Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՐԻ՛Ս, ԴՈՒ ՃԻՇՏ ՉԷԻՐ

Նոյեմբեր 23,2002 00:00

ԲՈՐԻ՛Ս, ԴՈՒ ՃԻՇՏ ՉԷԻՐ ՌԴ առաջին նախագահին ժամանակին ասված այս խոսքը հիշեցինք երեկ, երբ պարզ դարձավ, որ սկսվել է Հայաստանի առաջին նախագահի թեկնածությունն առաջադրելու գործընթաց: Մինչդեռ Բորիս Ելցինը հայտարարում էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի եւ չի վերադառնա քաղաքականություն: Սակայն Երգչախմբային ընկերության դահլիճում երեկ հավաքվածները չէին վստահեցնում, թե ստացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի համաձայնությունն իրեն առաջադրելու վերաբերյալ: «Մեր իրավունքն է առաջադրելը, իր իրավունքը՝ համաձայնելը կամ չհամաձայնելը»,- զրույցների ընթացքում ասում էին նրանք: Ըստ էության, երեկվա հավաքի գործնական արդյունքն այն եղավ, որ ստեղծվեց նախաձեռնող խմբերի համակարգող մարմին, որն էլ պիտի փորձի պարզել Հայաստանի 1-ին նախագահի դիրքորոշումը նախագահական ընտրություններում մասնակցության վերաբերյալ: Բացի այդ՝ խորհուրդը պիտի լինի ինչպես ներկայացուցչական, այնպես էլ որոշումներ կայացնող օպերատիվ մարմին: Այս հավաքում չերեւացին քաղաքական հայտնի դեմքեր: Մեծ մասամբ՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ էին, որոնք ստորագրել էին օրերս տարածված դիմումի ներքո, որով Լեւոն Տեր-Պետրոսյանին կոչ է արվում վերադառնալ մեծ քաղաքականություն: Ի դեպ, այդ դիմումին միացել են արդեն 30-ից ավելի կազմակերպություններ: Տեղեկացվեց, որ արդեն շուրջ 10 օր է, ինչ ձեւավորված նախաձեռնող խմբերը ժողովներ են անում՝ քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրելով Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իսկ երեկվա հավաքով, այսպես ասած, փորձ արվեց համադրել այդ խմբերի գործողությունները: Հավաքն անցնում էր բավական հախուռն, առանց նախապես ծրագրած սցենարի: Անգամ տեղում էր որոշվել, որ նիստը վարելու է քաղաքագետ, Քաղաքագիտական-միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը: Հախուռն ու չծրագրված էին նաեւ ելույթները: Այսպես, «Հայոց Տուն» միության նախագահ Վարդան Պետրոսյանը՝ նշելով, որ իրենց կազմակերպությունը ՀԺԿ-ի եւ «Հանրապետության» համակիրն է ու ոչ մի կասկած չունեն, որ Ստեփան Դեմիրճյանը կամ Արամ Սարգսյանը հեշտությամբ կհաղթեն Ռոբերտ Քոչարյանին, այնուամենայնիվ կոչ են անում, որ առաջադրվի Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Մենք գտնում ենք, որ այդ եռյակը եթե հանդես գա միասնական բռունցքով՝ հաղթանակը երաշխավորված կլինի: Այսինքն, եթե այդ կուսակցություններն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը համատեղ հանդես գան՝ այդ օրը եւեթ կարող ենք արձանագրել, որ Քոչարյանի բռնատիրական վարչակարգը տապալված է»: «Հայոց Տունը» պատրաստակամություն հայտնեց պաշտպանել եռյակի ցանկացած թեկնածուի, սակայն առաջարկեց՝ «Մեր հավաքի կողմից դիմենք «Հանրապետություն», ՀԺԿ կուսակցություններին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ ընտրություններում հանդես գան համատեղ ճակատով»: Առաջարկն առանձնապես չարժանացավ հավանության: Եվ մասնավորապես Աղասի Ենոքյանը նշեց, թե կողմ չէ նման եռյակ կազմելուն. «Ես ստորագրել եմ հասարակական կազմակերպությունների դիմումի տակ եւ գտնում եմ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը կնպաստի ընտրությունների օրինականությանը: Ես չեմ կարծում, որ եթե կազմվի եռյակ կամ այլ թեկնածուներ լինեն՝ կլինեն նման երաշխիքներ: Սա իմ կարծիքն է»: Եղեգնաձորցի Արտաշես Գալստյանը, որն, իր իսկ խոստովանությամբ, 1995-1996-ին դեմ է եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը, այժմ իր ելույթում պնդեց, թե առաջին նախագահի առաջադրումը հարկավոր է ժողովրդին. «Ես բազմաթիվ հարցեր ունեմ ուղղելու Լեւոն Տեր-Պետրոսյանին, ունի նաեւ հասարակությունը՝ օբյեկտիվ հարցեր են, որոնց, վստահ եմ, Տեր-Պետրոսյանը կպատասխանի անկեղծորեն, համոզիչ: Հիշում եք, թե ինչպիսին է նրա խոսքը: Գիտեք, որ նա երբեք չի ստում, ասում է ճշմարտությունը՝ անկախ նրանից, թե դրանից իր վարկանիշը կիջնի կամ կբարձրանա»: Ելույթ ունեցավ նաեւ ՀՀՇ անդամ Էմիլ Սեդրակյանը, որն առաջին նախագահի առաջադրման անհրաժեշտությունը մեկնաբանեց այսպես. «Բացի Տեր-Պետրոսյանից՝ Քոչարյանի դեմ քաղաքական խաղը ոչ ոք չի կարող տանել՝ սա միակ ճշմարտությունն է: Եվ այսքան մարդիկ, որ հավաքվել են այսօր (դահլիճը լեցուն էր.- Ա. Ի.), այդ ամենը շատ լավ հասկանում են: Մենք ոչ մեկին աջակցելու կամ ուժեղացնելու կարիք չենք զգում: Ինքներս մեր մեջ այնքան ուժ ենք զգում, որ պետք է հաղթանակենք այս ընտրություններում»: Հավաքի ավարտից հետո Աղասի Ենոքյանին խնդրեցինք անդրադառնալ այն մեկնաբանություններին, թե առաջին նախագահին պաշտպանող հասարակական կազմակերպությունները կա՛մ գործում են ՀՀՇ այս կամ այն դեմքի ղեկավարությամբ, կա՛մ մարզային, անհայտ կառույցներ են: «Այդ 30-ի մեջ իրոք կան ՀՀՇ-ի տարբեր անդամների մասնակցությամբ գործող հասարակական կազմակերպություններ,- համաձայնեց պրն Ենոքյանը:- Բայց կան եւ ՀՀՇ-ի հետ ընդհանրապես կապ չունեցող մարդիկ, որոնք միացել են այս կոչին»: Իսկ հավաքին ներկա «Տանիք» հասարակական կազմակերպության ղեկավար Աշոտ Բլեյանը հայտնեց. «Գլխավորը եւ սիրելին ինձ համար այս հավաքից այն էր, որ դահլիճի լսարանը հիմնականում շարքային քաղաքացիներ էին: Սա մի անգամ եւս ապացուցում է, որ շարունակ ուղղակի նենգափոխվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ հասարակ հայաստանցիների վերաբերմունքը: Այսօրվա լսարանն ապացուցեց, թե կան նրա անհրաժեշտությունը տեսնողներ: Եվ սա չի նշանակում, որ նրանք չունեն անցած ճանապարհի գնահատականներ: Պարզապես հասկանում են, որ հայտնվել են մի շրջադարձային փուլում, որից Լեւոն Տեր-Պետրոսյանի միջոցով կանցնեն իրենց համար ավելի բարվոք ռեժիմ»: Ի դեպ, ՀՀՇ վարչությունը որոշում է կայացրել հերթական 13-րդ համագումարը հրավիրել նոյեմբերի 28-ին: Համագումարում կուսակցությունը հավանաբար առաջադրելու է նախագահի իր թեկնածուին, եւ չի բացառվում, որ դա կարող է լինել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել