Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը երբեք չի սխալվո՞ւմ»

Նոյեմբեր 23,2002 00:00

«Ժողովուրդը երբեք չի սխալվո՞ւմ» Ավշարի ընտրություններում Նոյեմբերի 17-ին Արարատի մարզի Ավշար գյուղի տեղական ինքնակառավարման ընտրություններին որպես դիտորդներ (նույնքան տեղական) մասնակցեցին «Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» թվով 5 անդամներ։ Ընտրությունների ժամանակ առկա էին Ընտրական օրենսգրքի 139 հոդվածի խախտումներ։ «Կային խախտումներ էլ, որ տեսախցիկը չի արձանագրել, բայց արձանագրել են դիտորդները»,- երեկ մեր զրույցի ժամանակ ասաց Հայաստանի փաստաբանների միության անդամ Արմեն Մանուկյանը։ Վերջինս գյուղապետի թեկնածու Վահագն Մկրտչյանի ներկայացուցիչը կլինի Արարատի մարզի Վեդու դատարանում։ Ի դեպ, ըստ փաստաբանի, առկա են եղել նաեւ քրեական գործ հարուցելու հիմքեր (սպառնալիք), որի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ս. Մարտիրոսյանը դիմել է գլխավոր դատախազությանը, պահանջելով պատասխանատվության ենթարկել ընտրախախտումների հեղինակներին։ Ընտրատարածքը, որը բաժանված է եղել 2 տեղամասերից՝ 25/9 եւ 25/10, վերահսկվել է թեկնածու, ներկայիս գյուղապետ Սուրիկ Գրիգորյանի եղբոր՝ Արամայիս Գրիգորյանի (հանձնաժողովի նախագահ) եւ մյուսն էլ վստահված անձ՝ Արայիկ Գրիգորյանի կողմից։ «Ի՞նչ էր կատարվում։ Տեսախցիկն անգամ տեսնելով՝ անում էին այն, ինչ հարմար էր։ Քվեախցիկ մտնելով 2-3 հոգով, թելադրում էին իրենց կամքը»,- շարունակեց Ա. Մանուկյանը։ Դիտորդների զգուշացմանը հետեւում էին «զրպարտչական արտահայտությունները», իսկ «խախտումը բացահայտելու եւ բարձրաձայն տեղեկացնելու պատասխանը եղավ, որ մենք կատարում ենք պատվեր»։ Դիտորդները արձանագրել էին նաեւ այն պահը, երբ թեկնածու եղբոր վստահված անձ եղբայրը սպառնացել էր մյուս թեկնածուի՝ Վահագն Մկրտչյանի վստահված անձին շատ «փափուկ» արտահայտությամբ. «Գլուխդ կպոկեմ»։ Այդ մթնոլորտում են անցել ընտրությունները, որը, դիտորդների կարծիքով, չի կարելի համարել կայացած։ «Ս.թ. նոյեմբերի 16-ի ժ. 21-ի դրությամբ, քվեարկության սենյակի կահավորումը ավարտված չի եղել, ընդհանրապես քվեատուփ չկար 25/10 տեղամասում»,- հայտնեց մեզ փաստաբան Ա. Մանուկյանը։ Նա հետաքրքիր մի փաստարկ էլ հայտնեց մեզ. «Ցուցակներում բացահայտ առաջին 1000 հոգին ընդգրկված էին այն ընտրողները, որոնք վստահված անձի հրահանգով, քարտուղարի ուղեկցությամբ իրականացնում էին քվեարկությունը։ Մյուս սեղանին ընդհանրապես մեկ ժամվա ընթացքում ոչ մի ընտրող չէր մոտենում, որտեղ 262 ընտրողի ցուցակ էր։ Խախտումներն իրականացնող քարտուղարը՝ Շողեր Մարգարյանը եւ նախագահ էր, եւ կնքող, եւ քվեաթերթիկ տվող, եւ շրջող…»։ Ասում են, ժողովուրդը երբեք չի սխալվում։ Դատարանում կտեսնենք, Ավշարում սխալվե՞լ են, թե՞ ոչ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել