Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ համար է «մեծ շենքը»

Նոյեմբեր 23,2002 00:00

Ինչի՞ համար է «մեծ շենքը» «Ես էսքան քայլե՞լ էի»,- հեւալով արտաբերեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ շրջելով Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գրասենյակում։ Ապա նկատեց. «Ոչ մի նախարարություն այսպիսի շենք չունի»։ Իսկ հիմնադրամի գործադիր տնօրենն, ըստ վարչապետի, «ինքն իր գլխին գործ սարքեց»։ Բանն այն է, որ հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը ի պաշտոնե հիմնադրամի խորհրդի նախագահ վարչապետին ծանոթացնելով գրասենյակի աշխատանքային առօրյային, տեղեկացրեց, որ վարչապետի այցի առիթով «յուրաքանչյուր սենյակից մեկին խնդրել ենք, որ գա»։ Այնուհետեւ պարզաբանեց, որ «նրանք հիմնականում երկուշաբթի օրերն են այստեղ լինում. երեքշաբթի գնում են մարզեր, ուրբաթ օրը վերադառնում»։ Վարչապետը նեղսրտեց. «Բա ինչի՞ ենք էսքան մեծ շենք տվել. մի մեծ սենյակ սարքեք՝ աշխատեք»։ Այնուհետեւ կայացավ խորհրդի հերթական նիստը։ Լսվեց հիմնադրամի գործադիր գրասենյակի 2002թ. 3-րդ եռամսյակում կատարված աշխատանքների հաշվետվությունը։ Այն ներկայացրեց ՀՍՆՀ գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը։ Ըստ հաշվետվության, գրասենյակը շինարարական աշխատանքների 9 ամսվա պլանը կատարել է 100%-ով։ Համաֆինանսավորմամբ իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը 38-ն են՝ 2,98 մլն դոլար արժեքով։ Նոյեմբերի 20-ի դրությամբ, 2002թ. ընթացքում համայնքների անունից կատարվել է 958,5 հազար դոլարի ներդրում։ Ավարտված է 25 ծրագիր, որոնց հիմնական մասը դպրոցներ են, խմելու ջրի համակարգեր եւ առողջապահական հիմնարկներ։ Վերահսկման փուլում է գտնվում 75 ծրագիր։ Եռամսյակի ընթացքում Վայոց ձորի, Սյունիքի, Լոռվա եւ Տավուշի մարզերի տեղական իշխանությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համար կազմակերպվել են 17 ուսուցողական դասընթացներ։ Ուսուցանվել են օրենսդրորեն ամրագրված իրենց իրավունքներն ու պարտավորությունները։ Ըստ ՀՍՆՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի, աշխատանքները սկսվել են 8 մարզերում եւ շուտով կընդգրկեն երկրի ամբողջ տարածքը։ Խորհրդի նիստում պլանավորվեց հաջորդ տարվա աշխատանքները եւ հաստատվեց բյուջեն։ 2003թ. նախատեսվում է իրականացնել 3,7 մլն դոլարի (մոտ 75 ծրագիր) շինարարական աշխատանքներ։ Ի դեպ, պարզվեց, որ շինանյութի եւ աշխատուժի խնդիր է առաջացել՝ պայմանավորված հանրապետությունում ընթացող բուռն շինարարական աշխատանքներով։ Սակայն Համաշխարհային բանկը «թույլ է տվել» մասնագետների աշխատավարձը վերանայել, որպեսզի նաեւ որակի խնդիր չառաջանա։ Հիմնադրամին որոշակի ֆինանսական հարցերի առաջ է կանգնեցրել նաեւ «Կրեդիտ-Երեւան» բանկի դատական գործընթացներում գտնվելը, քանի որ հիմնադրամը այդ բանկի միջոցով է աշխատել։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել