«Ալան Հովհաննեսը»՝ նորից բեմում Օրերս «Ալան Հովհաննես» կամերային նվագախումբը «Հայկական միջազգային համաժողովի» կազմակերպիչների կողմից հրավիրվել էր Ա. Խաչատրյանի անվան տուն-թանգարանի համերգասրահ։ Նվագախմբի դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Մերուժան Սիմոնյանը, որը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրի տարբեր բեմերում, հանդես է եկել բավական ընդգրկուն ծրագրով։ Այս երեկոյի ընթացքում մաեստրոն մեկ անգամ եւս ապացուցեց իրեն բնորոշ դիրիժորական վարպետությունը եւ կրկին խրախուսվեց հանդիսատեսի կողմից։ Համերգի առաջին բաժնում կատարվեց Դավիթ Սագոյանի՝ «Քրիստոս» օպերայի նախերգանքը եւ Վահրամ Բաբայանի «Հիմն»172ը՝ գրված դաշնամուրի եւ լարային նվագախմբի համար։ Երեկոյի երկրորդ կեսում նախատեսված էր Շուբերտ172 Մահլեր «Աղջիկն ու մահը» կամերային ստեղծագործությունը։ Ծրագրի առաջին մասում ներգրավված նյութը վերաբերում էր ժամանակակից երաժշտության էջերին։ Ծանոթանալով Դավիթ Սագոյանի «Քրիստոս» օպերայի հիմնական պատմությանը՝ նշենք, որ կոմպոզիտորը այն գրել էր դեռեւս 1994թ., որի հիմքում ընկած է սբ. Ավետարանի պատմությունը։ Օպերան նվիրված է Քրիստոնեության 1700-ամյակին, սակայն չի բեմադրվել՝ կապված տարբեր ֆինանսական խնդիրների հետ։ Ոճական կողմնորոշմամբ օպերան ավանգարդիստական չէ, եւ ինչպես ինքը՝ կոմպոզիտորն է նշում. « … ես ավանգարդիստ չեմ, եթե հատկապես խոսքը վերաբերում է կրոնին»։ Համերգում ներկայացված Սագոյանի «Քրիստոս» օպերայի նախերգանքում ամփոփված են երեք կերպարի՝ Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի եւ փարիսեցիների լեյտթեմաները։ Նախերգանքում կոմպոզիտորը ցուցադրել է Dies ire172ի («Ցասման օր») միջնադարին բնորոշ թեման, որը խորհրդանշում է իբրեւ դատաստան եւ կործանման պատիժ։ Համերգը կարեւորվեց մեկ այլ նշանակալի հանգամանքով եւս։ Վահրամ Բաբայանի «Հիմն»172ը, որը գրված էր Գերմանիայում կազմակերպված «ԲԱԽ-2000» միջազգային փառատոնի պատվերով եւ կատարված «Ալան Հովհաննես» նվագախմբի կողմից, այս երեկոյի ընթացքում ստեղծագործության պրեմիերան պսակվեց նաեւ Հայաստանում։ Ինչպես նկատում է նվագախմբի դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Մերուժան Սիմոնյանը. «Փառատոնը նշում էր ողջ Գերմանիան եւ, կարծում եմ՝ ողջ մարդկությունը։ Ստեղծագործությունը մեծ հաջողություն ունեցավ եւ ձայնագրվեց լազերային ձայնասկավառակի վրա։ Եվ հիմա ուրախ եմ, որ վերջապես առաջին անգամ Երեւանում այս հրաշալի ստեղծագործությունը պիտի լսի նաեւ հայ ունկնդիրը»։ Գերմանիայում ունեցած հաջողությունից հետո երկը կատարվեց Հարավային Կորեայում, ապա՝ ԱՄՆ-ում։ Ինչ վերաբերում է հեղինակին՝ կոմպոզիտոր Վահրամ Բաբայանին, վերջինս մեծ ճանաչում ունի եւ բազմիցս հանդես է եկել նաեւ իբրեւ դաշնակահար եւ երբեմնի իր ստեղծագործությունների կատարող։ Կոմպոզիտորն իր երախտապարտ շնորհակալական խոսքն ուղղեց ողջ նվագախմբին՝ իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Քանի որ «Հիմն»-ը գրված էր Յ. Ս. Բախի փառատոնի կապակցությամբ, ուստի Վահրամ Բաբայանը ստեղծագործության մեջ հիմք է ընդունել մեծն Բախի անվանատառերը՝ BACH (այսինքն, B (սի բեմոլ)- A (լյա)172 C (դո)- H (սի)՝ որպես գաղափարային բանաձեւ։ Ինչ խոսք, այսօրվա դիրքերից ժամանակակից երաժշտությունը դասական ժառանգության մոտ միշտ չէ, որ արժանանում է բարձր գնահատականի, որը պայմանավորվում է մշակույթի, ապա հասարակության կողմից դեռեւս չճանաչված, չգիտակցված, չվստահված, հետեւաբար չյուրացված գեղարվեստական արժանիքներով։ Սակայն, այս առումով «Ալան Հովհաննես» նվագախումբը հանդիսատեսին չթողեց ժամանակի «աղմկահարույց դիսոնանսի» մեջ։ Եվ ինչպես կասի մաեստրոն. «Ժամանակակից երաժշտությունը բարդ է կատարել։ Առհասարակ, մեծ դիրիժորների կողմից բարձր ստանդարտներում արդեն կայացած երաժշտությունը կարծես իմիտացվում է մյուս երաժիշտ-կատարողների կողմից»։ Ուստի, համաշխարհային երաժշտության բարձրորակ էտալոնի որոնումները տատանվում են ամենատարբեր ցուցանիշների ներքո։ Կարծում ենք, այս պարագայում տեղին է նշել դիրիժորի եւ քննադատի դիրքորոշմամբ ներկայացող Մերուժան Սիմոնյանի պրոֆեսիոնալ շնորհը։ Անդրադառնալով միջոցառման երկրորդ մասում կատարվող Շուբերտ-Մահլեր «Աղջիկն ու մահը» կամերային ստեղծագործությանը, պիտի նկատենք, որ վերջինս կարծես լիցքաթափեց եւ նոր որակով լիցքավորեց համերգի նախորդ բաժնից լսողական պլանում ծանրաբեռնված հանդիսատեսի ականջը։ Շուբերտ172Մահլեր երկու պատմական էսթետների արժեքը դեռեւս վկայում էր իրենց ժամանակի զարկերակը։ Ստեղծագործական, գուցեեւ՝ ոճական գրելաձեւը այս արվեստագետներին միավորում է տարբեր բեւեռներում՝ ռոմանտիզմին բնորոշ մարդասիրությամբ, ուր ամփոփվում են դարի գաղափարախոսության բարձր բարքերն ու գեղարվեստական իդեալները, եւ երկրորդ՝ ճակատագրի չարաբաստիկ մահվան թեմայով։ Շուբերտի գրչին հատուկ գեղագիտական ընդհանուր օրինաչափությունը չխախտելով՝ Մահլերը կվարտետը փոխադրելով լարային նվագախմբի համար, չի կորցրել իր նախորդի ժանրային գրելաոճի բալանսը, այլ ընդամենը կրկնապատկել է որոշ լարայիններ եւ ամբողջին գումարել մեկ կոնտրաբաս։ Հետեւելով եւ ամփոփելով ողջ դինամիկ երեկոն՝ պիտի խոստովանենք Մերուժան Սիմոնյան դիրիժորի կազմակերպված էմոցիոնալ լիցքը եւ ողջունենք «Ալան Հովհաննես» նվագախմբին՝ մեզ պարգեւած ջերմ մթնոլորտի համար։ Իսկ թե ի՞նչ է սպասվում առաջիկայում, ակնկալիքները մեծ են, սակայն այդ հարցերի պատասխանները կգտնենք մաեստրոյի հետագա հանդիպումների ընթացքում: ԼԱԼԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ