Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 26,2002 00:00

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Մի քանի ամիս առաջ, երբ կառավարությունը ՀՀ նախագահի ղեկավարությամբ փորձեց շրջանառության մեջ դնել «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը, լրագրողները, համենայնդեպս՝ նրանց զգալի մասը, ըմբոստացան նախագիծը շրջանառության մեջ դնելու հեռանկարի դեմ։ Օգտվելով ժամանակավոր զինադադարից՝ իշխանությունները դարձյալ փորձում են օրենքի ուժ տալ հիշյալ օրինագծին։ Այժմ ես նպատակահարմար չեմ համարում քննարկել օրինագծի առանձին դրույթները, քանի որ այստեղ կարեւորն այն է, որ իշխանությունների ջանքերը՝ կյանքի կոչել օրենքի նախագիծը, նշանակում է, որ մեծապես նեղանալու են խոսքի, մամուլի ազատության սահմանները։ Իսկ դրա օրինակները մենք տեսել ենք ոչ հեռու անցյալում։ ԱԺՄ կուսակցության եւ իմ անունից հայտարարում եմ, որ անընդունելի է խոսքի, մամուլի ազատության որեւէ սահմանափակում, առանց այն էլ մենք զգալիորեն նահանջել ենք ժողովրդավարական ինստիտուտների կայացման ճանապարհից։ Հեռացել ենք մեր երեկվա նպատակներից՝ կայացնել ազատ մամուլը, ժողովրդավարական մյուս ինստիտուտները։ Խոսքի, մամուլի ազատությունը մեկ սերնդի, մեկ նախագահի համար չէ, դրանց կայացմամբ է պայմանավորված նաեւ Հայաստանի ապագան։ Իրավիճակը վտանգավոր է դառնում նաեւ այն առումով, որ փորձ է արվում ընտրություններից առաջ փոխել խաղի կանոնները՝ նեղացնելով հնարավոր ընտրախախտումները վերհանելու՝ լրագրողների մասնագիտական իրավունքը։ Ես դիմում եմ նաեւ խորհրդարանական մեծամասնությանը՝ թույլ չտալ կյանքի կոչել տխրահռչակ օրինագիծը։ Հայաստանի ապագան ազատ մամուլն է, եւ մենք պետք է սատարենք ազատ մամուլի կայացմանը՝ իշխանություններին վերահսկելու եւ քննադատելու, հասարակությանը իրազեկելու իրավունք վերապահելով մամուլին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել