Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԴԱՊԵՏԻՆ ՈՉ ՈՔ ՉԷՐ ՃԱՆԱՉՈՒՄ

Նոյեմբեր 22,2002 00:00

ԳՆԴԱՊԵՏԻՆ ՈՉ ՈՔ ՉԷՐ ՃԱՆԱՉՈՒՄ «Սոցիալիստական Հայաստան» միավորման 1-ին միացյալ համագումարը սկսվեց «Սովետական ազատ երկիր Հայաստան» հիմնի հնչյուններով: Բեմում, միավորմանը մաս կազմող 6 կուսակցությունների դրոշների մեջ, աչքի էր զարնում Սովետական Հայաստանի դրոշը: Այս ամենն աչքի առջեւ ունենալով՝ բոլորովին այլ համատեքստում հնչեցին համագումարի բանաձեւի այն տողերը, թե «ազգանվեր ուժերով փոխարինելով այս իշխանություններին՝ մենք կիրականացնենք համակարգային փոփոխություններ, որոնք չորրորդ հանրապետության հիմքը կհանդիսանան»: Բանաձեւով նաեւ հաստատվեց, թե «Սոցիալիստական Հայաստանը» նախագահական ընտրություններում պաշտպանելու է գնդապետ Գառնիկ Մարգարյանին: Ներկա 463 պատվիրակների առջեւ իր ելույթում՝ «ՍՀ»-ի ուժերից մեկը՝ Հայաստանի կոմունիստների միության ղեկավար Իշխան Թովմասյանը, կանխատեսեց, որ համագումարին հետեւելիք մեկնաբանություններն այս են լինելու, թե հավաքվել էին ժողովրդին անհայտ մարդիկ եւ նախագահի թեկնածու առաջադրեցին նույնպես անհայտ մեկին: Եվ հակադարձեց. «Լավ է անհայտը (իրե՛նց անվանակոչումով, բայց մենք լա՛վ ենք իմանում Գառնիկ Մարգարյանի հայտնի լինելն իր ժողովրդին եւ նրա կատարած ծառայությունները), քան հայտնի լինի Ռոբերտ Քոչարյանին կամ նրան սատարող շատ մարդկանց նման»: Մեկ այլ գնդապետ՝ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության փոխնախագահ Լեւոն Գալստյանը հանրությանն իրենց թեկնածուի անհայտության խնդրին բացը լրացնելու համար սկսեց պատմել նրա կենսագրությունը: Իսկ երբ եկավ Գառնիկ Մարգարյանի՝ ծրագրային ելույթով հանդես գալու ժամանակը, հայտարարեց. «Նպատակը նա չէ, որ հեռացնենք Ռոբերտ Քոչարյանին: Ռեժի՛մն է փտած»: Նաեւ նշեց. «Մեր անցյալը, ներկան եւ ապագան պայմանավորված են Ռուսաստանով»: Ըստ նրա՝ այդ երկրի շնորհիվ Հայաստանը 1918-20-ի «փլատակներից բարձրացավ կոսմոս»: Լեւոն Գալստյանն ասել էր. «Երեւի ժամանակն է, որ բոլորս առանձին-առանձին կամ գուցե համագումարով մտածենք՝ ինչ է լինելու վերջը, ուր ենք մենք գնում, ինչ ենք մենք ուզում եւ ինչպես ենք ուզում, ինչ ենք անելու եւ ինչպես ենք անելու: «Ինչպես անելը» գիտենք: Իսկ «ինչ անելը» թողնում ենք մեր թեկնածուներին»: Այլք ներկայացրին «ինչ անել» հարցի սեփական պատասխանը: Ասենք, «ՍՀ»-ի քաղխորհրդի նախագահ Վարդան Խաչատրյանն այն հարցի առնչությամբ, թե ընդդիմությունը պիտի առաջադրի միասնական թեկնածու, ասաց. «Օբյեկտիվ լինենք՝ առաջադրել մեկ թեկնածու այս պահին՝ նշանակում է նրան դնել մեր իշխանությունների (որոնց բավականին լավ ենք ճանաչում՝ ազդեցության մեթոդների մեջ խտրականություն չեն դնում) ուղղակի հարվածի տակ: Դա նշանակում է ենթարկել տվյալ անձնավորությանը բազմաբնույթ ճնշումների, որոնք կարող են տալ որոշակի էֆեկտ»: Նկատենք, որ բավական խոցելի դատողություն է, եթե հաշվի առնենք, որ «անզեն աչքով» իսկ զատելի են նախագահի հիմնական թեկնածուները երկրորդականներից եւ, ասենք, Գառնիկ Մարգարյանի նկատմամբ դժվար թե լինի որեւէ ճնշում: Բացի այդ, եթե թեկնածուներն այնպիսի անձինք են, որոնց նկատմամբ ճնշումներով կարելի է հասնել որոշակի «էֆեկտի»՝ ավելի լավ է, նրանք չառաջադրվեն ընդհանրապես: «Միանշանակ երեւում է քաղաքացիական բախումների ուրվականը: Մեր իշխանությունը գնալու է նաեւ դրան: Մենք լուրջ հակառակորդի հետ գործ ունենք,- ասաց Վարդան Խաչատրյանը:- Չի կարելի այդ հակառակորդին առաջադրել մեկ թեկնածու այս պահին: Մեզ անհրաժեշտ է դիմադրության էկրա՜ն: Նրանք չպետք է կարողանան կենտրոնանալ: Ցավոք, ստիպված ենք խոսել այս տեխնոլոգիայի մասին, որովհետեւ հասարակական գիտակցության մեջ գնալով ավելի ու ավելի կայանում է, թե 16 կուսակցությունները չեն կարողանում գտնել լեզու»: Փաստորեն, այս միավորումը որդեգրել է իշխանություններին «շողուլից գցելու» մարտավարություն: Սակայն առավել էականը քաղաքացիական բախումների վերաբերյալ կանխատեսումն էր: Իսկ այդ ուրվականն ավելի տեսանելի դարձավ Ժիրայր Սեֆիլյանի ելույթից հետո: Նա դժգոհություն հայտնեց «16»-ի քայլերից. «Այս հերթական համագումարները նույնպես մեր կողմից լավ չեն նայվում: Մենք սպասում ենք ձեզնից շատ ավելի դրական քայլեր: Ժամանակ կորցնելու իրավունք չունենք: Բայց այսօր, չգիտեմ ինչու, քաղաքական գործունեության «պրոտոկոլային» ինչ-որ ձեւեր եք ընդունել «16»-դ: Մենք գտնում ենք, որ էս ուղին սխալ է»: Փոխարենն առաջարկեց, որ ավելի արագ որոշեն իրենց միասնական թեկնածուին, կառավարության կազմը, ԱԺ ղեկավարությունը. «Եվ դրանից հետո ոչ թե գնալ հերթական ընտրությունների, այլ գնալ այսօրվա իշխանություններին հեռացնելու: Այսօրվա իշխանությունների օրոք ընտրություններին մասնակցելը միամտություն է»: Իսկ թե ինչպես է առաջարկվում հեռացնել իշխանություններին՝ վկայում է Սեֆիլյանի այն զուգահեռը, թե նահատակներ ունենալը ոչ թե թուլացնում է, այլ հզորացնում: Ի դեպ, Ժիրայր Սեֆիլյանը, որ Շուշիի գումարտակի նախկին հրամանատարն է, առանձին անդրադարձավ գործող նախագահին. «Վերջին տարիների մեր էպոսը ոչ թե «Սասունցի Դավիթն» է, այլ «Քաջ Նազարը»՝ հանձին Ռոբերտ Քոչարյանի: Ինձ զարմացնում է մի հանգամանք, որ մինչ օրս պատերազմի մասնակից տղաներից ոչ ոք չի անդրադարձել, որ այդ մարդը «վոին» չի: Այդ մարդը պատերազմի հետ ոչ մի կապ չունի: Ես առաջին օրվանից մինչեւ վերջին օրը պատերազմում ներկա եմ գտնվել՝ էդ մարդուն ես չեմ տեսել ճակատում, էդ մարդուն չեմ տեսել հրամաններ արձակելիս եւ չեմ տեսել ոչ մի դաշտային հրամանատար, որն էդ մարդուն ենթարկվել է»: Աշոտ Մանուչարյանն էլ ելույթում նույնպես օգտագործեց զինվորական եզրաբանություն. «Պետք է ձեւավորվի մի բանակ, քանի որ երբ երկիրն օկուպացված վիճակում է, չի կարելի խոսել քաղաքական դաշինքների, քաղաքական միասնությունների մասին: Մենք ձեւավորում ենք բանա՛կ, եւ այն ազատագրելու է երկիրը: Եվ այդ բանակում լինելու է ռազմական, մարտական դրություն՝ մինչեւ վերջին օկուպանտի ո՛տքը չկտրվի այս երկրից»: Ու բոցավառ պատվիրեց. «Ես ուզում եմ, որ այս դահլիճից բոլորս հեռանանք միահամո՛ւռ, միասնակա՛ն՝ որպես մի մեծ բանակի մասնակիցներ՝ մի ջոկատ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել