Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՓՍՈՍՈՒՄ Է, ՈՐ ՉԿԱ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ

Նոյեմբեր 23,2002 00:00

ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՓՍՈՍՈՒՄ Է, ՈՐ ՉԿԱ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը Պրահայում մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, երեկ այցելել է «Ազատություն» ռ/կ-ի կենտրոնական գրասենյակ եւ բացառիկ հարցազրույց տվել ուղիղ եթերում: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ կայացած հերթական դեմառդեմ հանդիպմանը, որից հետո երկու երկրների նախագահներն էլ լրագրողներին ասել էին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում արմատական փոփոխություններ չեն լինի մինչեւ Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտը, Հայաստանի նախագահն ասաց. «Այո, կարելի է ենթադրել, որ մինչեւ ընտրությունների վերջը Հայաստանում եւ Ադրբեջանում որեւէ պրոցես կապված ինչ-որ պայմանավորվածությունների իրականացման հետ, չի լինի: Բայց դա չի նշանակում, որ մենք այս ժամանակահատվածը չպետք է փորձենք օգտագործել վիճահարույց հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար»: Պատասխանելով հարցին, թե ինչպիսի նշանակություն ունի ՆԱՏՕ-ն Հայաստանի անվտանգության համար, Ռոբերտ Քոչարյանը ասել է. «Մենք մտադրված ենք ընդլայնել մեր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Կլինեն ե՛ւ զորավարժություններ, կլինեն ավելի հաճախակի նաեւ կոնտակտներ: Բայց կոնկրետ Հայաստանի անվտանգության հարցերի հետ այսօր մենք սա ուղղակի չենք կապում»: Պատասխանելով հարցին, թե ում հետ կուզենար մրցել 2003-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում, գործող նախագահն ասաց. «Ապահովելով ազատությունը եւ արդարությունը ընտրությունների ժամանակ, ես դրանով չեմ օգնում ընդդիմությանը: Ես օգնում եմ մեր երկրին, մեր ժողովրդին: Կոնկրետ թեկնածուներ չեմ նշելու: Ուղղակի ափսոսանք պետք է հայտնեմ, որ ընդհանուր թեկնածու չհաջողվեց ընդդիմության կողմից առաջադրել»: Իսկ օրվա առաջին կեսին Հայաստանի նախագահը ելույթ է ունեցել Եվրաատլանտյան գործակցության խորհրդի նիստում: Նա հավաստիացրել է, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ եւ աջակցել հակաահաբեկչական պայքարին: «Ինչպես մենք արդեն ցույց ենք տվել Փարիզում եւ Քի Ուեսթում, լիովին վճռական ենք ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման հարցում»,- իր ելույթում անդրադառնալով ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացին, ասել է Քոչարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել