Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառայություն՝ ծառայության դիմաց

Նոյեմբեր 26,2002 00:00

Ծառայություն՝ ծառայության դիմաց Կարո՞ղ է, արդյոք, x կազմակերպությունն անաչառ գնահատել y կազմակերպության աշխատանքն այն դեպքում, երբ x կազմակերպության գոյատեւման միակ աղբյուրը y-ի տված վճարն է։ Տարրական տրամաբանությունը հուշում է, որ՝ ոչ։ Բայց փորձենք առաջնորդվել անմեղության կանխավարկածով եւ հետեւենք կառավարության մի որոշման կատարման ընթացքին։ Հանրային սննդի եւ հագուստի քիմմաքրման ու ներկման ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման մասին կառավարության թիվ 239 որոշումն ընդունվել է 2000 թվականի մայիսի 12-ին։ Գործընթացն իրականացնելու համար ձեւավորվեցին 5 կազմակերպություններ՝ ՍՊԸ եւ ՓԲԸ կարգավիճակներով։ Բոլորն էլ, բնականաբար, աշխատում են ինքնաֆինանսավորմամբ։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը սահմանել է սերտիֆիկացման ծառայության համար գանձվող վճարաչափ, որն սկսվում է 52 հազար դրամից եւ բարձրանում՝ կախված սերտիֆիկացվող կազմակերպության աշխատանքների ծավալից։ Վերոհիշյալ ընկերություններից յուրաքանչյուրն ինքն է փնտրում-գտնում հերթական «զոհին» եւ քաղաքավարի առաջարկում իր ծառայությունը։ Եթե մերժվեց, ապա կրկին քաղաքավարի զգուշացնում է Հայպետստանդարտի վերահսկողության բաժնին, որն էլ ձեռնարկում է համապատասխան միջոցներ, ընդհուպ մինչեւ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով։ Համատեղ գործունեությունն արդյունք տվել է՝ միայն «Հասմիկ-Ն.Ա.Ս.» ՍՊԸ-ն ընդամենը մեկ տարում սերտիֆիկատ է տվել հանրային սննդի 52 օբյեկտի։ «Մենք ստուգում ենք անհրաժեշտ նորմատիվային փաստաթղթերի առկայությունը, զննում տարածքը, լաբորատոր ստուգման ենթարկում սննդանմուշներ»,- հավաստիացրեց «Հասմիկ-Ն.Ա.Ս.»-ի նախագահ Սամվել Նահապետյանը։ Մեկ տարվա ընթացքում ընդամենը 2 դեպք է արձանագրվել, երբ մասնագիտական խումբը չի տվել որակավորման վկայական։ Այն էլ՝ «որոշ անհամապատասխանություններ կային, հարթեցին ու ստացան սերտիֆիկատներ»,- պարզաբանեց Ս. Նահապետյանը։ Նա բացառեց դեպք, որ խնդիր ունենան սննդի օբյեկտի տիրոջ հետ, որքան էլ նա «թիկունքով ու հեղինակավոր» լինի։ «Մենք աշխատում ենք մատուցել ամենաբարձր մակարդակի ծառայություն, որ շատ հայտատուներ ունենանք»,- ասաց ընկերության նախագահը, անշուշտ, նկատի ունենալով մյուս կազմակերպությունների հետ մրցակցությունը։ Կարելի է միայն պատկերացնել, թե «բարձր մակարդակ»-ով ծառայություն ապահովելով սպասվելիք գումարին առաջինը տիրանալու համար ինչքան «բարձրամակարդակ» աչք փակելու քաղաքականություն պիտի վարեն մրցակից 5 կազմակերպություններն էլ։ Չէ՞ որ պատվիրատուի համար տարբերություն չկա, թե նրանցից ո՛վ կտա որակավորման փաստաթուղթը։ «Մենք չենք կարող այդպես վարվել, որովհետեւ մեզ ստուգում են բոլոր վերահսկիչ մարմինները, այդ թվում եւ՝ Հայպետստանդարտի արտոնագրման բաժինը»,- փորձեց հերքել Ս. Նահապետյանը՝ ներկայացնելով սերտիֆիկատ ստացած մի կազմակերպության փաստաթղթային փաթեթը, ինչն այս պարագայում ոչինչ չի տալիս։ Այնուամենայնիվ, ընդունենք, թե բնակչությանը մատուցվող ծառայություններից երկուսում որակի ստուգում կա, լավ, թե՝ վատ։ Մնացած ոլորտներում (զբոսաշրջային, հյուրանոցային, ավտոսպասարկման, վարսավիրանոցային եւ այլն) ծառայությունների որակի մասին ոչ մի տեղեկություն չկա. սրանք պետք է սերտիֆիկացվեն կամավոր հիմունքներով, որից նույնիսկ անտեղյակ են։ Տեղեկացնելու դեպքում էլ հրաժարվում են ու հետաձգում՝ մինչեւ պարտադիր ծառայությունների ցանկում հայտնվելը։ Այս «թեմայով» բոլոր հինգ կազմակերպություններն էլ խնդրանք-առաջարկ են ներկայացրել կառավարություն։ «Մենք ուզում ենք պարտադիր սերտիֆիկացման ենթարկվեն բնակչությանը մատուցվող բոլոր ծառայությունները, դա միայն կնպաստի մեր աշխատանքին»,- ասաց Ս. Նահապետյանը, բաց թողնելով գլխավորը՝ ծառայությունների որակի բարձրացումը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել