Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՃՈՒՄ Է, ԲԱՅՑ Ի՞ՆՉԸ

Նոյեմբեր 26,2002 00:00

ԱՃՈՒՄ Է, ԲԱՅՑ Ի՞ՆՉԸ «Կառավարության կողմից որպես առողջապահական գերակայություն հռչակված առաջնային բուժօգնությունը բավարար չափով շեշտադրված չէ 2003թ. բյուջեի նախագծում»,- նշված փաստաթղթին ծանոթանալուց հետո ասում են որոշ վերլուծաբաններ՝ ավելացնելով. «Թեեւ առաջին հայացքից դա նկատելի չէ»: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը աողջապահության առաջնային (ավելի հանրամատչելի՝ ամբուլատոր-պոլիկլինիկական) օղակի բարեփոխումները հռչակել է իբրեւ համակարգի բարեփոխումների գերակայություն։ Արդեն իսկ տարբեր միջազգային ծրագրերի աջակցությամբ աշխատանքներ են կատարվել եւ կատարվում ընտանեկան բժշկության համակարգի ներդրման, առաջնային օղակի ծառայությունների որակի եւ մատչելիության բարձրացման ուղղությամբ։ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով, որը վերջնական քննարկումների փուլում է, առաջիկա տարիներին նախատեսում է առաջնային օղակի ֆինանսավորման տեսակարար կշռի կտրուկ աճ առողջապահության ընդհանուր բյուջետային ծախսերում։ Ավելի ստույգ՝ մինչեւ 2015 թվականը այն պետք է հասնի 60%-ի։ Այս ենթատեքստում մասնագետները տրամաբանական են համարում առաջնային օղակի համարժեք շեշտադրում նաեւ պետբյուջեի ծախսերի պլանավորման ժամանակ։ 2003թ. բյուջեի նախագծով առաջնային օղակի ֆինանսավորումը նախատեսված է ավելացնել մոտավորապես 78%-ով կամ 8,3 մլրդ դրամ՝ 2002-ի 4,7 մլրդ դրամի համեմատությամբ։ Այսպիսով, առողջապահական ընդհանուր ծախսերում առաջնային օղակի մասնաբաժինը մոտավորապես 40% է, այսինքն, մինչեւ 2015 թվականի 60%-ը մի քանի քայլ է մնում։ «Այս տարի որոշակի եւ շատ զգալի տարբերություն կա, որովհետեւ ավելացող գումարի մեծ մասն ուղղվել է առողջության առաջնային պահպանման բարելավմանը»,- 2003-ի բյուջեի նախագծի՝ իրենց վերաբերող հատվածի մասին մեր հարցին ի պատասխան ասաց Առողջապահության նախարարության առաջնային բուժօգնության վարչության պետ Ռուզաննա Յուզբաշյանը։ Միաժամանակ չհամաձայնեց, թե նախորդ տարիներին այս օղակը անտեսվել է՝ նկատի ունենալով նաեւ Համաշխարհային բանկի վարկային ծրագրերը։ «Այն, որ մենք ասում ենք գերակայություն, ապացուցվում է այս ֆինանսավորմամբ. 2003-ի բյուջեում հստակ երեւում է այդ գերակայությունը»,- ասաց տիկին Յուզբաշյանը։ Մեր վերլուծաբանները հարկ են համարում «բացել» բյուջեի նախագծի համապատասխան հոդվածները։ Բերված աղյուսակից ակնհայտ է, որ 2003թ. բյուջեի նախագծում առաջնային բուժօգնության ֆինանսավորման կտրուկ աճը պայմանավորված է «դեղորայքի կենտրոնացված գնումներ» տողով, որը նախորդ տարիներին ընդգրկված է եղել բյուջեի «առողջապահական այլ ծառայություններ եւ ծրագրեր» բաժնում։ Այլ խնդիր է այս գնումների համար նախատեսվող միջոցների ավելի քան 4 անգամ աճը, որի անհրաժեշտությունը չի էլ վիճարկվում։ Սակայն ոլորտի մասնագետները կարծիք են հայտնում, որ այդ դեղորայքի օգտագործումը միշտ չէ, որ առնչվում է առաջնային օղակին։ Ինչպես կառավարության բյուջետային ուղերձն է ցույց տալիս, այդ միջոցներով հիմնականում նախատեսվում է ձեռք բերել այնպիսի դեղորայք, շիճուկներ, պատվաստանյութեր եւ բժշկական պարագաներ, որոնք անհրաժեշտ են չարորակ նորագոյացությունների, տուբերկուլյոզի, հեմոդիալեզի, սրտամկանի ինֆարկտի, պարբերական, էնդոկրին հիվանդությունների բուժման համար։ Իսկ դրանց մեծ մասը ընդգրկվում է հիվանդանոցային, այսինքն, ոչ առաջնային բուժօգնության մեջ։ Որպես դրական առաջխաղացում է նշվում այն, որ վերջին տարիներին առաջին անգամ նախատեսվում է ձեռք բերել նաեւ նոր բժշկական սարքավորումներ, որոնց կարիքը առաջնային օղակը զգում է։ Մասնավորապես, տիկին Յուզբաշյանը հայտնեց, որ ցանկություն կա ողջ հանրապետությունում իրականացնելու խորխի մանրադիտակային ուսումնասիրություններ՝ տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման եւ կանխարգելման համար։ Այսպիսով, 2003թ. առաջնային բուժօգնության համար նախատեսվող բյուջետային ծախսերը մեր վերլուծաբանները համեմատելով 2002թ. բյուջեի համադրելի տվյալների հետ, արձանագրում են ընդամենը 7,1%-ի աճ։ Սա 3 անգամ պակաս է հիվանդանոցային բուժօգնության ֆինանսավորման ցուցանիշից (21,1%), իսկ առողջապահության ֆինանսավորման ընդհանուր աճին զիջում է ավելի քան 4 անգամ (30,6%)։ Եթե բյուջեն այսպես հաստատվի, 2015-ին 60%-ի առաջնային օղակը կհասնի՞, թե՞ ոչ։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել