Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանություն-ընդդիմություն քաղաքական պայքարը չի գործում

Նոյեմբեր 23,2002 00:00

Իշխանություն-ընդդիմություն քաղաքական պայքարը չի գործում «Քաղաքական քննարկումների ակումբ»-ում երեկ քննարկվում էր «Քաղաքական կուսակցությունները Հայաստանում» թեման։ Հրավիրվածների մեջ էին Հայաստանում գործող տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ եւ լրագրողներ։ Թեմայի շուրջ հիմնական զեկուցումները ներկայացրին Ավետիք Իշխանյանը եւ Խոսրով Հարությունյանը։ Նման քննարկումների ընթացքում հնչում են խիստ հակոտնյա կարծիքներ, եւ դժվար է բոլորին անդրադառնալ։ Ուստի, բավարարվենք միայն հիմնական բանախոսների ներկայացրած որոշ վիճակագրությամբ եւ մտքերով, որոնց համադրումը կարող է որոշ հետաքրքրություն ներկայացնել։ Ավետիք Իշխանյանը փորձեց վերլուծել քաղաքական կուսակցությունների ձեւավորումը եւ զարգացումը 1991 թվականից հետո։ 1991-2002 թթ. Հայաստանում գրանցվել է 108 կուսակցություն։ Ընդ որում, մինչեւ 1995-ը գրանցվել են. 91-ին՝ 20, 92-ին՝ 8, 93-ին՝ 5, 94-ին՝ 9, 95-ին՝ 5 կուսակցություն, ընդհանուր առմամբ՝ 47 կուսակցություն. «Եթե դիտարկենք բոլոր գրանցված կուսակցությունները, ապա մինչեւ 99 թվականն ազդեցիկ կուսակցությունները (բացի ՀԺԿ-ից) գրանցվել են 91-92 թթ.։ Դրանք են ՀՅԴ-ն, ՀՀՇ-ն, ԱԻՄ-ը, ՀԿԿ-ն, ԱԺՄ-ն։ Այս շրջանը կարող էր լավ շարունակություն ունենալ կուսակցությունների զարգացման համար, եթե…»։ Ըստ Ավ. Իշխանյանի, 95-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀՇ-ն ոչ թե այլ կուսակցությունների հետ մասնակցեց ընտրություններին, այլ՝ իրեն նույնացնելով պետության հետ, օգտագործեց պետության բոլոր, հատկապես ուժային լծակները՝ իշխանությունները պահելու համար. «հատկանշական է, որ 95 թվականի ընտրություններից մի քանի օր առաջ, ՆԳ նախարարի հովանավորությամբ գրանցվեց «Շամիրամի» ֆենոմենը։ Հենց 95-ին սկիզբ դրվեց որեւէ ազդեցիկ պաշտոնյայի կողմից սեփական կուսակցության ստեղծումը եւ ներդրումը խորհրդարան։ Ազդեցիկ էին հատկապես ուժայինները։ Եթե ՆԳ նախարարը ստեղծեց «Շամիրամը», ապա պաշտպանության նախարարն անկախ պատգամավորների անվան տակ ավելի մեծ երկրապահական խումբ ունեցավ։ Արդյունքում՝ նոր ձեւավորված խորհրդարանը երեք ընդդիմադիր կուսակցությունների հետ միասին՝ Կոմկուս, ԱԺՄ, ԱԻՄ, 191-ից ունեին ընդամենը 15 տեղ»։ Հասնելով 98 թվականին, պրն Իշխանյանը նկատեց, որ այդ տարվա նախագահական ընտրությունները վարկաբեկեցին շատ կուսակցությունների, «որոնք մեկ օրում ընդդիմադիր դաշտից անցան իշխանական ճամբար։ Կուսակցությունների ի՞նչ զարգացման մասին կարող է խոսք լինել, եթե արձանագրենք, որ 92 թվականից սկսած, դասական իմաստով, այն է՝ ընտրությունների ճանապարհով, Հայաստանում իշխանություն չի փոխվել»։ 99-ին եւ «Միասնություն» դաշինքին անդրադառնալով, պրն Իշխանյանը նկատեց. «մինչեւ ընտրությունները վարկանիշ չունեցող ՀՀԿ-ն դարձավ իշխող կուսակցություն։ Եթե Վազգեն Սարգսյանը 99-ին վերացներ Հայաստանում գրանցված կուսակցություններից որեւէ մեկին, այսօր այդ կուսակցությունը կլիներ իշխող»։ Ըստ բանախոսի, Հայաստանում չի գործում դասական իմաստով՝ իշխանություն-ընդդիմություն քաղաքական պայքարը։ Խոսրով Հարությունյանի ելույթը կենտրոնացավ արտագաղթի եւ այն ծնող հանգամանքների վրա։ Ըստ պրն Հարությունյանի, արտագաղթի պատճառը ոչ այնքան սոցիալական է կամ տնտեսական, խնդիրն անորոշության մեջ է. «մարդկանց, քաղաքացիների մի հատվածի համար վաղվա օրը կանխատեսելի չէ»։ Առավել մանրամասն չանդրադառնալու պատճառն այն է, որ օրերս մեր թերթում տպագրվել է՝ այս եւ բազմաթիվ այլ հարցերի պրն Հարությունյանի վերլուծությունը։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել