Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԻՎԱՆԴԻՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽԱԲԵԼ»

Նոյեմբեր 23,2002 00:00

«ՀԻՎԱՆԴԻՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽԱԲԵԼ» Հիվանդին կարելի է բուժել ոչ միայն դեղորայքով, այլեւ հոգատարությամբ եւ ուշադրությամբ։ Այս մտքի շուրջ էր Հայաստանի տարբեր հիվանդանոցների բուժքույրերին համախմբել Հայաստանի Ամերիկյան համալսարանի եւ Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի կազմակերպած «Ընտանեկան բուժքույրություն. քաղցկեղի կանխարգելումն ու բուժումը» թեմայով սեմինարը։ Նպատակն էր Հայաստանում ընտանեկան բժշկության համակարգի ներմուծման նախաշեմին բարձրացնել բուժքույրական կազմի մասնագիտական տեղեկացվածությունը՝ հիվանդության հայտնաբերման եւ ճիշտ բուժման խնդրում։ Հանրապետական օնկոլոգիական դիսպանսերի տնօրեն Գագիկ Բազիկյանի խոսքերով, մեզ մոտ քաղցկեղի մասին տեղեկություններ թաքցնելը դեռ խորհրդային տարիներից ժառանգած սովորություն է։ Ըստ նրա, ներկայումս Հայաստանում կան 13 հազար հիվանդներ, որոնց մոտ քաղցկեղ հայտնաբերվել է 5-30 տարի առաջ եւ բուժման արդյունքում նրանք այսօր առողջ կյանք են վարում։ Գագիկ Բազիկյանի կարծիքով, նման ինֆորմացիաների պակասի արդյունքում էլ ձեւավորվել է քաղցկեղ հիվանդության նկատմամբ վախը, եւ մարդիկ շատ ուշ են դիմում բժշկի։ Ի տարբերություն արտասահմանցի բանախոսների, հայաստանյան մասնագետները գտնում են, որ հիվանդին չի կարելի միանգամից ասել քաղցկեղի մասին, քանի որ մեզ մոտ հասարակությունը դեռ պատրաստ չէ դրան եւ դա կարող է ծանր հետեւանքների հանգեցնել, ընդհուպ մինչեւ ինքնասպանություն։ Իսկ Հայաստանում բժիշկներն ու բուժքույրերն իրավական առումով պաշտպանված չեն։ Հանրապետական օնկոլոգիական դիսպանսերի տնօրենն, օրինակ, գտնում է, որ հիվանդին չի կարելի խաբել, սակայն կարելի է թաքցնել որոշ տեղեկություններ հիվանդության հնարավոր ելքերի մասին։ Սեմինարի կազմակերպիչները ծրագրում են պարբերաբար նման սեմինարներ կազմակերպել բժշկական այս կամ այն խնդիրների վերաբերյալ՝ բուժքույրերի մասնագիտական տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու համար։ ՄԱՐԻՆԵ ԽԱՌԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել