Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ընդամենն անկեղծ եմ

Նոյեմբեր 26,2002 00:00

Ես ընդամենն անկեղծ եմ «Ես ավելի շատ կոմպոզիցիա եմ սիրում։ Հորինվածքներում է երեւում՝ մարդը ստեղծագործո՞ղ է, թե՞ ոչ»,- համոզված է գեղանկարիչ Գեղամ Ալեքսանյանը։ Նա միշտ մեկական գործերով է ցուցադրվել ու անհատական ցուցահանդես երբեք չի ունեցել։ «Ցուցասրահը եկեղեցու պես բան է, ուր պետք է մտնեն հավատավորները։ Ես գտնում եմ, որ չնայած տարիք ունեմ, բայց դեռ պատրաստ չեմ ցուցադրվելու։ Անհատական ցուցահանդեսը նկարչի դեմքն է եւ պիտի լինի ողջը՝ վաղ շրջանից մինչեւ վերջ։ Եթե ես այդպես ցուցադրվեմ, գուցե դա լինի իմ առաջին եւ վերջին ցուցահանդեսը։ Այսպիսի մի տենդենց է գնում. արվեստը ուզում են զոռով կյանք մտցնել, հանել փողոց, ես դա չեմ ընդունում, օրվա մոդան լուրջ չէ»,- կարծում է նա։ Այսօր գեղանկարիչների բանակը, թվում է, ավելի քան երբեւէ կարիք ունի արվեստաբանների դասակի, նրանց, ովքեր տաղանդավոր նկարիչներին մենակ չէին թողնի թարսուշիտակ հազար ալիքների այդ ծովում։ Թե չէ՝ դիմանկարի փորձ՝ ինչպես սա, եւ ընդամենը տեսած-զգացած-խոսացածի արտահայտում՝ բոլոր իզմերից հեռու։ Մի քանի նկար կախված է կողք-կողքի. «Հայացք», «Վերջին լույսը»՝ մի քիչ ուրախ, մի քիչ տխուր, մի քիչ էլ Ֆելինի։ «Խաչ»՝ մերկ կին, անհնար պլաստիկայի իր դիրքում լուրջ, տարված, կատվային՝ կծիկի թելը ձեռքում։ «Ընթացք», «Զրույց», «Ադամի գաղտնիքը»։ Թեեւ Գեղամ Ալեքսանյանի գործերը տարբեր նկարիչների նկարներ են հիշեցնում, բայց նրանցում առանցքային մեծ նմանություն կա, շարժում։ Եվ գեղանկարչի մեր աշխարհին ու ստեղծագործական մտածողությանը ծանոթ մեկը կարող է նկարը դիտել ու վերնագիրն էլ մոտավոր ասել։ – Դու՝ քո նկարչության մասին, Գեղամ։ Ի՞նչ ես նվաճել։ – Նվաճելը դժվար բառ է։ Անհնար է մինչեւ վերջ նվաճել։ Մի քար ես դնում եւ ընդամենը պիտի ազնիվ լինես ու այդ քարը դնելու պահանջն ունենաս։ Հիմա շարելով գնում ենք, բայց քարեր կան, որ եթե չդրվեն, ավելի լավ կլինի։ Ես դրանից զայրանում եմ։ Ամեն տեղ խաբեությունը ներվում է, բացի արվեստից։ Ամենահավատարիմը, ի վերջո, նկարչությանն եմ։ – Գեղամ, սիրելի նկարիչներ ունեցե՞լ ես, որ եկել են ու գնացել։ – Եկել են ու չեն գնացել երեւի։ Մինասը, որ մինչեւ այսօր հանելուկ է եւ, ինձ թվում է, բոլորի համար այդպիսին պիտի լինի։ Չբացված այնքան բան ունի իր մեջ. շատ է մեծ, ավելին, քան կարծել եմ։ Եվ Մատիսը։ – Վաճառվող նկարներին ինչպե՞ս եք հրաժեշտ տալիս։ Ի վերջո, ամեն նկարից, որպես արժեք, մի հատ կարող ես անել։ Ճիշտը նկարների գնա՞լն է, թե՞ մնալը։ – Ճիշտը գնալն է, բայց կորչելը չի։ 300-ից ավելի իմ նկարներն ուղղակի կորել են։ – Երկիր եւ արվեստագետ կապը, Գեղամ։ – Արվեստագետը երկրի դեմքը պետք է լինի, երկրի թագավորն ու ծառան։ Էդ տեսակ մարդուն եթե թագավորի պես չեն պահում, գոնե չխանգարեն։ Լիներ մի երկիր, ուր չեն խանգարի արվեստագետին։ ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել