Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է, ՀԻԱՍՔԱՆՉ ՄԱՐՔԻԶՈՒՀԻ

Նոյեմբեր 23,2002 00:00

ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է, ՀԻԱՍՔԱՆՉ ՄԱՐՔԻԶՈՒՀԻ Լրագրողներից մեկը երեկ կատակեց, թե Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինքի (ԺՀՈՒԴ) ստեղծման հարցը «16»-ի այլ անդամները կքննարկեն առնվազն մեկ շաբաթից, երբ դուրս կգան խորը մանթռաժից: Իսկ երեկ «16»-ի քաղխորհրդի նիստում քննարկվում էին այլ հարցեր: Նիստը վարողը՝ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը, տեղեկացրեց, որ օրակարգում «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների, բյուջետային քննարկումներում «16»-ի միասնական մոտեցումների եւ միավորման ընդհանուր մարտավարության հարցերն էին, որոնց անդրադառնալու են նաեւ հաջորդ նիստում: Լրագրողներին ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննարկվել է նաեւ միասնական թեկնածուի որոշման ժամանակացույցը, ընդ որում՝ այդ փաստաթղթի օրինակը կարծես չի ուղարկվել «Ազգային միաբանությանը», որի համար այդ թեկնածուն վաղո՜ւց որոշված է: Նիստում անդրադարձ է եղել նաեւ «Սոցիալիստական Հայաստանի» համագումարում տեղի ունեցածին եւ, ըստ Սադոյանի, մտքերի փոխանակումից հետո «որոշվեց, որ այս խնդիրները պետք է լուծվեն փոխադարձ խորհրդատվությունների միջոցով»: ԺՀՈՒԴ-ի ստեղծման վերաբերյալ հարցերին միավորման գործիչները փորձում էին պատասխանել սառնասրտորեն՝ կարծես ոչինչ էլ չի պատահել: Այսպես, «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Վաղարշակ Հարությունյանը միայն նշեց. «Սոցիալիստական Հայաստանը» «16»-ին մաս էր կազմում արդեն իսկ դաշինքով: Հիմա ավելացել են»: Նա պնդեց, թե ոչինչ չի փոխվել եւ շարունակում են աշխատել իրենց ընդունած փաստաթղթերում մատնանշված ծրագրերով: Մի՞թե վիրավորական չէր դաշինքի ստեղծման ձեւը՝ առանց միավորման գործընկերներին տեղյակ պահելու, անակնկալ: «Նախնական խոսակցություն եղել է, որ վաղուց նման գործընթաց է ընթանում: Բայց որ համագումարում դա պետք է հայտարարվի՝ տեղյակ չէինք: Եվ, ինչպես նրանք տեղեկացրին, որոշումն ընդունվել է վերջին պահին, ուշ երեկոյան: Դրա համար էլ չեն հասցրել»,- հայտնեց Վաղարշակ Հարությունյանը: Նա անկիրք էր վերաբերվում նաեւ ԺՀՈՒԴ հայտարարության այն դրույթին, թե դաշինքը նախագահական ընտրություններին մասնակցելու է միասնական թեկնածուով: «Նրանք կներկայանան մի թեկնածուով, որը կլինի միասնական թեկնածուի թեկնածու: Դա «16»-ի գործը հեշտացնում է, առավել հստակեցնում ամեն ինչ»,- պրն Հարությունյանի այս պատասխաններում հաշվի չէր առնված միայն մի հանգամանք՝ ԺՀՈՒԴ-ը չի հայտարարել, թե իր միասնական թեկնածուին ներկայացնելու է «16»-ից մյուս 8-ի դատին: Լրագրողները փորձեցին պարզել՝ գուցե «Հանրապետությունն» ու ՀԺԿ-ն է՞լ ի վերջո ստեղծեն դաշինք ու դուրս գան «16»-ից, սակայն Վաղարշակ Հարությունյանը վստահ ասաց. «Ինչ էլ որ ստեղծվի «16»-ի ներսում՝ ոչ մեկը դուրս չի գալու»: Նրա այս անխռով պատասխաններից հետո «Հայկական ժամանակի» թղթակիցը հռետորական հարց տվեց. «Այսինքն, Դուք բնականո՞ն եք համարում, որ ձեր գործընկերները ձեզ թիկունքից հարվածում են եւ կազմում դաշինքներ, որոնց մասին իմանում եք որպես շարքային քաղաքացի՝ համագումարում նստած կամ հեռուստատեսությամբ»: «Մենք որեւէ խնդիր չենք տեսնում, երբ «16»-ի շրջանակներում ձեւավորվում են գաղափարապես մերձ դաշինքներ: Ընդհակառա՛կն՝ դա ավելի է հեշտացնում «16»-ի շրջանակում միասնական մոտեցումների ձեւավորումը»,- ասաց Արշակ Սադոյանը: Սակայն մեր կարծիքով՝ սկսված գործընթացում խնդիրներ պետք է տեսնեն նրանք, ում համար թանկ են Հայաստանի պետականությունն ու անկախությունը: «16»-ի գրեթե կեսը կազմող միավորման միացյալ համագումարը սկսվում է Սովետական Հայաստանի հիմնով, բեմում կարմիր-կապույտ-կարմիր, մուրճ ու մանգաղով դրոշն է, ընդունվում է բանաձեւ, որով ազդարարվում է, թե համակարգային փոփոխություններ անելով՝ ձեւավորելու են 4-րդ Հանրապետությունը (այսինքն, վտանգվում է մեր ներկայիս՝ 3-րդ Հանրապետությո՞ւնը), իսկ միավորման կողմից առաջադրված նախագահի թեկնածուն էլ իր առաջին ծրագրային ելույթում ակնարկում է՝ Ռուսաստանի հետ նախկին միության (այսինքն՝ ԽՍՀՄ-ի) փորձը հաշվի առնելով, նոր միության ստեղծման անհրաժեշտության մասին: Ամոթ է ուղղակի, որ նման նպատակներ ունեցող գործիչների կողքին շարունակեն լինել այն մարդիկ, ովքեր 1988-ի Շարժման ակունքներում էին՝ մեր այս նկատառմանն ի պատասխան Սադոյանը նշեց. «Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող նույնիսկ մտքով անցկացնել, թե հնարավոր է, որ ազգային ուղղվածության կուսակցությունները երբեւիցե համաձայնեն երկրի անկախության վաճառքի կամ նրա նկատմամբ որեւէ ոտնձգության հետ: Եթե դա լինի պաշտոնական հայտարարություն կուսակցությունների կողմից՝ դրանից հետո ես նրանց հետ համատեղ քայլել չեմ կարող: Բայց առայժմ «16»-ի շրջանակներում ոչ մի կասկած չկա, որ անկախ պետությունը պե՛տք է լինի եւ գոյատեւի: Իսկ եթե որոշ ուժեր հեռուն գնացող ինչ-որ նպատակներ ունեն՝ դա իրենց խնդիրն է: Համենայն դեպս, առաջիկա գործընթացներում անկախության որեւէ վտանգվածություն ես դեռ չեմ տեսնում»: Իսկ ՀԺԿ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանն այս առնչությամբ ասաց. «Սոցիալիստական Հայաստանի» համագումարն իրենց համագումարն էր եւ բանաձեւն իրենց բանաձեւն է: Նրանք իրենց այդ բանաձեւով չեն մտել «16»: Այստեղ այդպիսի հարցեր չե՛ն քննարկվել եւ չե՛ն կարող քննարկվել: Մենք համագործակցում ենք այն խնդիրների շուրջ, որոնք հրապարակել ենք եւ դրանցից չենք շեղվելու եւ ոչ մի քայլ»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել