Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՆՈՒՅՆՊԻՍԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 23,2002 00:00

ԻՆՉՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՆՈՒՅՆՊԻՍԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ Եվ հակառակը Իշխանություններն այսօր լծված են նախագահական ընտրարշավի գործընթացին՝ այցելություններ մարզեր, ելույթներ, հրապարակումներ, PR-ակցիաներ… ԱԺ պատգամավորներն այս գործում աջակցում են գործող նախագահին՝ հետագա պառլամենտում կամ կառավարությունում իրենց տեղն ապահովելու համար։ ԱԺ շատ պատգամավորներ, որոնք ժամանակ առ ժամանակ փոխել են իրենց կուսակցություններն ու խմբակցությունները, գիտակցում են, որ հաջորդ պառլամենտ կարող են եւ չընկնել, թեկուզ այն պատճառով, որ թաղային մի շարք հեղինակությունների ախորժակն էլ է բացվել։ Ընտրատարածքները բաժանվել են հեղինակությունների միջեւ, սահմանապատվել՝ «Խի ինձնից լա՞վ տղեք են ընդեղ» մեկնաբանությամբ։ Ու ներկա մի շարք պատգամավորներ այսօր ստիպված են առաջադրվելու նոր ընտրատարածքներ փնտրել, զորօրինակ՝ Հովհաննես Հովհաննիսյանը եւ այլք։ Դեռ այս վազքի մեջ քննարկվում է դեպուտատների աշխատավարձը մինչեւ 700 դոլար բարձրացնելու հարցը։ ԱԺ բոլոր պատգամավորները ստանում են 140 հազար դրամ աշխատավարձ, եւս 15 հազար դրամ՝ պատգամավորական գործունեությունը կազմակերպելու համար։ Ընդ որում, մարզերից ընտրված պատգամավորները իբրեւ բնակվարձակալության փոխհատուցում ստանում են եւս 120 դոլարին համարժեք գումար՝ տուն վարձելու, ապրելու համար։ Մարզերի պատգամավորների ապրուստի կամ տուն վարձելու համար ձեւակերպումը ծիծաղելի է, այն դեպքում, երբ նրանցից յուրաքանչյուրը Երեւանում թերեւս ամենաքիչը մեկ տուն ունի։ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները, նրանց տեղակալները, խմբերի եւ խմբակցությունների ղեկավարները օգտվում են ծառայողական ավտոմեքենաներից՝ ստանալով օրական 10 լիտր բենզին։ Ու այս ամենը՝ ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին։ Ճիշտ է, նրանցից գրեթե ոչ մեկը այս աշխատավարձի հույսին չէ, չի էլ մնա անգամ 700 դոլար ստանալու դեպքում։ Բայց արդյոք աշխատավարձերի բարձրացումը կարո՞ղ է նպաստել նրանց աշխատունակության եւ մասնագիտական որակի բարձրացմանը, անկաշառությանը, կոճակ սեղմելուց առաջ քննարկվող եւ քվեարկության դրված նյութին ծանոթանալուն… Օպոզիցիան միասնական թեկնածու է փնտրում, սոցիոլոգիական հարցում է անցկացնում՝ պարզելու, թե ում է ժողովուրդն ուզում տեսնել որպես միասնական թեկնածու։ Ընդ որում, «16»-ի միավորման յուրաքանչյուր կուսակցություն նաեւ առանձին սոցիոլոգիական հարցում է անցկացրել ու պարզել, որ իրենց թեկնածուն ամենասիրվածն է հայ ժողովրդի կողմից։ «16»-ի միավորումը, որը, բնականաբար, ստեղծվել է հենց քանդվելու համար, բոլոր առումներով ձեռնտու է գործող իշխանություններին։ Միավորում, որը չի կարող երբեւէ քաղաքական կշիռ ձեռք բերել։ Օրինակ, ինչպես կարող է մի քաղաքական գործիչ լուրջ համարվել, երբ միտինգում ժողովրդի առաջ ասում է, թե ընդունում է իր՝ Քոչարյանին իշխանության բերելու սխալը (իբր ինքն է բերել) ու շարունակում. «Ժողովուրդ, ինձ մեղադրում են Քոչարյանին իշխանության բերելու մեջ։ Այո։ Բայց ի՞նչ կանեիք դուք. պատկերացրեք, եթե հարս բերեիք ձեր տուն եւ պարզվեր, որ կույս չէ»։ Այս տեքստը դեռ ամռան միտինգներից մեկում ասել էր Ալբերտ Բազեյանը, համարյա նույն ժամանակ, երբ ընդդիմության մյուս կարկառուն ներկայացուցիչ Ստեփան Դեմիրճյանը նախապես պայմանավորված ընդդիմության միտինգին չէր եկել՝ պատճառաբանելով, թե տանը հյուրեր կային։ Կամ ինչպես գոնե ունկնդրել Արտաշես Գեղամյանին, որի կոկորդին է մնացել Աստվածաշունչը (այսինքն չի մարսել ու այդ պատճառով անընդհատ ցիտում է աղանդավորի պես։ Աստվածաշունչը միայն ցիտելու համար չէ կամ բարձրաձայն կարդալու, այլ այդ Սուրբ գրքի խորհրդին պետք է հետեւել ու դրանով ապրել։ Վերջերս շահագործման հանձնվեց Արցախի «Հյուսիս-հարավ» մայրուղու Դաշբուլաղ-Բալուջա հատվածը։ Նոր ճանապարհահատվածների բացմանը մասնակցում էին նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանը եւ այլք։ Նոր ճանապարհահատվածը պետք է օրհներ հայ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանը։ Ականատեսները պատմում էին, թե ինչպես էր Ռ. Քոչարյանը բոլորի ելույթներից հետո դիմել սրբազանին՝ «պրոցեդուրան» սկսելու համար։ Ասում են, որ սրբազանը նույնպես անակնկալի էր եկել օրհնումը «պրոցեդուրա» անվանելուց… Ինչպիսի իշխանություն՝ նույնպիսի ընդդիմություն։ Եվ հակառակը: Արցախի ճանապարհաշինությունից անցնենք Երեւանին։ Ինչ խոսք, «Լինսը»՝ հանձին Քըրքորյանի, հայրենանվեր նախաձեռնություն է կատարում, որը կգրվի Երեւանի կենսագրության մեջ։ Սակայն ինչպես են դա իրականացնում արդի հայ չինովնիկները։ Խնդիրը միայն այն չէ, որ ճանապարհաշինության տենդերները Հայաստանում այսօր շահում են ղարաբաղյան ծագումով ընկերությունները կամ Արտաշես Թումանյանի հովանավորյալ ընկերությունը, այլ այն, որ դա կատարվում է հապշտապ (որովհետեւ գումարները մինչեւ տարեվերջ պիտի տրվեն) եւ անորակ, այլ այն, որ սխալ կազմակերպման պատճառով խաթարվում է քաղաքի ողջ տրանսպորտային շարժը։ Միգուցե Երեւանի քաղաքապետը իր գործո՞վ զբաղվի նախքան իրեն անծանոթ մասնագիտությունների գծով ակադեմիկոսի կոչումներ ստանալը։ Օրերս Երեւանի քաղաքապետ Ռ. Նազարյանին Հայաստանում ՌԴ դեսպան Ա. Դրյուկովը հանձնել էր ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոսի կոչում։ Եթե մեզանում առաջ, այլ երկրից եկած հյուրին պտտում էին Գառնի-Գեղարդով, այլ տեսարժան սրբավայրերով, ապա այսօր առաջին հերթին տանում են Ցեղասպանության թանգարան, ապա՝ այս կամ այն բուհ եւ ակադեմիկոսների ու Երեւանի պատվավոր քաղաքացիների կոչումներ տալիս։ Օրաթերթերից մեկը Նազարյանի այս կոչմանն անդրադառնալով գրել էր, որ իբր Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը Նազարյանին «պապայություն» է անում։ Շատ բարձր է հնչում. երկնքից ցած իջնենք, նա ուր՝ նա ուր։ Պատկերացնում ենք, ինչպես է ինքն իր մեջ ուռել Ռ. Նազարյանը, իր անունը Լուժկովի անվան կողքին տեսնելով։ Լուժկովի քաղաքական կամ ֆինանսատնտեսական փոխհարաբերությունները մի կողմ, նա գոնե Մոսկվայի զարգացման ծրագրեր է մտմտում, սկսած այն բանից, որ կազինոյի կամ զուգագուլպայի գովազդավահանակները հանկարծ չվարագուրեն մշակութային եւ քաղաքային նշանակության շենքերը։ Իսկ Նազարյանը Օպերայի շենքն է շրջափակում… Վատ չէր լինի, եթե ակադեմիկոսի եւ այլ կոչումներ շաղ տալուց եւ ստանալուց առաջ գոնե իմանալ թեկուզ «ակադեմիա» եւ «ակադեմիկոս» բառերի ծագումն ու իմաստը։ Ըստ Ս. Ի. Օժյոգովի բացատրական բառարանի, «ակադեմիա» բառն ունի հետեւյալ բացատրությունները. 1. բարձրագույն գիտական կամ գեղարվեստական հաստատություն, 2. որոշ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվանում։ Ընդ որում, «ակադեմիա» բառն ունի լատինական եւ հունական ծագում, սկզբնական շրջանում այն եղել է Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցի անվանումը։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել