Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉԻ՞Ց Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Նոյեմբեր 23,2002 00:00

ԻՆՉԻ՞Ց Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ Շատերին ծեծված ու տափակ կարող է թվալ այս հռետորական հարցը։ Բայց այնքան էլ այդպես չէ, մանավանդ, երբ մոտ քսան օր գտնվում ես հավերժական թվացող թռիչքների մեջ, երբ 3-4 օրը մեկ ինքնաթիռից ինքնաթիռ ես անցնում, հյուսիսային նահանգներից հասնում ես ամենահարավային կետերը, շփվում ես ամեն գույնի եւ հոտի ամերիկացիների հետ ու հետո, հերթական անգամ համոզվելով, որ Երկիրն այնուամենայնիվ կլոր է եւ դեռ շարունակում է պտտվել՝ վերադառնում ես հայրենիք։ Հենց այստեղ է, որ հասկանում ես, թե ինչից է սկսվում Հայրենիքը։ Այն սկսվում է Էռնեկյանին «նվիրաբերած» օդանավակայանից, ժամեր շարունակ ուշացող ուղեբեռի սպասումների մեջ, բեռնակիրների՝ «քուր ջան, կարամ հինգ դոլարով օգնեմ» առաջարկից, ռուս սահմանապահի զննող հայացքից եւ եվրոպաներում ու ամերիկաներում իրենց զարմանալի կարգապահ, իսկ հարազատ հողի վրա առյուծ կտրած եւ աջ ու ձախ թքող հայերից։ Էդ թուքը պարզապես անտանելի է, տպավորությունն այնպիսին էր, որ մի ամբողջ օդանավ հայեր Վիեննայից Երեւան թռիչքի ընթացքում կուտակել էին իրենց ամբողջ թուքը եւ գետնին հասնելուն պես «արա, եկեք մի կուշտ ծխենք» նախադասությունից հետո որպես փրկօղակ սկսեցին նաեւ թքել։ Մենք ինչ-որ անբացատրելի հումքից ենք հունցված։ Որեւէ այլ օդակայանում հեռվից հեռու հասկացնում ենք, որ մենք ենք՝ հայերս։ Բայց օտարների կարգը չենք խախտում, հլու-հնազանդ շարք ենք կանգնում, ամեն ինչ անում ենք մեր հերթին։ Ահաբեկչության դեմ մղվող համաշխարհային պայքարին միացած, հլու-հնազանդ հանում ենք կոշիկները, ֆիզկուլտուրնիկի պես ձեռքներս պարզած սպասում ենք, որ մեզ քննեն։ Ճիշտ ենք անում, լավ ենք անում, եթե աշխարհն այդպես է որոշել, ուրեմն պետք է թույլ տանք՝ համոզվի, որ մենք բեն Լադեն չենք, որ մեր միջի բենլադենացուն տանն ենք պահում, հետներս տեղ-մեղ չենք տանում։ Բայց, գրողը տանի, էդ ի՞նչ մոծակ է մեզ խայթում, երբ գալիս ենք Հայրենիք. «Արա, հըլը պասպորտդ տուր, հեսա պեչատեմ-բերեմ» տիպիկ հայկական փայլատակումը լսելուն պես հասկանում ես, որ դու արդեն տանն ես, որ Հայրենիքդ սկսվեց ու գլխացավդ էլ հետը։ Եթե ուրիշ տեղում ուղեբեռդ կարող ես հանգիստ, առանց կասկածամտության հանձնել ու ինքնաթիռը դեռ հազիվհազ վայրէջք կատարած ետ ստանալ, մեզ մոտ պետք է երկու-երկուսուկես ժամ նյարդայնանաս, գնաս-գաս, իզուր պտտվող սարքի վրա որեւէ ճամպրուկ փնտրես։ Բեռնասայլակ ասվածը ընդհանրապես վերացած է, գրեթե դինոզավր։ Ու եթե բախտդ բերում է եւ մի փոքր փոշոտված ու ծռմռված մարզական պայուսակդ եւ ճամպրուկդ ետ ես ստանում, այնքան ես ուրախանում, ո՞նց չուրախանաս, երբ անհնարինը ակնհայտ ես տեսնում։ Բայց դեռ պետք է դուրս գալ այդտեղից, ինչ-որ մարդիկ ամեն վայրկյան մոտենում են՝ իրենց «քուր ջան, օգնեմ»-ով, ուրիշներն էլ ուղեբեռի կտրոնն են իրար ձեռքից փախցնում, կարծես գործարքային աշխատավարձ են ստանալու դրա համար՝ ով ավելի շատ կտրոն կհավաքի։ Այս Սոդոմ-Գոմորից հազիվ ես ազատվում ու նորից ավելորդ անգամ համոզվում ես, որ Հայրենիքդ սկսված է։ Այսինքն՝ ոստիկանը օդակայանից դուրս եկող հենց առաջին ոլորանի մոտ «բռնացնում» է ու անհասկանալի ինչ-որ բան է մրթմրթում մեքենայի «չվառվող» թարթիչի, չտրված ազդանշանի ու էլի ինչ-որ «օբյեկտիվ», 1000 դրամ արժեցող (երբեմն՝ ավելին) պատճառի մասին։ Եթե հասցնում եմ այստեղից դուրս պրծնել, կարգապահ ոստիկանների մեկ ուրիշ խումբ էլ քեզ «ողջունում» է օդակայանի փոքրիկ հրապարակն անցնելուց անմիջապես հետո։ Կարեւոր չէ, թե ինչ է ասում, կարեւորն այն է, որ Հայրենիքդ սկսվել է։ Հոգիդ հպարտությունից ուռչում է, ո՜նց է փքվում։ Բա մենք թույլ կտա՞նք, որ մեր երկիր մտնող որեւէ մեկը, թեկուզեւ ամենասեւն ու ամենասեւամազը, կոշիկ հանի, ֆիզկուլտուրնիկի պես թեւերը պարզած կանգնի։ Բա ամոթ չի՞, հայ ենք, չէ՞, վստահություն-բան վերացա՞վ։ Արժե՞ր, կասեք, այսքան մեզ սեւացնել։ Մի Էռնեկյան է, դեռ երեկ չէ առաջին օրն է սեփականաշնորհել, դեռ կսարքի, կսիրունացնի։ Ինչ էլ անի, միեւնույն է, մեջդ մնալու է այն միակ ճշմարտությունը, որ մենք պետություն ենք առանց օդակայանի, առանց մեր երկիր մտնելու սեփական դարպասի։ Ու նախանձի պես մի բան ճնշելու է։ Ի դեպ, նախանձի մասին։ Մայամիի քաղաքապետ, կուբացի Ալեքս Պինենասը դեմոկրատ է։ Բոլորովին պատահաբար Մայամիում գտնվող լրագրողների խումբը քաղաքապետին «բռնացրեց» ճաշի գնալիս։ Քաղաքի «Վերսալ» ռեստորանում (սա մեկ հարկանի, բավականին համեստ, միայն ճաշելու, հաց ուտելու համար նախատեսված ռեստորան է), որտեղ, դարձյալ բոլորովին պատահաբար, որոշեցինք նաեւ մենք ճաշել։ Լանչը ամերիկացիների համար սուրբ արարողություն է։ Աշխարհն էլ շուռ գա, լանչի ժամին նրանք պետք է «լանչ անեն»։ Պատկերացրեք, լանչի նստած տասնյակ մարդիկ ինչպես էին ողջագուրվում իրենց քաղաքապետի հետ, ձեռքից ձեռք էին խլում, նկարվում էին հետը։ Ալեքս Պինենասը երկրորդ անգամ է ընտրվել Մայամիի քաղաքապետ, եւ հաստատ Բուշի մտքով չի անցել գնալ քաղաքապետարան, խոսել «փողի վրա նստած» լինելու եւ փող աշխատել չկարողանալու մասին։ Քաղաքապետն ընտրվել է ընտրությունների արդյունքում, եւ ամերիկացիք հարգում են այդ արդյունքը։ Մնացածը՝ ոնց որ կինոյում։ Երեւանի քաղաքապետի հետ՝ համեմատության ոչ մի եզր, սարուձորի տարբերություն։ Ռոբերտ Նազարյանը մեր՝ երեւանցիներիս քաղաքապետն է, ինչպե՞ս կարելի է նրան թույլ տալ, որ մի սովորական ռեստորանում «լանչ» անի, դեռ հետն էլ մեզ կոտորենք՝ հետը նկարվելու համար։ Նախանձելի շփվող են ամերիկացիք՝ ամեն անծանոթի ժպտում են, «սորի», «թենքյու» եւ մնացած բաները՝ տեղը տեղին։ Թեկուզ եւ ձեւական, թեկուզ եւ՝ մանրուք, բայց հաճելի է եւ նախանձ է շարժում։ Հիմա էլ մեկ ուրիշ, այս անգամ շատ ավելի պրոֆեսիոնալ նախանձի մասին։ Մինեապոլիսի՝ զույգ քաղաքների հանրային հեռուստաընկերությունում մեզ այնքան զարմացրին, որ այդ պահին մերի հետ զուգահեռներ անցկացնելն անգամ մտքներովս չանցավ։ Ավելի ուշ պարզապես շվարել էինք՝ ո՞նց, մեզ թույլ տվեցին մտնել նկարահանման դահլիճ, որտեղ ուղիղ եթերում բանավիճում էին նահանգապետի չորս թեկնածուները։ Մարդիկ իրոք բանավիճում էին, առանց իրար վիրավորելու, առանց իրար ընդհատելու, առանց ծաղրի, մինչեւ վերջ լսելով դիմացինին։ Հրավիրված էին նաեւ ֆոտոթղթակիցներ, որոնք հենց հաղորդման պահին ազատ նկարում էին թեկնածուներին, իսկ հաղորդումից հետո կարողացան մոտենալ եւ հարցազրույցներ ունենալ։ Հաջորդ օրը բոլոր թերթերը անդրադարձել էին հեռուստաբանավեճին։ Իրար հաջորդող այս նախանձների միջից էլ ամեն անգամ սկսվում էր Հայրենիքդ։ Սկսվում էր սիրտ ցավեցնելու չափ իրական, «ականջներդ կքաշեմ եւ երկաթգծի ռելսերին կշարեմ»-ի պես կոպիտ, «միակ տղամարդու» եւ հեռախոսային կապի պես անիրական։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել