Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՏՈՒՆ ՆԱՎՍ Ա»

Նոյեմբեր 23,2002 00:00

«ԿԱՏՈՒՆ ՆԱՎՍ Ա» «Որսորդները կատու չեն խփում, որովհետեւ կատուն նավս ա»,- այսպես են պատճառաբանում Թափառական կենդանիներ վնասազերծող ընկերության աշխատակիցները։ Այդ պատճառով վնասազերծում են միայն շներին։ Սովորաբար ընկերությունում արձագանքում են թափառական կենդանիների մասին բնակիչների ահազանգերին, սակայն միայն այն դեպքում, եթե բնակիչը հայտնում է իր անուն-ազգանունը, հասցեն, որոնք գրանցվում են ընկերությունում։ Պատասխան զանգով այս ինֆորմացիան ստուգելուց հետո են միայն ընկերությունում միջոցներ ձեռնարկում։ Ինչը նշանակում է, որ, այսպես կոչված, կոմպլեկտավորումից հետո շաբաթը 2-3 համայնքներում «որսորդ են հանում» վնասազերծելու թափառող կենդանիներին։ Տարվա սկզբից մինչեւ հիմա ընկերությունը ստացել է 954 ահազանգ բնակիչներից եւ 350-ը՝ թաղապետարաններից։ Տարվա սկզբից առայսօր ոչնչացվել է 8850 թափառող կենդանի։ Սակայն այս տարվա նոյեմբերի 20-ին, ինչպես հայտնեց ընկերության տնօրեն Արշակ Վարդանյանը, համալիր միջոցառում է անցկացվել, այսինքն, այդ օրը քաղաքում ոչնչացվել են հանդիպած բոլոր թափառող կենդանիները։ «Հաշվի առնելով, որ ձմեռ է գալիս, իսկ թափառող կենդանիները ձմռանը ավելի վտանգավոր են դառնում սովի, ցրտի պատճառով, որոշեցինք քաղաքի մակարդակով անցկացնել այդ միջոցառումը, որպեսզի խուսափենք կենդանիների միգրացիայից»,- պարզաբանում է Ա. Վարդանյանը։ Պարզվում է, որ որոշ համայնքներում վնասազերծման աշխատանքներ կատարելուց հետո ուրիշ համայնքներից կենդանիները «միգրացիայի են ենթարկվում» այլ համայնքներ։ Քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Արմեն Ղազարյանից տեղեկացանք, որ այդ օրը «ամենաշնաշատը» եղել է Շենգավիթի համայնքը, որտեղ վնասազերծվել է 54 կենդանի, այնուհետեւ Նոր Նորքը՝ 45, «ամենաաղքատն» այդ առումով եղել է Դավիթաշենը՝ 10։ Ընդհանուր առմամբ, բացի Նորք-Մարաշ համայնքից, Երեւան քաղաքում ոչնչացվել է 384 թափառող կենդանի։ Նորք-Մարաշում հիմնականում մասնավոր տնատիրություններ են եւ այդտեղ շատ են «տերով» շները։ Այնտեղ այդ աշխատանքները իրականացնում է թաղապետարանը։ Այն մեղադրանքները, թե որսորդները սովորաբար շատ ավելի քիչ կենդանիներ են վնասազերծում, քան իրենց հաշվետվություններում են ներկայացնում, ընկերության տնօրեն Ա. Վարդանյանը չի ընդունում, վկայակոչելով իրենց աշխատանքի կազմակերպման մեխանիզմները։ Տարվա սկզբին հայտարարվում է մրցույթ թափառող կենդանիների ոչնչացման համար։ Մրցույթը շահող կազմակերպությունը պայմանագրով հաստատված գումարի սահմաններում վնասազերծում է որոշակի քանակով թափառող կենդանիներ եւ իրականում անիմաստ է ավելի մեծ թիվ ցույց տալ, քանի որ դրանից, միեւնույն է, պայմանագրով սահմանված գումարը չի ավելանա։ Նման միջոցառումներին մշտապես ներկա են լինում ներքին գործերի եւ համայնքապետարանների ներկայացուցիչները։ Ինչպես որսորդներն են պատմում, հաճախ բնակիչների հետ խոսք ու վեճ է լինում, ասենք, երբ պարզվում է, որ մի բնակիչ ահազանգել է, սակայն ընկերության աշխատակիցների այցելությունից հետո պարզվել է, որ բողոքը վերաբերում է ոչ թե անտեր եւ թափառող, այլ բնակչի հարեւանի շանը։ «Միանշանակ, մեր ամբողջ կազմակերպությունը դեմ է վնասազերծման այս՝ խփելու տարբերակին, սակայն այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակում միակ մատչելի ձեւը սա է։ Փորձում ենք ստեղծել ապաստարան, ինչպես քաղաքակիրթ երկրներում է, որպեսզի հավաքենք եւ շներին պահենք այնտեղ մինչեւ իրենց բնական մահը։ Ի դեպ, այդ դեպքում շներն ամլացվում են։ Այսօր ամենաշատը կարող ենք 50-100 շուն պահել։ Շան մեկ օրվա սննդի արժեքը 100 դրամ է, իսկ պրոֆիլակտիկա՞ն, խնա՞մքը…»,- ասում է ընկերության խորհրդի նախագահ Միքայել Դավթյանը։ Նրանք արդեն ունեն ապաստարանի համար առանձնացված տարածք եւ միջոցների առկայության դեպքում, հավաստիացնում են, որ պատրաստ են շներին քաղաքակիրթ ձեւով պահել։ Ի դեպ, հաճախ բնակիչները բողոքում են ոչ միայն թափառող կենդանիներից, այլեւ դրանց ոչնչացման ժամանակ հնչող կրակոցների ձայնից։ Պարոն Դավթյանի հավաստմամբ, ընկերությունը պատրաստվում է ձեռք բերել խլացուցիչներ, որպեսզի բնակչությանը չանհանգստացնեն։ ԼՈՒՍԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել