Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՐԵՆՑ ԻՍԿ ՊԱՅՏԱԾ ՁԻՈՒ ՍՄԲԱԿՆԵՐԻ ՏԱԿ»

Նոյեմբեր 26,2002 00:00

«ԻՐԵՆՑ ԻՍԿ ՊԱՅՏԱԾ ՁԻՈՒ ՍՄԲԱԿՆԵՐԻ ՏԱԿ» ՍԻՄ 15-րդ համաժողովը չառաջադրեց նախագահի սեփական թեկնածու, ինչպես 1996-ին՝ չպաշտպանեց Վազգեն Մանուկյանին, ձեռնպահ մնաց նաեւ «Իրավունք եւ միաբանություն»-ում իրենց գործընկերոջն աջակցելուց, փոխարենը պաշտպանեց ՌԴ-ից ներմուծված գրեթե անհայտ մեկին: ՍԻՄ համաժողովում «Հանրապետության» նախագահ Ալբերտ Բազեյանը ողջույնի խոսքն առիթ դարձրեց այս կուսակցությանն իր ասելիքը տեղ հասցնելու համար: Նկատի առնենք, որ համաժողովի բանաձեւում ՍԻՄ-ը հերթական անգամ դժգոհեց, թե «Ռոբերտ Քոչարյանի վարչախումբը վիժեցրեց նախորդ իշխանությունների քաղաքական գնահատականի ընդունումը», եւ մեջբերենք պրն Բազեյանի խոսքը՝ ասված իրենց եւ ՍԻՄ-ի տարբերությունների շուրջ համատեքստում. «Եթե գործող իշխանությունը հայտարարում է, որ նախկին իշխանությունների օրոք եղել է թալան, մազութ են կերել եւ այլն՝ ապա թող բացահայտի եւ դատապարտի այդ մարդկանց՝ օրենքով սահմանված կարգով: Այլապես ցանկացած նոր իշխանություն, ենթադրենք՝ հաջորդ իշխանությունը կհայտարարի, որ այս իշխանությունները մազութ կամ բորդյուր են կերել»: «Հանրապետության» ղեկավարի այլ ակնարկներն ակնհայտորեն վերաբերում էին «27»-ի գործում ՍԻՄ փոխնախագահի դերակատարության շուրջ կասկածներին. «Շատ ենք կարեւորում «27»-ի հնարավոր կազմակերպիչների բացահայտման անհրաժեշտությունը, որը լրիվ կվանի այն որոշակի անվստահության տարրերը, որոնք երբեմն-երբեմն դրսեւորվել են մեր կուսակցությունների միջեւ, եւ մենք կարող ենք անգամ մտածել քաղաքական դաշինք ձեւավորելու մասին»: Ավելորդ չէ նկատել, որ «27»-ին անդրադարձը զգալի տեղ էր գրավում ՍԻՄ նախագահի քաղաքական զեկույց-հաշվետվության մեջ: Հրանտ Խաչատրյանն այսպես գնահատեց պետական հեղաշրջման փորձը. «Դա ներքաղաքական երկրաշարժ էր, որն ահավոր էր ոչ միայն իր ուժգնությամբ ու կատարած ավերածությամբ, այլ ամիսներ շարունակ կախված էր մեր հասարակության գլխին՝ կրկնվելու սպառնալիքով»: Հիշեցնենք «Միասնություն» դաշինքի առաջնորդների սպանությունից հետո ՍԻՄ նախագահի խոսքերը, թե փոքրամասնությունը կարող է դառնալ մեծամասնություն ու հակառակը: Եվ շարունակենք մեջբերումը զեկույցից. «Մինչ օրս պահպանվում է այդ չմարած հրաբխի նոր ժայթքման սպառնալիքը, քանի որ գործի նախաքննությունն ու դատաքննությունը չեն պատասխանում հասարակությանը հուզող հիմնական հարցերին: (…) Մեր փորձով համոզվեցինք, որ գործի գլուխ կանգնած արհեստավարժ կեղծարարները, մարդու միակ տեսակը, որը փարթամ ծաղկում է կոռուպցիայի եւ անպատժելիության պետական հողի վրա՝ ընդունակ են ամեն ինչի, այդ գործն իրենց քաղաքական հակառակորդների գլխին ջարդելու եւ իրենց դիրքերն ամրապնդելու համար»: ՍԻՄ համաժողովի բանաձեւում էլ ծավալուն անդրադարձ կար «27»-ի գործին՝ նոր քննչական խումբ ստեղծելու անհրաժեշտության ամրագրմամբ եւ անակնկալ շրջադարձով. «Ինչպես 1999-2000-ին, այնպես էլ այսօր՝ ընտրություններից առաջ, «27»-ի գործը վերածվում է քաղաքական հաշվեհարդարների եւ նախընտրական սեւ տեխնոլոգիաների գործիքի: Առնվազն անբացատրելի է Ռ. Քոչարյանի կեցվածքը, որը թույլ է տալիս նման դրսեւորումները»: Այսինքն՝ ընդդիմադիր կոչված կուսակցությունն ակնկալում է իշխող նախագահի միջամտությունը կամ պաշտպանությո՞ւնը: Մեկ այլ անթաքույց հրավեր. Հրանտ Խաչատրյանը պնդեց, թե երկիրը ճգնաժամից դուրս բերելու ծրագրեր ունեն, համապատասխան կադրեր. «Սակայն կուսակցության այդ կառուցողական ներուժը գործի դնելու համար առնվազն անհրաժեշտ է, որպեսզի որոշիչ ձայնի իրավունք ունեցողները քեզ հետ շահագրգիռ քննարկեն այդ առաջարկությունները»: Սակայն այս ամենից տարակուսելու փոխարեն՝ բավարար է հիշել, թե ում էր 1998-ի ընտրությունների երկրորդ փուլում պաշտպանում ՍԻՄ-ը: Եվ այժմ էլ, գործող նախագահից նրանց դժգոհությունների համար տեղին էր այն համեմատությունը, որն այլ առիթով օգտագործեց պրն Խաչատրյանը. խոսքն ինքնախաբեությամբ տառապող անհեռատես գործիչների մասին էր, «ովքեր այսօր ձիու վրա են, իսկ վաղը՝ իրենց իսկ պայտած ձիերի սմբակների տակ»: Այս անգամ ՍԻՄ-ը որոշեց չառաջադրել իր նախագահին: «Եթե խոսքը միայն նախագահի թեկնածու ունենալու մասին է՝ չենք ուզում,- «Առավոտին» ասաց պրն Խաչատրյանը:- Նախագահ կցանկանայինք լինել, բայց թեկնածու լինելն արդեն հետաքրքիր չէ»: Պաշտպանեցին արդեն իսկ քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված Արամ Կարապետյանին: Վերջինս իրավամբ նկատեց, թե հավակնություններից հրաժարվելը հերոսություն է: Նաեւ հանդես եկավ ծրագրային ելույթով եւ շարադրեց իր մոտեցումները, որոնք վերջին մի քանի ամիսներին պարբերաբար զետեղվում են ՍԻՄ-ի պաշտոնաթերթում: Ուստի միայն նշենք՝ Արամ Կարապետյանը չի բացառում, որ Ռոբերտ Քոչարյանն ընդունակ է համակարգային փոփոխությունների: Նա էլ ծավալուն անդրադարձ կատարեց «27»-ի գործին: «Չեմ վախենում, կամերաների առաջ ասում եմ՝ Եվրախորհուրդը չէ՝ ով ուզում է… էն որ ասում են՝ պապն էլ թոռի ձեռքից բռնած գա՝ գնդակահարվելու են: Բայց մենք պիտի մեր կասկածները փարատենք»: Այդ նպատակով առաջարկեց նշանակել ԱԺ հանձնախմբի իրավասություններ ունեցող անկախ դատախազ («Եթե սեփականը չունենք, կարելի է դրսից հրավիրել»), թեեւ մեր օրենսդրությամբ ընդհանրապես նման լուծում նախատեսված չէ: Նույն կերպ պարզվեց, թե պրն Կարապետյանն առանձնապես տեղյակ չէ, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին մարդասպանները ոչ թե Կառավարության նիստերի դահլիճ էին ներխուժել, այլ խորհրդարանի, եւ այն կոչվում է «Ազգային ժողով» եւ ոչ «Գերագույն խորհուրդ»: Մեր իրողություններին եւ օրենսդրությանն ուղղակի անտեղյակության այլ օրինակներ էլ կարելի է բերել այս դոկտորի ելույթից, որին ՍԻՄ-ը շուրջ կես տարի է, ինչ փորձում է «ռասկռուտկա» անելով գործոն դարձնել մեր քաղաքական դաշտում, եւ նա էլ համոզվել է, թե կարելի է այդպես հանկարծ հայտնվել, հայտարարել քո հավակնությունների մասին եւ դեռ խոստանալ, թե որեւէ մեկին չես զիջելու: Իրավունք ունի՝ նախադեպեր կան: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել