Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳԻՉ ԵՆ ԵՂԵԼ

Նոյեմբեր 22,2002 00:00

ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳԻՉ ԵՆ ԵՂԵԼ Փաստում են դիտորդներն ու դիվանագետները 2002թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ՏԻՄ ընտրություններին հետեւող միջազգային կազմակերպությունների դիտորդները օրերս հստակեցրել են իրենց վերաբերմունքն այդ ընտրությունների «ազատ», «արդար» ու «թափանցիկ» լինել-չլինելու շուրջ: Ու եթե ընտրություններին հաջորդած առաջին օրերին ԵԽ դիտորդները հայտարարել էին, թե նախնական տվյալներով դրանք միջազգային նորմերին համապատասխան են ընթացել, ապա օրերս հայտնի դարձած մեկ այլ եզրակացությամբ հիշյալ ընտրություններում բազմաթիվ խախտումների փաստերը «տեղ են հասել»: ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի տարածած տեղեկությունները հաստատում են, որ ընտրական համակարգը Հայաստանում դեռեւս անկատար է, ինչը, առավել եւս առաջիկա ընտրությունների շեմին, մտահոգություն է առաջացրել նաեւ միջազգային հանրության շրջանում: Իսկ հոկտեմբերի 20-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ն զուսպ, բայցեւ ահազանգող եզրակացության է հանգել. «Ընտրությունների անցկացման համար որպես հիմք է ծառայել վերջերս փոփոխված ՀՀ Ընտրական օրենսգիրքը: Ընտրությունների անցկացման գործընթացում նկատվել է դրական տեղաշարժ նախորդ տարիների համեմատությամբ: Սակայն օրենսգրքի դրույթների կիրառումը, մասնավորապես որոշ ընթացակարգային հարցեր, մտահոգության առիթ են տվել քվեարկության ճշգրտության եւ թափանցիկության առնչությամբ: Միջազգային դիտորդների, տեղական դիտորդների եւ լրատվամիջոցներում հրապարակված հայտարարությունների համաձայն, ընտրական որոշ ընթացակարգեր բարեփոխման կարիք ունեն: Ներկայացված հիմնական խնդիրներն ինչ-որ կերպ առնչվել են ընտրացուցակների ճշգրտությանը: Մասնավորապես, բողոքներ են ներկայացվել հետեւյալի առնչությամբ. ցուցակներում մահացած անձանց անունների առկայություն եւ դրանց փոխարեն քվեարկության դեպքեր, քվեարկություն այն ընտրողների փոխարեն, ովքեր չեն կարողացել այցելել ընտրական տեղամասեր (օր.՝ վատառողջ անձինք), քվեարկություն երկրից բացակայող անձանց փոխարեն, խմբային քվեարկության դեպքեր, ընտրացուցակներում լրացուցիչ խումբ անուններ ավելացվելու դեպքեր, միեւնույն անձի կողմից բազմաթիվ անգամ քվեարկելու դեպքեր»: Ըստ այդմ՝ առաջարկվում է. «Ընտրացուցակները պետք է վերանայվեն եւ թարմացվեն՝ մինչ սպասվող ընտրությունները դրանք հնարավորինս ճշգրիտ դարձնելու նպատակով: Ընտրողների ինքնությունը պետք է ստուգել մինչեւ վերջիններիս կողմից քվեարկելը եւ քվեարկությունը պետք է կատարվի անձամբ այն ընտրողի կողմից, որի անունը գրանցված է ընտրացուցակում»: Հաջորդ դիտողությունն այն է, որ «ստորադաս հանձնաժողովների կողմից ներկայացված արձանագրություններն ու արդյունքների ամփոփումը չեն հրապարակվել վերադաս հանձնաժողովների կողմից» եւ առաջարկվել է. «ԸՕ-ում պետք է կատարել փոփոխություն՝ նախատեսելու վերադաս հանձնաժողովների կողմից ստորադաս հանձնաժողովների, ներառյալ՝ ՏԸՀ-ների կողմից ներկայացված մանրամասն արդյունքների հրապարակումը»: Հիշատակվել է նաեւ. «ՏԸՀ-ների մակարդակում նկատվել է ընտրական գործընթացի վարման հարցում վերապատրաստման եւ մասնագիտական գիտելիքների պակաս: Նշված հարցին պետք է անդրադառնալ նախագահական եւ ԱԺ ընտրությունների նախապատրաստման գործընթացում: Վստահված անձանց կողմից ընտրության օրվա ընթացակարգերը պահպանելը: Նկատվել են վստահված անձանց կողմից ՏԸՀ առանձին անդամների գործառույթներ իրականացնելու, նաեւ ընտրողների քվեարկության վրա ազդելու դեպքեր: Առաջարկություն. ԿԸՀ-ի որոշումը պետք է հստակ սահմանի ընտրության օրը վստահված անձանց լիազորությունները: Գրանցվել են նաեւ վստահված անձանց իրավունքների խախտման դեպքեր: Մասնավորապես, վերջիններս հնարավորություն չեն ունեցել հետեւել քվեարկության գործընթացի որոշ տարրերին, ինչպես օրինակ քվեաթերթիկների վավերականության ստուգման եւ դրանք հաշվարկելու գործընթացին: Առաջարկություն. անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ կանոնակարգեր (օր.՝ ԿԸՀ-ի ուղեցույցեր)՝ սահմանելու ոստիկանության, վստահված անձանց եւ ընտրական տեղամասում ներկա գտնվելու լիազորություն ունեցող անձանց դերը»: ԵԱՀԿ-ն ընդգծել է նաեւ ՆԳՆ-ի (ոստիկանության) անորոշ դերը քվեարկության օրը: Այդ իմաստով առաջարկվել է «ՀՀ Ընտրական օրենսգիրքը եւ ԿԸՀ-ի որոշումները պետք է ավելի հստակ կերպով սահմանեն ՆԳՆ-ի (ոստիկանության) անզեն ներկայացուցիչների դերը ՏԸՀ-ներում: Պետք է հստակ սահմանվի նաեւ «ՏԸԿ-ի տարածք» հասկացությունը»: Ի վերջո, «ընտրությունների հարցերով զբաղվող միջազգային աշխատանքային խմբի անդամները» դիմել են ԿԸՀ-ին, ընտրատարածքային եւ տեղամասային ԸՀ-ներին ու ՀՀ իշխանություններին՝ ձեռնարկել միջոցներ ժամանակին բարեփոխելու ընտրական ընթացակարգերը մինչ 2003թ. փետրվարի 19-ի նախագահական եւ 2003թ. մայիսի 25-ի խորհրդարանական ընտրությունների անցկացումը»: ՏԻՄ ընտրություններին վերաբերող այս դիտողություններն ու առաջարկությունները ներկայացվել են նաեւ ԱԺ-ին եւ կառավարության լիազոր մարմիններին՝ նկատի ունենալով, որ դրանց մի մասն օրենսդրական լուծում են պահանջում: Թե ինչպիսին է ՀՀ իշխանությունների, մասնավորապես՝ ԿԸՀ-ի արձագանքը՝ կփորձենք ներկայացնել առաջիկայում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել