Լրահոս
Օրվա լրահոսը

Աբսուրդի թատրո՞ն, թե՞ «ընտրական 100 տոկոսանոց երաշխիք»

Նոյեմբեր 23,2002 00:00

Աբսուրդի թատրո՞ն, թե՞ «ընտրական 100 տոկոսանոց երաշխիք» Սերժ Սարգսյանը Քոչարյանի շտաբի պետ Նախօրեին սկսեցին համառորեն լուրեր տարածվել, թե Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը պետք է ղեկավարի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Եթե հաստատվի այս լուրը՝ կնշանակի, որ Քոչարյանը հերթական անգամ խախտում է Սահմանադրությունը, օրենքը, կարգը եւ, ի վերջո, իր խոսքը: «Բանակը չպետք է խառնվի քաղաքականությանը»,- ասում էր Ռոբերտ Քոչարյանը: «Ուժային կառույցները պետք է հեռու մնան ընտրական գործընթացներից»,- գտնում էր հանրապետության նախագահը… Ու հանկարծ… պաշտպանության գործող նախարարը նախընտրական շտաբի պետ: Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը համոզված է, որ դա ընդամենը ապատեղեկատվություն է. «Գործող նախարարին Քոչարյանը երբեք չի նշանակի շտաբի պետ»: Իսկ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը շատ դրական կընդունի փաստը, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացնի ու ղեկավարի Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը. «Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտա ու շարունակի բանակը ղեկավարելով նաեւ ընտրական գործընթացներում գլխավոր դեր խաղալ, սա Սահմանադրության ոտնահարում է. նշանակում է, որ բանակը անմիջականորեն խառնվում է ընտրություններին»: ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը՝ ելնելով մեր երկրում ընդունված ավանդույթներից, դեռ պաշտոնապես լուրը չհաստատված արդեն ահազանգ է հնչեցնում ի լուր աշխարհի, Եվրոպայի ու դիտորդների: «Եթե 1996 թվականին մեզ հաջողվեց խուսափել արյունահեղությունից՝ միայն այն պատճառով, որ ունեինք որոշակի լծակներ նաեւ ուժային կառույցներում, ապա այս ընտրություններում դա չկա, ու ցանկացած միջամտություն ուժայինների կողմից վերածվելու է արյունահեղության»,- ասում է Արշակ Սադոյանը: Նա համարում է, որ պաշտպանության նախարարին նախընտրական շտաբի պետ նշանակելը կարող էր տեղի ունենալ միայն աբսուրդի թատրոնում: www.a1plus.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել