Դիրիժորին լավ են ընդունել Վերջերս Կինոյի տանը կայացավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը ֆրանսիաբնակ հռչակավոր դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանի ղեկավարությամբ: Փեհլիվանյանների երաժշտական ընտանիքի իղձերն արդեն ի կատար են ածվել: Աշխարհահռչակ երգչուհի Արփինե Փեհլիվանյանի երազանքն էր իր զավակներին տեսնել բեմահարթակին՝ որպես իր ուղու շարունակողներ: Եվ այդպես էլ եղավ. դուստրը՝ Էլիզաբեթը, արդեն հանրահայտ երգչուհի է (սոպրանո), իսկ Ջորջը՝ դիրիժոր, որի համերգներն աշխարհի ցանկացած անկյունում անցնում են բացառիկ հաջողությամբ: Ջորջ Փեհլիվանյանը առաջին անգամ հայրենիք եկավ Հայաստանի համար ծանր տարիներին (1993) ու սիրեց իր նախնիների երկիրը որդիական սիրով, սիրեց եւ հայրենի Ֆիլհարմոնիկ նվագախումբն ու երաժիշտներին: Այս տարի գարնանն էր, որ Ջորջը եկավ Հայաստան, իր սիրելի Արամ Խաչատրյան համերգասրահում ղեկավարեց ՀՖՆ-ի համերգը։ Նա խոստացավ նորից գալ ու եկավ: Համերգի ծրագիրն ընտրված էր ճաշակով եւ մասնագիտորեն՝ Նիկոլայ Ռիմսկի172Կորսակովի 8220Մայիսյան գիշերի8221 նախերգանքը, Չայկովսկու Դաշնամուրի եւ նվագախմբի կոնցերտը (մենակատար՝ Արմեն Բաբախանյան), Յան Սիբելիուսի թիվ 2 սիմֆոնիան: Դիրիժորի բացարձակ վարպետությունը եւ անթերի տեխնիկան նոր շունչ եւ էներգիա հաղորդեցին նվագախմբին, դրական առումով անդրադառնալով նրա կատարողական մակարդակին: Դիրիժորը ցուցադրեց արդիական մտածելակերպ, որի շնորհիվ եւ նվագախումբը, եւ մենակատարը լիարժեք կարողացան մեկնաբանել ստեղծագործությունները: Միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Բաբախանյանի մենակատարմամբ Պյոտր Չայկովսկու դաշնամուրի կոնցերտը հնչեց ինքնատիպ, նոր հնչերանգներով ու մեկնաբանությամբ, դաշնակահարին հատուկ ներկապնակի գույներով, տեխնիկական հագեցվածության նուրբ արտահայտությամբ: Եթե նախկինում երաժշտի կատարումների մեջ զգացմունքայությունն էր գերիշխում, ապա այս կոնցերտում նա ներթափանցել է ռուս հանճարեղ կոմպոզիտորի փիլիսոփայության ակունքները: Հաստատուն եւ ներազդող էին ֆրազավորումն ու մտքի ամբողջական վառ պատկերումը: Այս առումով դիրիժորը եւ դաշնակահարը կարծես թե միասնություն էին կազմել, եւ նվագախումբ -մենակատար-դիրիժոր հարաբերությունը համահունչ ու ներդաշնակ էր, որի շնորհիվ էլ գերազանց հաջողությամբ ներկայացվեց Չայկովսկու դաշնամուրի եւ նվագախմբի կոնցերտը: Յան Սիբելիուսի Երկրորդ սիմֆոնիան Երեւանում ֆիլհարմոնիկի կատարմամբ հնչել էր դեռեւս Վալերի Գերգիեւի ղեկավարության տարիներին: Ջորջ Փեհլիվանյանը մեղմ ներկայացրեց կոմպոզիտորի սիմֆոնիայի բարդ աշխարհը: Այստեղ է, որ դիրիժորը մեծ վարպետությամբ արտահայտեց ֆինն երաժշտի բախումներով ու ողբերգություններով լի հոգեվիճակները, ուր ազգային մեղեդիները հաջորդում են միմյանց, արտահայտելով կոմպոզիտորի աշխարհայացքի սկզբունքները, ուր նրա կամքով ամեն ինչ ենթարկվում է երաժշտական տրամաբանության օրենքներին: Եվ շնորհիվ դիրիժորի պրոֆեսիոնալիզմի, այն ընկալում եւ յուրացնում է ամեն ոք, ով կարողանում է ունկնդրել սիմֆոնիկ երաժշտություն: Բուռն ծափահարությունները չէին դադարում՝ նորից ու նորից բեմ հրավիրելով մաեստրո Ջորջ Փեհլիվանյանին մեծ վերելքով ավարտված համերգից հետո, եւ հետաքրքրականն այն էր, որ Երեւանի կինոյի տան փոքրիկ ճեմասրահում երաժշտասերները՝ արվեստագետները, արտասահմանցի հյուրերը՝ գրկից գիրկ էին առնում օրվա հերոսին՝ Ջորջ Փեհլիվանյանին, իրենց շնորհակալությունը հայտնելով արտակարգ hամերգի համար: «Ես առաջին անգամ եմ հանդիպում նման՝ բարձրաճաշակ եւ պրոֆեսիոնալ դիրիժորի,- ասաց համերգին ներկա Անդրկովկասում Վատիկանի ներկայացուցիչը՝ կարդինալ Կլուդիո Գուջերոտտին,- պարզապես չեմ կարողանում արտահայտել իմ զգացմունքները, այն աստիճան տպավորիչ եւ ազդեցիկ էր կատարումը: Ես միայն կարող եմ շնորհավորել հայ ազգին, որ այսպիսի զավակներ ունի եւ այսպիսի մշակույթ»:8221 ՆԱՐԵԿ Վ.ԹՈՎՄԱՍՅԱՆ Արվեստագիտության թեկնածու