Գավառամտության հաղթարշավ կամ ես քեզ, դու՝ ինձ Ես շատ լավ եմ հիշում Սայաթ-Նովայի փողոցի բացման արարողությունը՝ Սայաթ172Նովայի ծննդյան 250-ամյակի տոնակատարության օրերին։ Մեծ իրադարձություն էր, եւ ամբողջ փողոցը, որ լեփ-լեցուն էր կինտոների տարազ հագած վաճառողներով, մի գեղեցիկ թատերաբեմի էր նմանվում: Նորաբաց փողոցը կարծես շատրվանների, ցայտաղբյուրների ու հուշարձանների մի իսկական շքահանդես լիներ, ցուցահանդես՝ բաց երկնքի տակ։ Ենթադրում եմ, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը իմ սերնդից է։ Միաժամանակ համոզված եմ, որ նա փողոցի բացմանը ներկա չի եղել։ Այլապես թույլ չէր տա այսպես այլանդակել այն։ ճարտարապետը կնկատեր, որ փողոցի մայթերը հապճեպորեն փոքրանում են, կանաչ գազոնները՝ ամենուրեք անխնա ոչնչացվում, դրանց տեղն անմիջապես ասֆալտապատվում է, եւ ավտոմեքենաների կայանատեղեր են բացվում։ Չգիտեմ՝ ի՞նչ նախագծով է ընթանում շինարարությունը, եւ արդյոք որեւէ նախագիծ կա՞, բայց դժվար է մտածել, որ «պատահական դիպվածով» են խանութների եւ ռեստորանների դիմաց («Ալկոն», «Առոմա», «Փուլման», «Լոտոս», «Օրբիտա», «Լուքսոր» եւ էլի հայտնի ու դեռեւս անանուն «օբյեկտներ») քառասնամյա գազոնները ոչնչացվում: Այսինքն՝ փողոցի շինարարությունը կատարվում է ի հաճույս եւ ի շահ խանութպանների, հատուկ նրանց համար ստեղծված «նախագծով»։ Ի՜նչ հոգատարություն քաղաքապետարանի կողմից բիզնեսի կայացման համար։ Չգիտեմ, թե ինչքան է 1 քմ գազոնը ասֆալտապատված ավտոկայանատեղերի վերածելու «հախը», բայց որ դա կատարվում է «ես քեզ, դու՝ ինձ» հանրահայտ դիզայնով, կասկած չունեմ։ Երեւանի մյուս կենտրոնական փողոցների շինարարության ընթացքում նույն ձեռագրով ծառեր են կտրվում եւ կանաչ գոտիներ ոչնչացվում։ Գազոնների եւ ծառերի ոչնչացման գործընթացը զուգահեռաբար կատարվում է Երեւանի Օղակաձեւ այգում, իսկ Օպերայի տարածքում այն գրեթե ավարտված է։ Համաձայնեք, հազիվ թե մանուկ հասակում Օպերայի հրապարակում հեծանիվ քշած մեկը այս գործընթացը նոր մտածողության հաղթանակ համարեր։ Մանավանդ քաղաքի գլխավոր ճարտարապետը երբեք չէր խոսի գիշերային խրախճանքի օբեկտների Օպերայի տարածքում ներդաշնակության մասին։ Կենտրոնի համատարած գազոնաթափման մի այլ «հանճարեղ» հիմնավորում քաղաքի ճարտարապետի եւ այլ պաշտոնյա այրերի կողմից, քանի որ քաղաքապետարանը միջոցներ չունի, գազոններն անխնամ են մնում, մասնավոր անձը տարածքները իրեն հատկացվելու դեպքում կկազմակերպի դրանց խնամքի ծանր գործը։ Այս տրամաբանությամբ են քաղաքի կենտրոնի այգիների մեծ մասը զբաղեցրել անճաշակ եւ այլանդակ բետոնապատ շինությունները։ Նախ՝ մասնավորները, ինչպես պնդում են չար լեզուները, այդքան էլ պատահական մարդիկ չեն, կամ պաշտոնյաներ են, կամ նրանց ազգականները։ Երկրորդ՝ ինչպես տեսնում ենք, իրականում գազոնները ոչ թե խնամվում են, այլ ոչնչացվում եւ մնում բետոնի տակ։ Թոզ փչելու համար պահպանվում է մի չնչին մասը միայն։ Եթե այս օրերին կտրում կամ չորացնում են միայն շինարարությանը եւ բետոնապատմանը խանգարող ծառերը, ապա որեւէ երաշխիք չկա, որ հաջորդ քայլը դրանց համատարած ոչնչացումը չի լինելու։ Չէ, արգո Նարեկ, որքան էլ, որ պսպղան Օպերայի տարածքի գիշերային դիսկոտեկների գրանիտե սալիկները, որքան էլ դրանց գոյությունն ու Սայաթ-Նովայի փողոցի աղճատված տեսքը փորձեք մանեւրել եթերային բացատրություններով, իրականում ստիպված ենք արձանագրել, որ Երեւանում սկսվել եւ շարունակվում է գավառամտության հաղթարշավը։ Իսկ դրա պատճառը թերեւս այն է, որ ժամանակին ներկա չեք եղել Սայաթ-Նովայի փողոցի բացմանը, եւ Օպերայի հրապարակում էլ երբեւէ հեծանիվ չեք քշել։ ՄԱՅԻՍ ՎԱՆՈՅԱՆ