Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ մասին են լռում խորհրդարանականները

Նոյեմբեր 22,2002 00:00

Ինչի՞ մասին են լռում խորհրդարանականները Հանրապետության նախագահն օրերս հայտարարեց, որ ինքը համագործակցում է «ՕԵ»-ի, ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի հետ, ենթադրաբար կարելի է հասկանալ, որ առաջիկա նախագահական ընտրություններում նախագահն իր հենարանը համարում է վերոհիշյալ կուսակցություններին։ Սակայն, ինչպես դիմությունն է մեղադրում ընդդիմությանը, թե վերջինիս շարքերում տարակարծություններ կան եւ չկա միասնականություն, նույնը կարելի է ասել նաեւ դիմության մասին։ Ակնհայտ է, որ Հանրապետականը եւ Դաշնակցությունը, «Օրինաց երկիրը» եւ ՀՀԿ-ն առանձնապես ջերմ զգացմունքներ չեն զգում միմյանց հանդեպ։ Ուրեմն չի՞ ստացվում, որ չափազանց խախուտ հենարան է իր համար ընտրել գործող նախագահը։ Այս ամենին հավելենք, որ հանրապետության առաջին նախագահի հնարավոր առաջադրման դեպքում իրոք որոշ քաղաքական ուժերի խաղաքարտերը բոլորովին կխառնվեն։ Լրագրողներին հետաքրքրում էր, թե առաջադրված անուններից որոնք կզբաղեցնեն համապատասխանաբար առաջին եւ երկրորդ տեղերը, ինչպես կդասավորվեն դիմության եւ ընդդիմության ներքին հարաբերությունները եւ այլն։ ԱԺ հերթական ճեպազրույցների ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, քաղաքական ուժերի ներկայացուցիչները խիստ հակոտնյա կարծիքներ հայտնեցին։ «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը, օրինակ, համարում է, որ. «ժողովրդի ատելության պայմաններում հազիվ մի քանի կուսակցություն ցանկություն են հայտնել իրեն (նկատի ունի գործող նախագահ Ռ. Քոչարյանին.- Մ. Ե.) պաշտպանել, նա հո միամիտ չի՞, նրանցից հրաժարվի, որտեղի՞ց պիտի ուրիշներին ճարի։ Իրար մեջ կպայքարեն՝ ով ավելի շատ է սիրում նախագահին։ Նա էլ կորոշի, թե այդ սիրո չափով ում ինչ խոստում տա»։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն առայժմ չուզեց կոնկրետացնել, թե առաջին երկու տեղերն արդեն հայտնի նախագահական թեկնածուներից որ քաղաքական գործիչները կզբաղեցնեն. «Այսօր ակնհայտ է, որ ընդդիմությունը, գոնե «16»-ի այս ֆորմատը, դեռ վերջնական եզրակացության չի եկել։ Ես չեմ կարծում, որ արդեն առաջադրվածների մեջ կան ակնհայտ ձայներ հավաքելու հնարավորություններ ունեցողներ, թե ինչ կլինի հետո… Գիտեք նաեւ, որ խոսվում է հանրապետության առաջին նախագահի հնարավոր առաջադրման մասին։ Իհարկե, մի քիչ տարօրինակ ձեւեր է ընդունում, հասարակական կազմակերպություններ, 27-30, արդեն հայտարարություններ են անում, Հայաստանում գրանցված 2000 եւ ավելի հասարակական կազմակերպություններից մամուլում հրապարակված այդ անունները, ի՞նչ ասեմ, լավ ճաշակի մասին չեն խոսում, առնվազն։ Եկեք սպասենք քիչ էլ։ Կլինեն կոնկրետ առաջադրումներ, շանսերը շատ ավելի հստակ կտարբերակվեն»։ Իսկ գործող նախագահի շանսե՞րը. «Ակնհայտորեն հանրապետության գործող նախագահն այսօր իր հնարավորություններով, իր վարկով շատ ավելին է, քան մինչ այսօր եղածները»։ Ինչպե՞ս են «ՕԵ»-ն, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն՝ որպես Ռոբերտ Քոչարյանի հենարաններ, հաղթահարելու իրենց միջեւ առկա տարաձայնությունները, մանավանդ, ՀՀ նախագահն արդեն հայտարարել է, որ վերը նշված կուսակցություններն են լինելու իր հենարանը։ Աղվան Վարդանյանը մասնավորեցրեց. «Նախ, հանրապետության նախագահը խոսել է այն կուսակցություններից, որոնց հետ ինքը համագործակցել է եւ համագործակցելու է։ Սատարելու մասին որոշումները կամ ոչ որոշումները կկայացնեն տվյալ կուսակցությունները։ Հաջորդը՝ բնական է, քաղաքական մրցակցություն կա, եւ յուրաքանչյուր կուսակցություն ձգտելու է առավելագույնս ներկայացված լինել պետական իշխանության մարմիններում։ Եվ այս մրցակցությունը շատ բնական է, նորմալ է, այստեղ արտառոց որեւէ բան չեմ տեսնում»։ Ըստ Աղվան Վարդանյանի, համագործակցության մի քանի աստիճաններ կարող են լինել։ Խորհրդարանական մեծամասնության ղեկավար, ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանն ասաց, որ վերը թվարկված կուսակցությունների (ՀՀԿ, ՀՅԴ, «ՕԵ») միջեւ համագործակցությունը տարիների պատմություն ունի, «բայց, միեւնույն ժամանակ, դա երբեք չի նշանակում, որ նախագահական ընտրություններից առաջ բոլոր դիմադիր կուսակցությունները պետք է լուծվեն մեկը մյուսի մեջ։ Եվ, այո, ինչո՞ւ չէ, կարծում եմ, քննարկումների ժամանակ կարող են սկզբունքային վեճեր առաջանալ, բայց գոնե մեկ խնդրում բացառված է, որ այդ երեք կուսակցությունները վիճելի հարց կունենան»։ Թե ո՞րն է այդ խնդիրը, պրն Սահակյանը սկզբում չմանրամասնեց, ի վերջո, ասաց. «նախագահի թեկնածություն եւ ընտրություններ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել