Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղական «բեսպրեդել»

Նոյեմբեր 26,2002 00:00

Տեղական «բեսպրեդել» Նոյեմբերի 23-ին Ալավերդու Օձուն գյուղում ՏԻՄ ընտրություններում առաջադրված երկու թեկնածուներն էլ՝ գյուղապետ Մելիք Այվազյանը՝ ՀՀԿ-ից, եւ Եզեկ Աղվանյանը՝ ՀԺԿ-ից, մրցակիցներ էին եղել նաեւ 99թ. հոկտեմբերի 24-ին: Այն ժամանակ գյուղապետ էր ընտրվել ՀԺԿ ներկայացուցիչ Ե.Աղվանյանը: Ու թեեւ ընտրություններին հաջորդած օրերին բողոքներ չէին եղել, եւ ԿԸՀ-ն էլ Ե.Աղվանյանին ճանաչել էր իբրեւ ընտրված գյուղապետ, այդուհանդերձ, «Հոկտեմբերի 27»-ից հետո պարտված թեկնածու, ժամանակին դատապարտված Մ.Այվազյանը դիմել էր դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները: Դատարանում պարզվել էր, որ Ե.Աղվանյանին տրված քվեներից 70-ն անհետացել էին, բայց փաստի առիթով հարուցված քրգործը շուտով կարճվել էր՝ գողություն կատարած անձը բացահայտված չլինելու պատճառաբանությամբ: Մ.Այվազյանը համագյուղացիների շրջանում «ռեկետյորի», «անցանկալի» մարդկանց կրպակ ու հողատարածք այրողի, անասուն գողացողի համբավ ունի: Գյուղացիներից մի քանիսի պնդմամբ, բոլոր այդ դեպքերը իրավապահներին ու դատախազությանը հայտնի են, բայց որպես կանոն դրանք կամ դատախազություն չեն հասել, կամ հարուցված քրգործերը շուտով կարճվել են: Իսկ ընտրությունների նախորդ օրը ՀԺԿ անդամ Ե.Աղվանյանի կողմնակիցները վստահեցնում էին, թե գործող գյուղապետն իր ընտրարշավը սկսել է նրանով, որ մի քանի տասնյակ գյուղացու 1000-ական դրամ է բաժանել: Հանձնաժողովների կազմն արդեն դեռ մինչեւ ընտրությունները գրեթե բացառում էր ՀԺԿ ներկայացուցչի ընտրության հնարավորությունը: Նույնիսկ «16»-ի մեջ մտնող կուսակցություններն ու ՀՅԴ-ն, որ բարձրագոչ հայտարարություններ էր անում ընտրություններն օրինական անցկացնելու համատեղ հուշագիր ստորագրելու մասին, ոչ միայն իրենց տեղերն, այսպես ասած, տվել էին ՀՀԿ-ին, այլեւ, գյուղի ավագանու թեկնածուների վստահված անձանց հետ միասին, աշխատում էին գյուղապետի օգտին՝ պաշտպանելով նրա շահերն ու «չտեսնելու» տալով ընտրությունների ընթացքում արձանագրվող խախտումները: Իսկ բուն ընտրություններն Օձունում անցան ակնհայտ «բեսպրեդելի» մթնոլորտում: Երկու ընտրատեղամասեր կային՝ 39/56-ը՝ 2030, եւ 39/57-ը՝ 1934 ընտրողներով: Ընտրություններից ստացած տպավորությամբ՝ օձունցիներն աննախադեպ քաղաքացիական գիտակցությամբ օժտված մարդիկ են եւ շուրջ 60-70 տոկոսով մասնակցում էին ընտրությունների: Այստեղ նույնիսկ ընտրողների կուտակումներ էին առաջանում: 39/56 տեղամասում, որի նախագահը գյուղապետի տեղակալ Վահագն Դավթյանն էր, «Ա1+»-ի եւ «Առավոտի» լրագրողները մի քանի ժամ հետեւում էին ընտրությունների ընթացքին: Ակնհայտ երեւում էր, որ մեծամասամբ բաց քվեարկություն է ընթանում: Կարելի էր նույնիսկ արձանագրել, թե ովքեր են ՀԺԿ ներկայացուցչին ընտրում. նրանք, ովքեր քվեախցիկից դուրս էին գալիս վախվորած, քվեաթերթիկներն արդեն ծալած վիճակում: Մյուսներն այդ գործողությունն անում էին միայն քվեատուփին հասնելուց եւ արկղի մոտ կանգնած հանձնաժողովականին հաշվետու լինելուց հետո: Այդպիսի բազմաթիվ դեպքեր արձանագրվեցին: Նկատելի էր նաեւ, որ ընտրողները հանձնաժողովից ստանում էին թեկնածուի անվան դիմաց արդեն նշում արած քվեաթերթիկներ: Այդպիսի դեպքերից մեկը տեսագրելու «Ա1+»-ի լրագրողի փորձը տխուր ավարտ ունեցավ: Գործող գյուղապետի եղբայրը՝ վստահված անձ Պատվական Այվազյանը, հանձնաժողովի նախագահ Վ.Դավթյանն ու վերջինիս տեղակալ, դպրոցի տնօրեն Սուրիկ Ալավերդյանը պարզապես հարձակվեցին լրագրողի վրա, շուրջկալի մեջ վերցրին՝ արգելելով վերջինիս տեսագրել՝ սպառնալով, որ եթե չհեռանա ընտրատարածքից, գլուխը «կջարդեն», «կաղան» եւ այլն: Ավելի ուշ նրան Վ.Դավթյանն էր սպառնացել ու թույլ չէր տվել նույնիսկ մուտք գործել ընտրական տեղամաս: Սա ուղղակի «Ընտրական օրենսգրքի» 3-րդ մասի, հոդ. 139-ով պատասխանատվություն ենթադրող եւ ՔՕ հոդ. 133-ի 3-րդ կետով նախատեսված հանցագործություն է, որը ենթադրում է ազատազրկում՝ միչեւ 5 տարի ժամանակով: 39/57 տեղամասում եւս ամեն ինչ այնքան էլ կարգին չէր, բացառությամբ այն բանի, որ հանձնաժողովը՝ ի դեմս նախագահ Համլետ Մնացականյանի, անհամեմատ բարյացակամ էր լրագրողների հանդեպ: Միայն այս տեղամասում միեւնույն անձի կողմից մի քանի անգամ քվեարկելու, բաց քվեարկելու փաստեր արձանագրվեցին: Վստահված անձանց արձանագրությունները նախ հանձնաժողովը հրաժարվել էր մուտքագրել գրանցման մատյան, հետո էլ վստահված անձինք իրենք այլեւս արձանագրություններ չկազմեցին՝ դրանք անիմաստ համարելով: Ընտրությունների արդյունքում շուրջ 651 ձայնի առավելությամբ հաղթեց գործող գյուղապետը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել