Մեկ տարում ԱՄՆ դեսպանը առաջընթաց է գրանցել «Ես կարծում եմ, պատշաճ չի լինի Միացյալ Նահանգների կամ որեւէ մեկ այլ երկրի համար՝ ասել, թե կոնկրետ ում թեկնածությունը պետք է պաշտպանվի։ Բնականաբար, մենք չենք սատարում եւ չենք հակադրվում որեւէ մեկի թեկնածությանը, բայց, իհարկե, մի հարցում մենք հաստատակամ ենք, ու մեր դիրքորոշումը հստակ է՝ մենք ուզում ենք, որ ընտրությունները լինեն արդար եւ թափանցիկ։ Ես վստահ եմ, որ նման ընտրությունների իրականացում հնարավոր է։ Առաջիկա ամիսների ընթացքում մենք հնարավորինս կաջակցենք այնտեղ, որտեղ կնկատվի մեր կարիքը»,- հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը։ Երեկ մայրաքաղաք Երեւանում պայծառ, արեւոտ եղանակ էր, երբ իր պաշտոնավարության մեկամյակի առթիվ ասուլիս էր անցկացնում Միացյալ Նահանգների դեսպանը, ու նրա համար դժվար էր պատկերացնել, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը, երբ ինքը ոտք դրեց Երեւան՝ ձյուն էր գալիս։ Այս մեկ տարվա ընթացքում Ջոն Օրդուեյը հասցրել է շրջագայել Հայաստանի գրեթե բոլոր մարզերով, անցնելով մեր երկրի հյուսիսից-հարավ, ծանոթանալ մեր երկրի պատմությանը եւ իր համար բացահայտել այն բազմազանությունը, որ ունի մեր երկիրը։ Այս ամենից բացի Միացյալ Նահանգների դեսպանը ուղիղ մեկ տարվա ընթացքում հասցրել է մեր 2 երկրների միջեւ գործակցության ծրագրեր իրականացնել։ Ինքն իր աշխատանքը գնահատելով էլ դեսպան Օրդուեյն ասաց. «Մեկ տարի այստեղ պաշտոնավարելուց հետո ես կարող եմ ասել, որ բավականին ուրախ եմ տեսնել այն էներգիան, այն ակտիվությունը, այն հանձնառությունը, որ ստանձնել են 2 կողմերն էլ։ Նույնիսկ ընդամենն այս մեկ տարվա ընթացքում, որ ես պաշտոնավարում եմ Հայաստանում, թույլ տվեք ասել, որ բավականին մեծ առաջընթաց է նկատվել։ Եվ, իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ սա երկար ճանապարհ է, որի ընթացքում լինում են ե՛ւ դժվարություններ, ե՛ւ հաջողություններ»։ Դեսպան Օրդուեյը Հայաստանի հետ Միացյալ Նահանգների գործակցությունը բաժանեց 3 հիմնական բնագավառների։ Դրանցից են մեր տարածաշրջանում անվտանգության եւ ապահովության խնդիրները, տնտեսական համակարգի գործակցություն՝ ներդրումների եւ գործարար մթնոլորտի ապահովում, մանր եւ միջին բիզնեսի աջակցություն, աղետի գոտու վերացման ծրագրեր, քաղաքացիական եւ ժողովրդավարական հասարակության ստեղծման գործընթացների աջակցություն։ Եվ որպես նորություն պրն Օրդուեյը կարեւորեց մեր երկրների միջեւ սկսված ռազմական համակարգի գործակցությունը։ Չնայած լրագրողների «խաչաձեւ» հարցերին՝ Միացյալ Նահանգների դեսպանն անդրդվելի մնաց ու չշեղվեց իր երկրի որդեգրած ուղուց՝ այդպես էլ «չխոստովանելով», որ ԱՄՆ-ը մեր երկրում կարող է նախագահի իր նախընտրած թեկնածուն ունենալ։ Դեսպան Օրդուեյը մեծ դիվանագիտությամբ անընդհատ ընդգծում էր, որ ԱՄՆ-ը կարեւորում է արդար եւ թափանցիկ ընտրությունները, ուստի եւ կշարունակի գործակցել Հայաստանի հետ՝ անկախ այն հանգամանքից, թե ով է լեգիտիմ ընտրված նախագահը։ Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ