայրաքաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի տղամարդկանց 72 -րդ առաջնությունը։ Մրցումների հերթական օրը մինչեւ 77 կգ քաշայինների մրցավեճում մրցահարթակ էր մտնելու մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ Վիգեն Խաչատրյանը։ Ճիշտ է, այստեղ՝ Հայաստանում, մասնագետները Վիգենից մեդալների ակնկալիք չունեին, սակայն սպասվում էր, որ նա ի վիճակի է լինելու պայքարել առաջին վեցյակ մտնելու համար։ Առաջին մրցաձեւում հայաստանցի ծանրորդը նախ պոկեց 155 կիլոգրամը, ապա երկրորդ մոտեցումով հաղթահարեց նաեւ 160 կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցումից հետո ցուցանիշը հասցրեց 162,5 կգ-ի։ Դա 18 մասնակիցների մեջ չորրորդ արդյունքն էր։ Թվում էր, թե ամեն բան ընթանում է ըստ ծրագրի ու Վիգեն Խաչատրյանը կարդարացնի իր երկրպագուների սպասելիքները։ Սակայն հրում մրցաձեւում նա լիովին տապալվեց։ Պայքարն սկսելով 190 կգ-ից՝ մեր մարզիկն այդպես էլ ի վիճակի չեղավ բարձրացնել իր եւ հավաքականի մարզիչների պատվիրած քաշը։ Նրա երեք մոտեցումներն էլ անհաջող ստացվեցին։ Արդյունքը եղավ այն, որ մեր ծանրորդը դուրս մնաց որեւէ տեղի համար մրցակցությունից։ Մինչդեռ, եթե նա գոնե մեկ հաջող մոտեցում ունենար, երկամարտում 352,5 կգ-ով կզբաղեցներ հենց վեցերորդ տեղը։ Իսկ այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց բուլղարացի Գեորգի Մարկովը՝ 370.0 (170+200) արդյունքով։ Արծաթե մեդալը բաժին հասավ Օլեգ Պերեպետչենովին (Ռուսաստան)՝ 367,5 (165.0+202,5), «բրոնզը»՝ իրանցի Հոսեյն Բարխահին՝ 365.0 (165.0+200.0)։ Հաջորդ օրը մինչեւ 85 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնում էր Տիգրան Քամալյանը, որը, համաձայն կազմկոմիտեի ինտերնետային էջի, երկամարտում լավագույն արդյունք ունեցել է 365 կգ ցուցանիշը։ Այս խմբում հաղթողին ու մրցանակակիրներին որոշում էին 35 ծանրորդներ, որոնք ըստ նախնական արդյունքների, բաժանվել էին երեք խմբի։ Տիգրանը, որ մրցակիցների մեջ 13-րդն էր, հանդես էր գալիս միջինների՝ «B» խմբում։ Առաջ անցնելով ասենք, որ Վիգենի վատ օրինակը վարակիչ եղավ Տիգրանի համար, որը հենց առաջին մրցաձեւում՝ պոկումում, ձախողվեց։ Նրա բոլոր երեք մոտեցումներն էլ 150 կգ-ին անհաջող ստացվեցին։ Այդուհանդերձ, Տ. Քամալյանը փորձ արեց ինչ-որ ձեւով հեղինակությունը փրկել հրում վարժությունում։ Սկսելով 195 կգ-ից, այնուհետեւ նա պատվիրեց 205,5 կգ, բայց երկու անգամ էլ ծանրաձողը չենթարկվեց նրա կամքին։ Այսպիսով, Տիգրան Քամալյանը Վարշավայում իրեն տրված վեց մոտեցումներից միայն մեկ անգամ արդյունավետ փորձ արեց։ Այսօր աշխարհի առաջնության եզրափակիչ մեկնարկի օրն է, ու մրցահարթակը տրամադրվելու է գերծանր քաշայիններին։ Մեր վերջին հույսը փորձառու Աշոտ Դանիելյանն է, որը բոլոր ցուցանիշներով ի վիճակի է պայքարելու մրցանակային տեղերի համար։ Տա Աստված, որ գոնե նա փրկի հայկական ծանրամարտի պատիվը։ Իսկ մինչ այդ, մեր երեք ծանրորդների փառահեղ տապալումը (թերեւս, բացառություն է Արթուր Դանիելյանը, որն ի վերջո 56 կգ քաշային կարգում գրավեց 7-րդ տեղը) լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Համոզված եմ, որ հավաքականի՝ տուն վերադառնալուց հետո մեր ծանրորդների մրցելույթները կքննարկվեն։ Բայց այսօր իսկ ակնհայտ է, որ այս մարզաձեւում ինչ-որ բան այն չէ։ Ենթադրում եմ, որ որպես արդարացում կգտնվեն պատճառներ, թեկուզ այն, որ շուրջ մեկ տարի հայ ծանրորդները չեն մասնակցել միջազգային որեւէ մրցաշարի, որ նախկինի դառը դասերից հետո տղաները բացառել են խթանիչների օգտագործումը։ Գուցե կասեն նաեւ, որ մրցակիցները, այնուամենայնիվ, դոպինգ օգտագործել էին ու… չբռնվեցին։ Բայց այս դեպքում խոսքը մեդալներ նվաճելու մասին չէ։ Խնդիրը աշխարհի առաջնության չափանիշներով միջին կիլոգրամներ բարձրացնել չկարողանալն է, այն ծանրությունների, որ պատվիրել են իրենք՝ ծանրորդները։ Նախնական հետեւությունը հետեւյալն է. մեր հավաքականը պատրաստ չէր աշխարհի առաջնությանը ու այսքան անհաջող մասնակցություն, հավանաբար, երբեք չէինք ունեցել։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել