ՊԱՐԶ «ԿՈՄԲԻՆԱՑԻԱ» Մեր իշխանությունը, տվյալ դեպքում՝ նրա գլխավոր գրաքննչական օղակը (որն, ինչպես հայտնի է, կոչվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով), երբեմն այնքան օրինապաշտ է դառնում, որ պարզապես մարդու լացն է գալիս: Դրանք, իհարկե, հրճվանքի եւ երախտագիտության արցունքներ են: Երկար ժամանակ Գրաքննության հանձնաժողովը գլուխ էր կոտրում՝ ինչպես անել, որ չանցկացվի կապուղիների համար նոր մրցույթը, որի շուտափույթ կազմակերպման անհրաժեշտության մասին խոսում էին թե՛ Եվրոպայի խորհուրդը եւ թե՛ ԱՄՆ դեսպանատունը, նկատի ունենալով՝ այդ մրցույթին «Ա1+»-ի մասնակցությունը: Եվ քանի որ միակ բանը, որից մեր իշխանությունները մի քիչ վախենում են, Արեւմուտքն է (նրա առաջ պետք է «ժողովրդավարական» ձեւեր թափել, թե չէ փող չեն տա), ապա Գրաքննության հանձնաժողովը չէր կարող հենց այնպես երկու ոտքը դնել մի կոշիկի մեջ եւ ասել՝ չեմ անցկացնում մրցույթ՝ եւ վերջ: Պետք էր գտնել հարմար պատրվակ՝ մրցույթը նախագահական ընտրություններից հետո անցկացնելու համար: Եվ ահա առիթը հայտնվեց՝ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունը դիմեց դատարան՝ վիճարկելով մրցույթի անցկացումը: «Անկախ» դատարանը, որը տասնյակ անգամներ մերժել էր «Ա1+»-ին եւ «ՆՏ»-ին, այս անգամ բավարարեց «ՆՏ»-ի միջնորդությունը եւ արգելեց նոր մրցույթի անցկացումը: Իսկ Գրաքննության հանձնաժողովը, որը մրցույթն անցկացնելու ժամանակ տասնյակ անգամներ խախտել էր օրենքը, այս անգամ, բնականաբար, զարմանահրաշ օրինապաշտություն դրսեւորեց եւ կատարեց դատարանի որոշումը: Իհարկե, Հայաստանի ցանկացած քաղաքացու համար պարզից էլ պարզ է, որ թե՛ Հանձնաժողովը, եւ թե՛ բոլոր ատյանների դատարանները գտնվում են նախագահ Քոչարյանի գրպանում, եւ այդ ոչ բարդ «կոմբինացիան» մշակված էր հենց «Ա1+»-ի եթերազրկումը երկարաձգելու նպատակով: Այս պատմության մեջ ամենատհաճը «Նոյյան Տապանի» դիրքորոշումն էր, որը թույլ տվեց իրեն օգտագործել հիշյալ «կոմբինացիան» իրականացնելու համար: Քանի որ այդ հեռուստաընկերության ղեկավարների մտավոր ունակությունների վրա չեմ կասկածում եւ վստահ եմ՝ նրանք շատ լավ հասկանում են, որ մրցույթի՝ անորոշ ժամկետով հետաձգումը որեւէ ձեւով չի նպաստում իրենց բիզնեսին, ապա ստիպված եմ եզրակացնել, որ «ՆՏ»-ն այդ խաղին մասնակցեց գիտակցաբար: Պարզ է նաեւ, որ իշխանությունը, միեւնույն է, պատրվակ կգտներ՝ «Ա1+»-ին եթեր չթողնելու համար: Բայց կառավարման ասիական ոճը ենթադրում է՝ կեղտոտ արարքներ իրականացնել դաշնակիցների, բարեկամների միջոցով: «Ձեռի հետ» վերջիններիս կեղտոտելով: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ