Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ «ՀԱՂԹԱՆԱԿԻՆ»

Նոյեմբեր 26,2002 00:00

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ «ՀԱՂԹԱՆԱԿԻՆ» ՍԻՄ համագումարում ողջույնի խոսքով որոշ ելույթ ունեցողներ հարկ էին համարում առանձին անդրադառնալ «Հաղթանակ» կազմակերպությանը, որն օրերս իր աջակցությունը հայտնեց Ռոբերտ Քոչարյանին: Նախ, ՀԴԿ փոխնախագահ Հայկ Եսայանը հայտարարեց, թե «16»-ի ընդդիմադիր միավորմանն իշխանությունը կարողանում է հակադրել «միայն թույլ, կասկածելի հիմքով» կազմակերպություններ. «Խոսքը վերաբերում է սպորտային ֆոնի վրա, կասկածելի «ավտարիտետներից» կազմված որոշակի քաղաքական միավորումներին»: Իսկ հետո էլ ԳիԱրՔՄի փոխնախագահ Աղասի Արշակյանն անդրադարձավ այդ կազմակերպությանը, համարելով այն ընտրությունները մեկ փուլով հաղթահարելու լուրջ խոչընդոտ. «Դա նախկին եւ, ինչու չէ՝ նաեւ ներկա ժողովրդի կողմից հարգված սպորտսմեններից նոր՝ քիլլերների կուսակցության հիմնումն է: Այո, ցավոք, իշխող ուժը՝ այսօր հրաժարվելով «իմ կուսակցությունը ժողովուրդն է» կարգախոսից, սպորտսմեններին է ներքաշում քաղաքականության մեջ: Նախորդ վարչակարգի օրոք արատավոր գործընթաց կար՝ մտավորականության վառ ներկայացուցիչներին ներքաշել քաղաքականության մեջ, փչացնել, վարկաբեկել եւ դուրս թողնել: Հիմա դա անում են սպորտսմենների հետ: Սիրելի՛ սպորտսմեններ, այս տրիբունայից դիմում եմ ձեզ. ներքաշվելով քաղաքականության մեջ, դուք վերածվելու եք այնպիսի մի բանդայի, ինչպիսին դարձան ժամանակին սոլնցեւյան, օգարյովո-զուեւյան խմբավորումները: Ձե՛ռք քաշեք, բավարարվեք նրանով, որ ձեզանից ոմանց ներքաշել են հանցավոր տնտեսական գործունեության մեջ»: Ի դեպ, Աղասի Արշակյանը դիմեց Քոչարյանին պաշտպանող նաեւ մեկ այլ ուժի՝ Դաշնակցությանը, որին անվանեց «բարեկամ կազմակերպություն», «եղբայրաբար» խնդրելով՝ «Մի՛ արեք այն ճակատագրական սխալը, ինչ որ ուզում է ձեզ պարտադրել գործող կլանը. մի՛ պաշտպանեք այն նախագահին, որը Հայաստանում խորացրել է կլանային եւ ստվերային համակարգը: Այլապես առաջիկա նախընտրական գլխավոր կարգախոսը կդառնա՝ ազատագրենք Հայրենիքը Ռոբերտ Քոչարյանից եւ… թող պապանձվի լեզուս, եթե այդպես լինի՝ ՀՅԴ-ից»: ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովից հետո պրն Արշակյանը ստիպված պիտի լինի կյանքի կոչել իր կարգախոսը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել