Լրահոս
Օրվա լրահոսը

«Թաղապետարանը վաճառում է ուրիշի սեփականությունը»

Նոյեմբեր 22,2002 00:00

«Թաղապետարանը վաճառում է ուրիշի սեփականությունը» «Տեղական ինքնակառավարման մարմինները շենքերի ընդհանուր տարածքները, որ չունեն անձնավորված սեփականատերեր, ավանդաբար շարունակում են համարել համայնքային սեփականություն, որը պետք է տնօրինի թաղապետարանը»,- ասում է Համատիրությունների նախագահների ընկերակցության նախագահ Արամ Գրիգորյանը։ «Իսկ բնակչությունը հիմնականում իրազեկ չէ գործող օրենքներին կամ էլ ավանդաբար համարում է, որ այն, ինչ ընդհանուր է՝ ոչ մեկինը չէ եւ տեր չի կանգնում իր սեփականությանը»։ Ա. Գրիգորյանը եւ ընկերակցության իրավական ու տնտեսական հարցերով խորհրդական Յուրա Աղասյանը իրենց այս մտահոգությունը հայտնեցին բնակֆոնդի ապապետականացման եւ սեփականաշնորհման արդյունքում ստեղծված վիճակի առնչությամբ։ Նրանց խոսքերով, երբ բնակիչներին սեփականաշնորհվեց սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանները, բազմաբնակարան շենքերում բնակարանից դուրս գույքի եւ տարածքների վերաբերյալ խնդիր առաջացավ. «Այդ հարցը բաց էր մնացել։ Այսինքն, բնակարանից դուրս գտնվող գույքի (շենքերի տանիքներ, միջանցքներ, նկուղներ) նկատմամբ սեփականության իրավունք չէր սահմանվել։ Սակայն 1999-ից սեփականության այդ մասը դարձավ ընդհանուր բաժնային եւ տրվեց բնակիչներին»։ Վերջիններս ասվածը հիմնավորեցին Քաղաքացիական օրենսգրքի 224 հոդվածով։ Այնուհետեւ նրանք մատնանշեցին նույն դրույթը՝ ամրագրված 2002-ին ընդունված ՀՀ «բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում, որի հոդված վեցն ավելի է մանրամասնում ընդհանուր սեփականության հասկացությունը. «Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը, նկուղները, ձեղնահարկերը, տեխնիկական հարկերը, տանիքը եւ այլ տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն»։ Ըստ խորհրդականի, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքների որեւէ մասի առանձնացումը եւ նրա օտարումը կարող է իրականացվել միայն բոլոր սեփականատերերի ընդհանուր որոշմամբ եւ բոլորի համաձայնությամբ։ Բայց իրականում, ըստ պրն Աղասյանի, այսօրվա թերթերում հաճախ ենք կարդում հայտարարություն այն մասին, թե այսինչ թաղապետարանը հայտարարում է այսինչ տարածքների աճուրդով վաճառք եւ ներկայացվում է բազմաբնակարան շենքերում ազատ տարածքների ցուցակ՝ նկուղներ եւ այլն։ «Բայց չէ՞ որ այդ տարածքներն ունեն օրենքով սահմանված սեփականատեր՝ տվյալ շենքի բնակիչները։ Իսկ թաղապետարանը կարծես թե որեւէ առնչություն չունի այդ սեփականության հետ։ Ստացվում է, որ թաղապետարանը աճուրդով վաճառում է ուրիշի սեփականությո՞ւնը»։ Ա. Գրիգորյանը եւ Յ. Աղասյանը երեւույթը թյուրիմացություն համարեցին եւ դրանից խուսափելու համար գտնում են, որ առաջին հերթին հարկավոր է նշված օրենքների վերաբերյալ իրազեկել թե՛ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ թե՛ բնակչությանը։ Նրանց կարծիքով, տեղական ինքնակառավարման մարմինների համար խնդիրը հեշտությամբ կլուծվի՝ սեմինարների կամ մեկնաբանող հրահանգների միջոցով։ Սակայն այլ է խնդիրը բնակչության պարագայում. «Չնայած վերը նշված օրենքներով ամրագրված է այդ սեփականության իրավունքը, այսօր շենքի շինության սեփականատերը չունի ընդհանուր սեփականության իր բաժնեմասը հաստատող օրենքով նախատեսված փաստաթուղթ, այն է՝ սեփականության վկայական։ Ըստ երեւույթին, սեփականությունը գրանցող մարմինը՝ Անշարժ գույքի կադաստրի վարչությունը պետք է մշակի եւ գործողության մեջ դնի համապատասխան մեխանիզմներ եւ ձեւեր»։ Հաշվի առնելով ընդհանուր բաժնային սեփականության սպեցիֆիկ բնույթը, անշարժ գույքի, հատկապես ընդհանուր տարածքների ոլորտում խնդիրը բարձրացնողներն անհրաժեշտ համարեցին ունենալ համապատասխան կազմակերպչական ձեւ ու կառույց՝ այն տնօրինելու եւ օգտագործելու համար։ Նրանց կարծիքով, այդպիսի կառույց այսօր կա՝ համատիրությունները. «պարզապես հարկավոր է լայնացնել այն շրջանակները, որ սահմանված են համատիրությունների համար ՀՀ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում որպես շենքի պահպանման պարտադիր նորմերը ապահովող կառավարման մարմին եւ ընդունել համատիրության ավելի լայն՝ համայնքային գործառույթ։ Համատիրությունները հանդիսանում են այն միակ կառույցը, որ լինելով համայնքային կազմակերպություն, կարող են եւ պետք է ապահովեն բազմաբնակարան շենքերի շինությունների սեփականատերերի իրազեկումը նրանց օրինական սեփականության մասին, ինչպես նաեւ պաշտպանեն այդ իրավունքները համապատասխան ատյաններում»։ Ա. Գրիգորյանը եւ Յ. Աղասյանը հավելեցին նաեւ, որ համատիրությունները, որպես տեղական ինքնակառավարման համակարգի սկզբնական օղակ, ունեն եւս մի առաքելություն՝ ապահովել կապը տեղական ինքնակառավարման մարմինների եւ բնակչության միջեւ, սեփականության իրավունքին վերաբերող եւ այլ համայնքային նշանակություն ունեցող հարցերում կարգավորել նրանց հարաբերությունները։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել