Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ՝ ՊՐԱՀԱՅՈՒՄ

Նոյեմբեր 22,2002 00:00

ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ՝ ՊՐԱՀԱՅՈՒՄ Ինչ է լինելու հետո Նոյեմբերի 21-22-ը Պրահայում կայանում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ակնկալվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ կորոշվի նաեւ Կենտրոնական Եվրոպայի 7 երկրների անդամակցության հարցը: Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Սլովակիայի եւ Սլովենիայի անդամակցումով, թերեւս, կավարտվի ՆԱՏՕ-ի ընդարձակման գործընթացը: Գործընթաց, որը կնպաստի Եվրոպայում դեմոկրատական բարեփոխումներին: Սակայն, օրինակ, ըստ բրիտանական «Ֆայնեյշնլ թայմս»-ի, մենք, փաստորեն, ՆԱՏՕ-ի «սպառման» ականատեսն ենք: Երկար տարիներ կոմունիստական իշխանությամբ ղեկավարված երկրների անդամակցումը ՆԱՏՕ – ին՝ ըստ էության, եվրոպական ընտանիքին ինտեգրվելու խորհրդանիշ է: Եվ դա է հենց Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու այդ երկրների գործադրած համառ ջանքերի պատճառը: Բայց զավեշտն այն է, որ թեկնածուները անդամակցելու են մի դաշինքի, որի հետագա գոյությունն իսկ արդեն մեծ հարցականի տակ է: Բանն այն է, որ Եվրոպայի անվտանգության, պաշտպանության հարցերով շուտով կսկսի զբաղվել Եվրամիությունը: ՆԱՏՕ-ն, անշուշտ, կգոյատեւի եւս մի տասը տարի: Սակայն այդ կազմակերպության գլխավոր կազմակերպիչն ու առաջատար անդամը՝ ԱՄՆ-ն, ակնհայտորեն թուլացրել է հետաքրքրությունը դաշինքի նկատմամբ: Արդյունքում՝ ռազմաքաղաքական այդ միավորումը կորցնում է իր աշխարհաքաղաքական նշանակությունը: Ու դրա պատճառները մի քանիսն են. Նախ՝ Եվրամիության հաջող զարգացումը նվազեցնում է մայրցամաքի ամերիկյան հովանավորության անհրաժեշտությունը: Եվրոպական տնտեսությունը ծավալով շատ աննշան է զիջում ամերիկյանին: Եվրամիությունն ամրապնդում է կոլեկտիվ անվտանգության եւ պաշտպանության քաղաքականությունը, ընդարձակվում է դեպի Արեւելք: Իսկ դեմոկրատական բարեփոխումների ուղիով ընթացող Ռուսաստանն էլ այլեւս չի դիտվում իբրեւ հավանական «սպառնալիք»: Երկրորդ՝ Եվրոպայի եւ ԱՄՆ -ի միջեւ խորանում են քաղաքական տարաձայնությունները: Վաշինգթոնն ավելի ու ավելի քիչ է հաշվի առնում եվրոպական մայրաքաղաքների տեսակետը: Իսկ դա վրդովեցնում է եվրոպացիներին: ԱՄՆ-ն էլ իր հերթին հիասթափված է Եվրամիությունից հաճախակի հնչող հակաամերիկյան շեշտադրումներից, որը ուժգնանալու միտում ունի: Եվրոպայի՝ ռազմական առումով, համեմատաբար թույլ լինելու, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի քաղաքականությունից դժգոհության պատկերի վրա Վաշինգթոնը Եվրոպային սկսել է դիտարկել իբրեւ ոչ այնքան գործընկեր, որքան՝ բեռ: Եվ երրորդ՝ ԱՄՆ -ի ուշադրությունն այժմ կենտրոնանում է ոչ այնքան Եվրոպային, այլ աշխարհի ուրիշ երկրների ու տարածաշրջանների վրա (Աֆղանստան, Իրաք, Մերձավոր Արեւելք, Արեւելյան Ասիա): Այդ երկրներն ու տարածաշրջանները ներկայումս Վաշինգթոնի համար ավելի առաջնային են: Այլ խոսքով, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական սերտ համագործակցությունն ավարտվում է: Եվրոպայի անվտանգությունը դառնում է եվրոպացիների խնդիրը: Իսկ Կենտրոնական Եվրոպայի երկրներն էլ, որոնք շուտով անդամակցելով ՆԱՏՕ -ին՝ ԱՄՆ -ի հովանավորության ակնկալիքով, փաստորեն դառնալու են, ըստ էության, ավելի շատ եվրոպական կազմակերպության անդամ: Պրահայում հնչելիք հայտարարություններում շատ կխոսվի Հյուսիսատլանտյան դաշինքի նորացման մասին: Բայց, իրականում, ՆԱՏՕ -ի «վախճանի» հետաձգումը կլինի Պրահայի գագաթաժողովի գլխավոր ձեռքբերումը: Զ. ԱՀԱՐՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել