Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԵՐԱԶՄ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ

Նոյեմբեր 22,2002 00:00

ՊԱՏԵՐԱԶՄ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ «Եթե առաջիկա 6 ամիսներին թուրքական կառավարությունը չկատարի մեր պահանջները, մեր ժողովուրդը կսկսի պատերազմ»,- երեկ լրագրողներին հայտարարեց Քուրդիստանի ազատության եւ ժողովրդավարության վեհաժողովի (ՔԱԺՎ) հայաստանյան ներկայացուցիչ Մզգին Շադին։ Երիտասարդ կնոջ մարտական տրամադրության հիմքում չէր կարող չլինել իր կազմակերպության արդեն ընդունած որոշումը, եւ այդ հայտարարությունը պահի տրամադրության արդյունք չէր։ Դատելով մեր հարցի (ովքե՞ր են հավանական ռազմական դաշնակիցները) պատասխանից, քրդերը երկար նախապատրաստվել են հնարավոր պատերազմին։ «Մենք ակնկալում ենք միայն բոլոր ժողովրդավարական երկրների բարոյական աջակցությունը, իսկ պատերազմելու համար մեր ժողովրդի հնարավորությունները լիուլի բավարարում են»,- ասաց Մզգին Շադին։ Նրա տվյալներով, այժմ էլ «ոտքի ելնելուն» պատրաստ են մոլորակի բնակիչ 40 մլն քրդերը՝ 7 տարեկանից սկսած։ Հնարավոր պատերազմական գործողությունների օջախը Թուրքիայի տարածքն է, բայց «դրան կմասնակցի ողջ աշխարհը, քանի որ մեր ժողովուրդը սփռված է աշխարհով մեկ»։ Քուրդ ժողովրդի «դանակը ոսկորին է հասել», որովհետեւ վերջին 30 տարում թուրքական կառավարությունը վարում է քրդերի բնաջնջման բացահայտ քաղաքականություն, օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները։ Իրենց առաջնորդ Ապոյի (Աբդուլլահ Օջալան) բանտարկությունն էլ դիտվում է որպես «միջազգային դավադրություն ազատ կամք դրսեւորած քուրդ ժողովրդի նկատմամբ»։ Նպատակն էլ պարզ է՝ վերացնել հավասարություն եւ ժողովրդավարություն պահանջող քրդերի ընդվզումը։ Վերջին ամիսներին Ապոյի կենսապայմաններն ավելի են վատացել, նրան զրկել են նաեւ փաստաբանների հետ հանդիպելու իրավունքից, ինչն էլ հարուցել է քրդերի շարժումը գլխավորողների զայրույթն ու նրանց մղել «ուլտիմատումի»։ «Պատերազմը մեր նպատակը չէ, սեփական տարածքի պահանջ առայժմ նույնպես չենք դրել, մենք ուզում ենք, որ մեր Առաջնորդի պահանջները հարգեն եւ կարգավորեն քրդերի՝ ժողովրդավարության ու հավասարության սկզբունքով ապրելու խնդիրը»,- ասաց բանախոսը։ Նրա կարծիքով, քրդերին հալածելու գործում Թուրքիային աջակցում են Ամերիկան, Անգլիան, Գերմանիան, Իսրայելը եւ մի շարք այլ երկրներ։ «Բայց քրդերի հիմնահարցը Թուրքիայի դարավոր ներքին հարցն է եւ արտաքին ոչ մի ուժ չի կարող դա լուծել»,- համոզված է Մզգին Շադին։ Դրա համար ՔԱԺՎ ներկայացուցիչը նախազգուշացրեց. «Թուրքիան հիմա հրդեհի մեջ է, ու թող ոչ մեկը չփորձի ձեռքերն այրել այդ կրակով»։ Պետք է ենթադրել, Թուրքիայում քրդերն (անկախ բողոքից) այնքան հնարավորություն ունեն, որ կարող են նույնիսկ կառավարություն փոխել։ Այդպես հասկացանք Մզգին Շադիի այն հայտարարությունը, թե «նախկին կառավարությունը, որը կազմված էր Ազգայնական շարժման եւ Ձախ ժողովրդավարական կուսակցություններից, փտեց ու դուրս մղվեց ասպարեզից, ու եթե նոր կառավարությունն էլ շարունակի քրդերի բնաջնջման քաղաքականությունը՝ կարժանանա նախորդի ճակատագրին»։ Թե ինչպե՞ս՝ չպարզաբանվեց։ Քուրդիստանի ազատության եւ ժողովրդավարության վեհաժողովի Ընդհանուր ղեկավար խորհուրդն այժմ բոլոր երկրներում ակտիվ քարոզչական աշխատանք է տանում։ Ամենուրեք տարածվում է նաեւ խորհրդի «ուլտիմատումը». «Այս կառավարությանը մենք վեց ամսվա ընթացքում կողմնորոշվելու հնարավորություն ենք ընձեռելու։ Առաջիկա 3 ամիսներին պետք է կառավարության օրակարգ մտցվի մեր Առաջնորդի դրության հարցը, վեց ամիսների շառավղով էլ պետք է մյուս բոլոր խնդիրների լուծման նպատակով գործնական քայլեր ձեռնարկվեն։ Հակառակ դեպքում, պատերազմ վերսկսելու միջոցներ են դրվելու գործողության մեջ, եւ տապալվելու է նոր կառավարությունը»։ Գրավոր կոչում նաեւ նշվում էր, որ «մենք՝ Հայաստանի եւ ամբողջ Կովկասի քրդերս նույնպես մեր բանականության ու սրտի ամբողջ զորությամբ հետեւողականորեն կանգնած ենք մեր Առաջնորդի պաշտպանության դիրքերում»։ Ի դեպ, վերջերս Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվեց լրագրող Մուրադ Բոջոլյանի դեմ դատավարությունը։ Քուրդ լրագրողը մեղադրվում էր լրտեսության մեջ՝ նա Հայաստանից պարբերաբար նյութեր է տրամադրել թուրքական իշխանություններին։ Մեր այն հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում այս գործին քրդերի տեղական եւ միջազգային կազմակերպությունները, Մզգին Շադին պատասխանեց. «Տեղեկություն չունենք, դրանով չենք հետաքրքրվում եւ վերաբերմունք էլ չունենք»։ Ասենք, որ որպես վկաներ գրանցված, բայց դատավարության չներկայացած Մահսում Ալին, Յուսուֆ Հարֆին եւ Մոհամմադ Ռամազանը հանդիսանում են Քրդերի բանվորական կազմակերպության անդամներ, նույն այն կազմակերպության, որն այսօր վերանվանվել է Քուրդիստանի ազատության եւ ժողովրդավարության վեհաժողովի, եւ որի ներկայացուցիչն էլ վարում էր հրավիրված ասուլիսը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել