«ԿԳԵՐԱԴԱՍԵԻ ՊՈՌԹԿՈՒՄՆԵՐԸ» Հարցազրույց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կառլեն Միրումյանի հետ – Այսօրվա երիտասարդությունը հոգեբանական ի՞նչ խնդիրներ ունի լուծելու: – Հասարակությունը, պետությունը կայացման պրոցեսում են: Կորցրել ենք հին արժեհամակարգը, դեռեւս չենք ստեղծել նորը եւ չգիտենք էլ, թե երբ եւ ինչպես պիտի ստեղծենք: Իր խնդիրները լուծելու ճանապարհին երիտասարդությունը պետք է ունենա այն չափանիշը, որի հետ հարաբերակցելով էլ պիտի դնի եւ լուծի իր խնդիրները: Այսօր դեռեւս ամորֆ է հասարակությունը, կարելի է ասել նաեւ՝ գործող պետական քաղաքական համակարգը գործառութային առումով, իսկ եթե չկա պետական քաղաքականություն, չի կարող լինել համապատասխան քաղաքականություն կրթական, ֆինանսական, իրավական ոլորտում: Ուղենիշը պետք է լինի պետական քաղաքականությունը: Խոսքը գործող, իրականացվող քաղաքականության մասին չէ, այլ հայեցակարգի, ծրագրի մասին է: Անհրաժեշտ են որոշակի գաղափարներ, կողմնորոշիչներ, արժեքներ, որոնց համեմատ ոչ միայն երիտասարդները, այլեւ ցանկացած ոք կարող է իրեն հարաբերակցել եւ եզրակացնել, թե ինչքանո՞վ է այդ իրավիճակն իրեն բավարարում, գոհացնում կամ չի գոհացնում: Այսօր մենք կորցրել ենք քաղաքական ակտիվությունը: Երիտասարդությունը որպես կանոն լինում է ակտիվ, բայց այսօր այն պասիվացել է: Շատ չեն այն երիտասարդները, որոնք հոգեբանորեն պատրաստ եւ գիտակցված ուզում են մնալ Հայաստանում: Աճող սերունդը պետք է ամուր հող ունենա ոտքերի տակ: Գաղափարական աշխատանք տանելու համար դասախոսն էլ պետք է ունենա համապատասխան արժեհամակարգ: Արժեհամակարգի բացակայության պայմաններում հասարակությունը վերածվում է անջատված, ատոմացված անհատների բազմության. արժեհամակարգն ու գաղափարախոսությունն են միավորում անհատներին: Մենք՝ անհատներս, այսօր չենք կարող ազդել երիտասարդների առջեւ ծառացած խնդիրների լուծման ընթացքի վրա՝ բացակայում են համակարգված, ուղղորդված գործողություններ: – Երիտասարդությունը հոգեբանորեն պատրա՞ստ է գնալու ընտրությունների: – Այսօր երիտասարդության շրջանում քաղաքական անտարբերություն է նկատվում: Երիտասարդը հոգեբանորեն ճնշված է եւ ելքեր է որոնում: Դեռեւս չկան այն չափանիշները, որոնք երիտասարդության համար ճիշտ կողմնորոշման հենարան դառնան: Այդ չափանիշները չեն տալիս նաեւ ընդդիմադիր կուսակցությունները: Հիմա իրավիճակը կարծես թե հանդարտ է՝ ալեկոծումներ չկան, բայց դա դեռ չի նշանակում, թե իրավիճակը բարվոք է: Սա ինչ-որ տեղ նույնիսկ ճահճացման է նման: Արտաքին հանդարտությունը չպետք է նույնացնել կայունության հետ. այն բացասական ազդեցություն է թողնում իր համար հեռանկարներ չտեսնող երիտասարդության վրա: Ես կգերադասեի, որ այսօր ինչ-որ պոռթկումներ լինեին, քան այս հանգիստ, անտարբեր վիճակը շարունակվեր: Սա մահացու է: Այսպես շարունակելով՝ մենք պետության քաղաքացիներ լինելուց կվերածվենք անդեմ միավորների, հատկապես երիտասարդությունը: Սա լուրջ մոտեցման, հետազոտման, ամենաբարձր մակարդակով քննարկման հարց է: Զրուցեց ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ