Լրահոս
Օրվա լրահոսը

Ականը պայթե՞ց

Նոյեմբեր 22,2002 00:00

Ականը պայթե՞ց Երեկ «Սոցիալիստական Հայաստանի» համագումարում Արտաշես Գեղամյանը հայտարարեց «Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինք» ստեղծելու մասին՝ ակնարկելով, թե այն չի սահմանափակվելու դաշինքին մաս կազմող 8 կուսակցություններով եւ միավորելու են նաեւ այլ ուժերի. «Մեր այս դաշինքը ստեղծվել է, որ փրկի երկիրը: Մեր այս դաշինքը ստեղծվել է, որ հաղթանակի այն արարիչ գործը, որ սկսել էին երջանկահիշատակ Ազգային հերոսներ Կարեն Դեմիրճյանը ու Վազգեն Սարգսյանը»: Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը չթաքցրեց, թե տեղյակ չէր այս նախաձեռնությանը: Թեեւ ասաց, որ լավ է տրամադրված դաշինքի հանդեպ՝ այն «քայլ առաջ» է: Հայտարարությունը լիակատար անակնկալ էր «16»-ի նաեւ այլ կուսակցությունների համար: Այնուամենայնիվ, ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանն ու ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը հրապարակավ ողջունեցին դրա ստեղծումը: «Ըստ էության, դա «16»-ի միավորման շրջանակներում ձախ կողմնորոշում ունեցող կուսակցությունների ավելի սերտ միավորում է,- ասաց պրն Քոչարյանը:- Բայց դրանից չպետք է պառակտվի «16»-ը, որովհետեւ այսօրվա խնդիրն այն է, որ «16»-ը ե՛ւ ձախ, ե՛ւ աջ թեւով կարողանա հանդես գալ միասնաբար, քանի որ իշխանափոխության երաշխիքը դա է»: «ՍՀ» ներկայացուցիչ Աշոտ Մանուչարյանը նշեց, թե դաշինքը գործելու է «16»-ի շրջանակում: Այդ միավորման նախագահի թեկնածու Գառնիկ Մարգարյանը եւս վստահեցրեց, թե «սա «16»-ի ամրացման սկիզբ է եւ ոչ թե պառակտման»: «Ազգային միաբանության» ղեկավարը մեր հարցին, թե գործելու՞ են «16»-ի շրջանակում, պատասխանեց. «16»-ի կազմից սերվել է այս դաշինքը: Եվ անշուշտ շարունակելու է աշխատանքներն այդ շրջանակում»: Իսկ ինչո՞ւ ընտրվեց այս ձեւը եւ դաշնակիցները նախապես չտեղեկացվեցին՝ ի պատասխան պրն Գեղամյանը նախ ասաց. «Այդ հարցերը դրված էին մեր հարգարժան Գառնիկ Մարգարյանի վրա: Ինքն էլ լինելով կարգապահ գնդապետ՝ համոզված եմ, որ ժամանակին բոլոր անհրաժեշտ հարցերի մասին իրազեկել է մեր գործընկերներին», իսկ հետո էլ նշեց, թե ցանկացել են «դուրեկան անակնկալ անել»: Ինքը՝ կարգապահ գնդապետը հայտնեց. «Կան մարդիկ, որոնք տեղյակ չեն, կան մարդիկ, ում հետ աշխատել ենք»: Արտաշես Գեղամյանն այնուամենայնիվ նշեց, թե սա անակնկալ չէր. «Այն, ինչ տեղի ունեցավ՝ ուրվագծված էր դեռ սեպտեմբերի 1-ին ստեղծված «16»-ի միավորման հայտարարագրում, ուր ասված էր՝ «միասնական ծրագրով եւ միասնական թեկնածուով»: Միասնական ծրագրի եզրերը 3 կուսակցությունների, այսինքն՝ «Սոցիալիստական Հայաստանի», ՀԿԿ-ի եւ «Ազգային միաբանության» միջեւ արդեն իսկ կան»: Այդ 3-ով էլ միասնական թեկնածո՞ւ են ներկայացնելու փետրվարի 19-ին՝ մեր այս հարցին պրն Գեղամյանն այսպես արձագանքեց. «Ժամանակը ցույց կտա»: Բաց մնաց այն հարցը, թե ինչո՞ւ էր էլ հարկավոր առաջադրել Վլադիմիր Դարբինյանին կամ Գառնիկ Մարգարյանին, երբ ակնհայտ է, թե ով է այս դաշինքի ֆավորիտը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել