ՆԱԵՎ ՀԻՆ ԲԱԺԱԿԱԿԻՑՆԵՐ «Երբ ես եւ պարոն Շառոյանը ժամանակին միասին խմում էինք, ԶԼՄ-ների այստեղ ներկա շատ ներկայացուցիչներ դեռ չէին էլ ծնվել»,- այսպես գնահատեց իրենց բարեկամության վաղեմությունը ՌԴ մշակույթի նախարարը։ Երեւան ժամանելու հիմնական պատճառը Միխայիլ Շվիդկոյի եւ ՀՀ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի միջեւ երեկ ստորագրված համաձայնագիրն էր, ըստ որի, երկու երկրները երեք տարի շարունակ կհամագործակցեն մշակույթի մի շարք կարեւորագույն ճյուղերում։ Բավականին ընդգրկուն այդ ծրագրով նախատեսված է մեծ մասշտաբով տոնել Արամ Խաչատրյանի 100-ամյակը, ՌԴ բուհերում կպատրաստվեն մի շարք մասնագետներ, այդ թվում՝ օպերատորներ, ռեժիսորներ, ձեւավորող-նկարիչներ։ Ի դեպ, Արամ Խաչատրյանի 100-ամյակը տոնելու նպատակով ստեղծված հոբելյանական հանձնաժողովը գլխավորում է անձամբ ՌԴ մշակույթի նախարարը։ Նա տեղեկացրեց, որ Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը հոբելյանական միջոցառումների շրջանակում պատրաստել է համերգաշար՝ խաչատրյանական ծրագրով։ Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախումբն էլ կոմպոզիտորի գործերի կատարմամբ հանդես կգա Երեւանում։ Իսկ Մոսկվայում նախատեսված է տեղադրել Արամ Խաչատրյանի հուշարձանը։ Միջոցառման շրջանակներում Միությունների տան Սյունազարդ եւ կոնսերվատորիայի մեծ դահլիճներում կրկին ավանդաբար կհնչի Արամ Խաչատրյանի երաժշտությունը եւ, ընդհանրապես, ողջ տարին խաչատրյանական շունչ կունենա։ ՌԴ մշակույթի նախարարը անչափ կարեւորեց համաձայնագրի ստորագրումը այն իմաստով, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում։ Նրա կարծիքով, համաձայնագիրը կարող է նպաստել նաեւ տնտեսական ու ստրատեգիական կարեւորագույն խնդիրների լուծմանը երկու երկրներում։ Ըստ Մ. Շվիդկոյի, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ մշակութային կապերը երբեւէ չեն էլ ընդհատվել, սակայն դրանք էապես նոր որակ են ստացել հատկապես վերջին 3 տարիներին՝ կախված երկու երկրների նախագահների հարաբերություններից։ Ըստ նրա, շատ կարեւոր է «մշակութային շուկաների» բացումը երկու երկրներում, ինչի շնորհիվ, օրինակ, «հայ կինեմատոգրաֆիստներն իրենց ավելի լավ կզգան Ռուսաստանում, իսկ ռուսները՝ Հայաստանում»։ ՌԴ մշակույթի նախարարը փաստեց, որ Ռուսաստանում եւս մշակույթի գործիչները դժվար են ապրում։ Եվ սոցիալական կյանքում առկա բոլոր հակասությունները արտահայտվում են նաեւ մշակույթում։ Ռուսաստանում լավ ապրող ռուս մշակույթի գործիչները քիչ են։ Մեծամասնությունը խարխափում է աղքատության մեջ։ Սակայն նշենք, որ վերջին 3-4 տարիներին մշակույթին հատկացված գումարները ավելացել են 4 անգամ, 3 անգամ բարձրացել է մշակույթի աշխատողների աշխատավարձը։ Պարոն Շվիդկոյի կարծիքով, երբեք չի կարելի հավասարության նշան դնել սիմֆոնիկ նվագախմբի երաժշտի եւ բուժքրոջ միջեւ, դա սխալ է եւ երկուսի դեպքում էլ չի արդարացվում։ Նա նկատեց, որ Ռուսաստանում հատկապես ծանր է 50 եւ ավելի տարիք ունեցող արվեստագետների վիճակը, որոնք չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է ապրել «առանց պետության»։ Դրա փոխարեն, երիտասարդներին մտահոգում է մեկ ուրիշ հարց՝ «ինչպես կարելի է ապրել այս պետության մեջ»։ Այս եւ նման այլ հարցեր նկատի ունենալով, Ռուսաստանում մտադիր են 2004 թվականից անցնել աշխատավարձերի վճարման նոր համակարգի՝ հաշվի առնելով զբաղվածության ոլորտները։ Մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը հայ-ռուսական մշակութային փոխհարաբերությունների սերտացմանն ուղղված ակտիվ ջանքերի եւ գործուն աջակցության համար իր ռուս գործընկերոջը պարգեւատրեց ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության ոսկե մեդալով, որից պարոն Շվիդկոյն այնպես հուզվեց, որ անգամ հայերենով կենաց ասելու ցանկություն ունեցավ։ Մ. Շվիդկոյի՝ «Որտե՞ղ կգտնեք մշակույթի նախարար, որ գոհ է իր երկրի բյուջեից» դժգոհությանն ի պատասխան, մեր մշակույթի նախարար Ռ. Շառոյանը ընդամենը դառը ժպտաց. իսկ ինքն ինչե՜ր կաներ, եթե երազած գումարն ունենար։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ